×


Սյուզաննա Մելքոնյանը՝ միակ մրցակցի, կուլիսային մթնոլորտի եւ երգի փոփոխության մասին

Սոչիում ընթացող «Նոր Ալիք 2017» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Էռնա Միրզոյանը եւ Սյուզաննա Մելքոնյանն առաջատարներից են։ Արդեն տեղի ունեցած երկու մրցութային օրերին Էռնան ստացել է 242 միավոր (ժյուրիի բոլոր անդամների կողմից 11 միավոր) եւ Ուզբեկստանը ներկայացնող Սարտոր Միլանոյի հետ կիսում է առաջին հորիզոնականը։

Սյուզաննա Մելքոնյանը՝ «Նոր Ալիք 2017»-ին


Սյուզաննան այս պահին 4-րդ տեղում է՝ 237 միավորով։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ մարտական է տրամադրված.«Մեր կատարած աշխատանքը պետք է ավարտին հասցնենք։ Լավ եմ տրամադրված, թեեւ կային որոշ բաներ, որ չէի սպասում, բայց կյանքը հետաքրքիր է, եւ հստակ չգիտենք, թե ինչ կպատահի»։

Նա իրեն մրցակից է համարում մեկ հոգու.«Ի սկզբանե ասել եմ, թե ով է ինձ համար միակ մրցակիցը. դեռ կիսաեզրափակիչ փուլից ամեն առումով ինձ մրցակից եմ համարում Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարտոր Միլանոյին: Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ ելույթներից, այստեղ տիրող գերպրոֆեսիոնալ վիճակն ինձ ոգեւորում է, որ ավելի լավ ներկայանամ։ Բնականաբար, ակնկալիքներ ունեմ, բայց ամեն ինչ այնքան անսպասելի է… Ամեն դեպքում մրցանակային տեղի մեծ ակնկալիք ունեմ»։

Սարտոր Միլանոն եւ Սյուզաննա Մելքոնյանը


Որպես Հայաստանի հիթ նա պետք է կատարեր Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ապրելու ապրիլ»-ը, սակայն երգել է Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը».«Խնդիրը կապված էր գործիքավորման հետ: Այդ պահին լուծելի հարց չէր, եւ երգը փոխվեց։ Մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինն ու գլխավոր կազմակերպիչներն առաջարկեցին, որ Բաբաջանյանի երգերից կատարեմ։ Քանի որ վերջին օրերին արդեն հնարավոր չէր նոր գործիքավորում անել, երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան զանգահարեց Իրինա Դուբցովային, բացատրեց իրավիճակը, նա էլ մեծ սիրով տրամադրեց «Քո հետքերը» երգի գործիքավորումը»։

Երկու մրցութային օրերից հետո երկու օր մասնակիցները հանգստանում ու պատրաստվում են վերջին՝ որոշիչ ելույթին։ Երեկ մասնակիցներն ու ռուսական շոու-բիզնեսի երգիչները ծովափնյա ֆուտբոլ են խաղացել.«Ծանրաբեռնվածությունը հոգեպես ու ֆիզիկապես այնքան շատ էր, որ լիցքաթափման հաճելի օր ունեցանք։ Ռուս աստղերի խումբը հաղթեց, չնայած՝ մեզ սատարում էին»։

Սյուզաննա Մելքոնյանը եւ «Նոր Ալիք 2017»-ի մասնակիցներից


Սյուզաննայի խոսքով՝ կուլիսներում հանգիստ ու խաղաղ մթնոլորտ է.«Նույնիսկ զարմացած եմ, ես այլ կերպ էի պատկերացնում։ Այս երկու շաբաթվա ընթացքում հասկացա, որ այստեղ արտիստները, բեմադրող ռեժիսորները, պրոդյուսերներն այնքան կայացած են, որ «կեղտոտ» լարված մթնոլորտ ստեղծելու խնդիր չունեն։ Մասնակիցներն էլ կիրթ ու հասուն են, հատկապես Ռուսաստանի մասնակիցները, որոնք հինգն են, անգամ ուշադրություն չեն դարձնում գնահատականներին, միայն հաճույք են ստանում»:

BRAVO.am
Լուսանկարները` Սյուզաննա Մելքոնյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին