×


Սոնա Շահգելդյանն ու Էրիկը տարվա լավագույններն են

Երեկ Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացել է “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ը, որի հյուրերն ու լավագույնների անվանակարգերում առաջադրվածներն անցել են կարմիր գորգի վրայով, լուսանկարվել, մասնակցել միջոցառմանը, իսկ տարվա ընթացքում իրենց լավագույնս դրսեւորածները՝  ստացել մրցանակները:):  

Տարվա Լավագույն երգչուհի Սոնա Շահգելդյանն ու տարվա լավագույն երգիչ Էրիկը


Ներկաների ուշադրությունն ի սկզբանե սեւեռված է եղել տարվա լավագույն երգչի եւ երգչուհու` Էրիկի եւ Սոնայի վրա, որոնք, տեղյակ լինելով, որ ներկայացված են նշված անվանակարգերում, սպասումով լի էին:

“Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ չեմ սպասում այս մրցանակային”,- նախքան լավագույնի տիտղոսին արժանանալը BRAVO.am-ին ասել է Սոնա Շահգելդյանն ու հավելել, որ համաձայն չէ “տարվա” բնորոշման հետ. “Ինձ համար կարեւորը երգչի ձայնն է, որ միայն մեկ տարում լավը չի լինում: Ես շատ եմ աշխատել ոչ միայն այս տարի, այլեւ՝  2010-ին: Չեմ ուզում թերագնահատել մյուսների կարողությունները, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք”:

Իվետա Մուկուչյանն ու սիրելին` Մարտուն Պողոսյանը


Էրիկն էլ է նշել, որ 2011-ին չի հիշում մեկ օր, որ աշխատած չլինի.“Բոլորը տեղյակ են այն ամենին, ինչ արել եմ նախորդ տարվա ընթացքում` մրցույթ, համերգներ, երգեր: Այսպես էլ կշարունակեմ անկախ նրանից` ինչ կլինի ժամեր անց. ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի կարծիքն է: Ամեն դեպքում ուրախ եմ գտնվել այստեղ”:

“Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի հատուկ հյուրերից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը հանձնել է տարվա լավագույն երգչուհու մրցանակը, մեզ հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել Երեւանում նման մասշտաբով միջոցառում կազմակերպվելու առիթով. “Իրականում ես ավելի շատ դասական երաժշտություն եմ սիրում, բայց ամեն օր լսում եմ նաեւ հայկական երգերն ու շատ ուրախ եմ, որ ունենք լավ երգիչ-երգչուհիներ”:

Արթուր Աբրահամը, Թաթա Սիմոնյանն ու Արման Հովհաննիսյանը


Սիրուշոն էլ BRAVO.am-ին ասել է, որ տեղյակ չէ` ովքեր են առաջադրվել տարվա լավագույն երգիչ եւ երգչուհի անվանակարգերում. “Ովքեր էլ հաղթեն, վստահ եմ, որ արժանի են լինելու, քանի որ մենք ունենք շատ լավ երգիչներ”:

“Տարվա լավագույն տեսահոլովակ” անվանակարգում  հաղթող է ճանաչվել  երգչուհու “I like it” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Սիրուշոն նշել է, որ չի մտածել մրցանակի մասին, այլ կենտրոնացել է ելույթի վրա, բայց յուրաքանչյուր մրցանակ իր համար հաճելի է. “Անհնարին պայմաններում ստեղծում ենք ինչ-որ բաներ, շատերին թվում է, թե շատ հեշտ է ստացվում, բայց չեն պատկերացնում, թե ինչ աշխատանք է տարվել: Եվ երբ դու տեսնում ես, որ մրցանակ ես ստացել, շատ հաճելի է”:

Սյուզին


Ի դեպ, այս տարի “Ազգային երաժշտական մրցանակաբաշխության” ժյուրիի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին  նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ BRAVO.am-ից, որոնք տարա ընթացքում շփում են ունեցել երգիչների հետ, ծանոթ են նրանց կատարած աշխատանքին: “Շեշտը դրել ենք նոմինանտների ընտրության վրա, դա համարել ամենակարեւորը”,-BRAVO.am-ին ասել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա փրոդաքշն” ընկերության նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Սիրուշոն


“Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի մրցանակներն ու հաղթողներին ներկայացնում ենք ստորեւ՝

"Տարվա լավագույն երգիչ" -Էրիկ

"Տարվա լավագույն երգչուհի" -
Սոնա Շահգելդյան

“Տարվա հայտնություն”
-  Նարինե Դովլաթյան

“Տարվա լավագույն ալբոմ” -“Fly”, (“Dorians”)

“Տարվա լավագույն դուետ” - Լիլիթ Հովհաննիսյան եւ Միհրան Ծառուկյան (“Ինչո՞ւ եմ քեզ սիրում”)

“Տարվա լավագույն տեսահոլովակ”
- “I Like It”  (Սիրուշո)

“Տարվա լավագույն սաունդթրեք”
- “Ալաբալանիցա”

“Տարվա լավագույն ռոք-խումբ”
- “The Beautified Project”

“Տարվա լավագույն ժողովրդական համույթ”
- Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ

“Դասական երաժշտության տարվա լավագույն նախագիծ” - “Շիլկունչիկ” , Չայկովսկի (Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ)

“Տարվա լավագույն ջազ նախագիծ”
- “Կատուներ”

“Տարվա լավագույն դասական ալբոմ”
- “Խմբերգեր”  (Էդգար Հովհաննիսյան)

Տարվա լավագույն ռադիոծրագիր
- “Time out” (Ռադիո Վան)

“Տարվա հիթ”  - “Կիլիկիա”

"Տարվա լավագույն ժողովրդական ալբոմ"- Գյուրջիեւ (Գյուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթ)

Նազենի Հովհաննիսյանը


 “Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012”-ի հատուկ մրցանակների են արժանացել Նարեկ Հախնազարյանը՝ որպես կատարողական արվեստի տարվա հայտնություն, ստամբուլահայ երգչուհի Սիբիլը՝  հայկական երաժշտությունը սփյուռքում ներկայացնելու համար:

Հիշատակի հատուկ մրցանակ է շնորհվել կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը ստացել է Արմեն Ամիրյանը` հայկական հեռուստատեսության 55 եւ ռադիոյի հիմնադրման 85-ամյակի առթիվ կազմակերպած համերգային ծրագրի համար, “Ամենախիզախ երգչուհի” տիտղոսը Նադեժդա Սարգսյանինն է:

Էմմին


Ազգային երաժշտական ժառանգությանը նորովի մոտեցման՝  “Կոմիտաս. եկել եմ” երաժշտական ներկայացման համար հատուկ մրցանակ է շնորհվել Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին: Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած “Հույսի նավակ” երգը: Հայաստանի մշակույթը Եվրոպայում ներկայացնելու համար հատու մրցանակ է ստացել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW