×


Սոնա Շահգելդյանն՝ իր նոր հոլովակի, ընկերների նվերի եւ շան կծածի մասին :)

Սոնա Շահգելդյանն այս օրերին զբաղված է իր նոր հոլովակի նկարահանումներով։ BRAVO.am-ը ներկա է եղել Զավեն Խաչիկյանի ստուդիայում ընթացող եռուզեռին, ներկայացնում ենք «բեքսթեյջ» լուսանկարները։

Սոնա Շահգելդյանը


Երգը կոչվում է «Քեզ եմ սիրել», երաժշտության հեղինակը Լիանա Անդրիասյանն է, խոսքերինը՝ Արտակ Համբարձումյանը.«Սիրո մասին լիրիկական երգը շատերին հարազատ կթվա։ Երջանկահիշատակ Արտակի բանաստեղծությունները շատ խորն են, սա նրա խոսքերով երկրորդ երգն է, որ կատարում եմ։ Այս երգը վաղուց է գրվել, ինձ համար մնայուն ու արժեքավոր է, առաջին հայացքից բարդ, բայց հիշվող է։ Դասականին մոտ սոուլ ոճի երգ է, շատ եմ հավանում ու սրտանց եմ երգում»,-նշել է երգչուհին։

Հոլովակում Սոնան կլինի երկու զգեստով, նրանից բացի, նկարահանվել է նաեւ պարող զույգ։ Զգեստների ոճաբանը Սվետլանա Բեգոյանն է, վարսահարդարը՝ Նանո Ջուլհակյանը, դիմահարդարը՝ Լիանա Այվազյանը.«Սոնայի հետ շատ ուրախ է անցնում, միշտ կատակներ է անում։ Նա լսում է մեր մասնագիտական խորհուրդները, կամակոր չէ»,-սանրվածքն անելուց հետո մեզ հետ զրույցում ասել է Նանո Ջուլհակյանը։

Սոնա Շահգելդյանի «Քեզ եմ սիրել» տեսահոլովակի նկարահանումներին


«Քեզ եմ սիրել» տեսահոլովակի օպերատորն ու ռեժիսորը Վազգեն Մուրադյանն է, ով նաեւ նկարահանել է Սոնայի «Վոկալիզը». «Ռեժիսորական լուծումները մտածել ենք պարողների հետ։ Հոլովակը կլինի մինիմալիստական՝ գրաֆիկական լուծումներով։ Մեկ ամսից պատրաստ կլինի։ Կարելի է ասել` այս երգը, հոլովակը, զգեստներն ընկերներս ինձ նվեր են արել։ Լիանան իր գրած երգերն ինձ միշտ նվիրում է, չի վաճառում, թեպետ դա իր աշխատանքն է»։ 

Ի դեպ, նկարահանումների ընթացքում երգչուհին փորձում էր իր թեւի սպին թաքցնել, ինչպես պարզվեց՝ իր շունն է կծել.«Հիլդուկիս արդեն 9 տարի պահում եմ, անբացատրելի կապված ենք։ Հիլդուկը խանդող ու կծան շուն է, չի սիրում, որ ինձ կպնում ու ձեռք են տալիս, խանդից կծեց։ Մեր տան հյուրերը գիտեն, որ կարող է մեկին չհավանի ու կծի, բայց հասկացող շուն է, երեխայիս վնաս չի տալիս։ Շատ եմ սիրում Հիլդուկիս ու բոլոր շներին»։

Սոնա Շահգելդյանի «Քեզ եմ սիրել» տեսահոլովակի նկարահանումներին


Իսկ 5 ամսական որդու մասին խոսելիս Սոնան հայտնել է, որ Արթուրը լավ լսողություն ունի.«Ինձ համար զարմանալի էր, որ երկու ամսականից լսողությամբ ձայներ է հանում. երբ կերակրում եմ, օրորոցային երգեր եմ միացնում, ուշադիր լսում է ու կրկնում։ Առանց դադարի աշխատում եմ, երեխային մեծ մասամբ մամաս է խնամում, առանց նրա ոչինչ չէի հասցնի։ Տղաս արտաքնապես նման է հայրիկին, շատ ժպտերես է, կարեւորը` լացկան չէ»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին