×


Սոնա Ռուբենյան.«Միեւնույն է` հետո կարոտում ես…»

Ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում Սոնա Ռուբենյանն ընթերցասեր երիտասարդների հետ երեկ քննարկում էր Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը: Զրույցի սկզբում երգչուհին դիմեց ներկաների օգնությանն՝  ասելով, որ առաջին անգամ է նման ձեւաչափի միջոցառման  մասնակցում:

Սոնա Ռուբենյանը


Ժամանակին արգելված գրականության ցուցակում ընդգրկված վեպը Սոնան կարդացել է մեծ հետաքրքրությամբ. «Երբ Մանուկն ասաց, որ Ջոն Լենոնին սպանելուց առաջ մարդասպանը նրան այս գիրքն է նվիրել, այն ինձ շատ հետաքրքրեց: Մի հատված կա, երբ գլխավոր հերոսուհին նշում է` իրեն այն գրքերն են հետաքրքրում, որոնք ընթերցելիս ցանկություն է ունենում, որ հեղինակն ընկերը լինի, ում կզանգահարի եւ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: Ես էլ կցանկանայի, որ Սելինջերն ընկերս լիներ: Կուզեի հասկանալ, թե նա ինչ է մտածել եւ ինչից է ոգեշնչվել գրելիս»:

Երգչուհին հայտնեց, որ վեպն իրեն հոգեհարազատ է, ինքն ու գլխավոր հերոսն էլ մի շարք ընդհանրություններ ունեն.«Օրինակ` նա նկարագրում է, որ իր սիրած աղջիկը շախմատ խաղալիս թագավորները փակ է պահում, ես էլ եմ այդպես խաղում:)»:

Նա համակարծիք է հեղինակի այն մտքին, որ մարդկանց հետ լավ հարաբերություններ ունենալու համար հարկավոր է փոքր-ինչ կեղծավոր լինել. «Մի շտկում` պետք չէ կեղծավոր լինել, ուղղակի պետք չէ ամբողջությամբ բացվել մարդկանց առջեւ»:

Սոնա Ռուբենյանը


Երգչուհուն անտարբեր չեն թողել հատկապես այն տողերը, երբ հերոսն ասում է, թե զզվում է այն մարդկանցից, ովքեր ծափահարում են երաժիշտներին.«Խոսքն ուղղված է ցուցամոլներին, ովքեր ամեն պահ ցույց են տալիս, որ իրենք տաղանդավոր են: Վեպն այսօր էլ արդիական է, քանի որ հիմա էլ ականատես ենք լինում, թե մարդիկ ինչպես են անհարկի ծափահարում»:

Սոնան նշեց` դեռ պետք է բացահայտի վեպի գաղտնիքները.«Այժմ միայն դրական կողմերն եմ տեսել: Պահեր կային, որ բարձրաձայն ծիծաղել եմ, նաեւ հասկացել եմ, որ կյանքը չի փոխվում, պարզապես մարդիկ հարմարվում են»:

Գիրքն ընթերցելիս երգչուհին առանձնացրել է հետաքրքիր մի շարք մտքեր.«Շատ կարեւորեցի այն հատվածը, երբ հերոսն ասում է` ոչ ոքի ոչինչ մի պատմեք, որովհետեւ կսկսեք կարոտել ձեր պատմածը: Ինձ համար այս տողերն ամենահուզիչն էին. հասկացա` իրոք այդպես է, եւ կապ չունի` սիրում ես այն, ինչ պատմում ես, թե զզվում, միեւնույն է` պատմելուց հետո կարոտում ես»:

Միջոցառման մասնակիցները


Հարցին` որ ստեղծագործությունն է իր ամենասիրելին, Սոնան դժվարացավ պատասխանել` ասելով.«Չէի ցանկանա կարդացածս գրքերից մեկն առանձնացնել, բայց հարցն էլ չեմ ուզում անպատասխան թողնել` Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամը»»:

Նշենք, որ սրահը բազմամարդ էր, երիտասարդները, մեկը մյուսին հերթ չտալով, իրենց հարցերն էին հղում Սոնային: Քննարկմանը ներկա էր նաեւ երգչուհու մայրը, ով նույնպես ակտիվ մասնակցում էր, իր կարծիքը հայտնում, համաձայնում կամ հակադարձում դստերը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին