×


Սոնա Ռուբենյանի ռոմանսն ու Աստղիկ Սաֆարյանի հուզմունքը

Տեսահոլովակների ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին երեկ ներկայացրել է իր երկու նոր աշխատանքները։ Կայացել է Աստղիկ Սաֆարյանի “Որբուկ” եւ Սոնա Ռուբենյանի “Ռոմանս” երգերի տեսահոլովակների, ինչպես նաեւ երգերի խոսքերի հեղինակ Լաուրա Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուում զետեղված են նրա չափածո մտքերը սիրո, կարոտի, հայրենասիրության, կորստի, երախտագիտության եւ այլ թեմաների շուրջ։

Աստղիկ Սաֆարյանը, Լաուրա Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը եւ Արմեն Փիրիմասիհին


Հանդիսավարներ Անահիտ Կիրակոսյանն ու Սուրեն Առուստամյանը ընթերցել հեղինակի բանաստեղծություններից.“Երեկոն ոչ միայն համեմված է Լաուրայի բանաստեղծություններով, այլ նաեւ նրա մտքերից ստեղծված երգերով, որոնք ներկայացվում են տեսահոլովակներով”,-նշել են նրանք:

Շնորհանդեսին ելույթ են ունեցել ոչ միայն երգչուհիները, այլեւ թավջութակահար Ալեքս Միրզոյանը եւ երգիչ Արծրուն Խանգելդյանը, որի երգի խոսքերի հեղինակը եւս Լաուրա Հովհաննիսյանն է։

Առաջինը ցուցադրվել է Սոնա Ռուբենյանի “Ռոմանս” տեսահոլովակը.“Երբ Լաուրան առաջարկեց կատարել, նրա մտքում երաժշտությունն արդեն ծնվել էր։ Այնուհետեւ Նիկ Էգիբյանը փոփոխեց ու գործիքավորեց։ Երգի մեջ այնպիսի մի բան կար, որ ինձ գրավեց: Որոշ չափով նախորդ երգի՝ “Աշնան սերենադ”-ի տրամադրությունն ու շարունակությունն է”։

Ալեքս Միրզոյանը, Սուրեն Առուստամյանը եւ Անահիտ Կիրակոսյանը


Սոնան BRAVO.am-ին հայտնել է, որ տեսահոլովակի նկարահանման ընթացքին ներկա չի եղել.“Սյուժեն պատրաստ էր, Արմենը նկարահանել էր հերոսներին, երգի պատրաստ լինելուն պես մի քանի ժամում նկարեց իմ մասնակցությամբ կադրերը։ Կարծում եմ՝ կշարունակվի մեր համագործակցությունը, քանի որ արդեն նոր մտքեր կան”։

Աստղիկն էլ նշել է, որ “Որբուկ” երգն իր համար հերթական ու սովորական չէ.“Երբ Լաուրան ուղարկեց տեքստը, իսկապես հուզվեցի։ Երբեք համարձակությունս չի ներել գրել ծնողազուրկ երեխաների մասին, բայց շատ արագ գրեցի երաժշտությունը։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանձնելու հեռուստադիտողի դատին: Հուսով եմ` դիտելուց հետո մարդիկ ավելի բարյացակամ ու դրական վերաբերմունք կունենան նման երեխաների նկատմամբ։ Պիտի չթողնենք, որ երեխաներն, ունենալով դժվարություններ, կյանքի հանդեպ չարանան”։

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհու խոսքով՝  տեսահոլովակով չի սահմանափակվի եւ կհանդիպի երեխաների հետ.“Սոցիալական հաստատություններից արդեն նման առաջարկներ եղել են։ Ես դա անում եմ սրտանց, սպասում եմ հանդիպումներին, միգուցե նաեւ տեսահոլովակը նրանց ցույց տամ”։

Ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին զբաղվել էր նաեւ շնորհանդեսի կազմակերպմամբ. “Լաուրայի հետ ծանոթացել եմ մեկուկես տարի առաջ։ Արծրունի տեսահոլովակից սկսվեց մեր համագործակցությունը եւ շարունակվում է նորերով։ 2016 թվականի համար հետաքրքիր ծրագրեր ունենք, կաշխատենք նաեւ այլ երգիչների հետ, կներկայացնենք նոր տեսահոլովակներ եւ այլ նախագծեր”։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին