×


Սոնա Քարամյան.“Ապրումները խոր նստվածք թողեցին հոգուս վրա եւ վերածվեցին երգի”

Ամերիկաբնակ երգչուհի եւ դերասանուհի Սոնա Քարամյանը հեղինակային նոր երգ ունի` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր ստեղծագործական ուղու, Մեծ եղեռնից փրկված նախնիների եւ ապրումները երգի վերածելու մասին:

Սոնա Քարամյանը


-Նկարահանվել եք մի շարք սերիալներում եւ ֆիլմերում: Կպատմե՞ք կարիերայի եւ դերասանի մասնագիտությանը Ձեր վերաբերմունքի մասին:

-Արդեն ավարտել ենք “Կտակով թագուհի” սերիալի նկարահանումները, որն այժմ եթերում է: Այս նախագծից բացի, հանդես եմ եկել “Dimm Media Group”-ի “Los”, “Մեղավորները”, “Մաեստրո” սերիալներում, “Անմեղ մեղավորները”, ինչպես նաեւ ամերիկյան “Դավաճանություն” ֆիլմերում` Էրիկ Ռոբերթսի, Օլեգ Տակտարովի, Ալեքսանդր Խաչատրյանի եւ հայ, ռուս ու ամերիկացի ճանաչված այլ դերասանների կողքին: Վերջին ֆիլմում հնչել է իմ հեղինակային երգերից մեկը: Հիմա խաղում եմ Արման Նշանյանի բեմադրած “Կինն է այդպես որոշել” ներկայացման մեջ, որի պրեմիերան մարտի 8-ին էր, հաջորդ բեմելը կլինի մայիսի 17-ին: Մասնագիտությամբ դերասանուհի չեմ, այս ասպարեզում առաջին քայլերս եղել են սիրողական մակարդակով: Մտադիր եմ շարունակել իմ կարիերան այս ասպարեզում` կերտելով հետաքրքիր դերեր:

-Իսկ ի՞նչ տեղ է զբաղեցնում երգարվեստը Ձեր կյանքում:

-Երաժշտությունը միշտ կմնա ինձ համար առաջին տեղում, սակայն դերասանական արվեստը նույնպես շատ եմ սիրում: Ստեղծագործում եւ երգում եմ դեռ մանկուց: Երաժշտությունն իմ առաջին սերն է եղել: Միշտ երազել եմ դառնալ երգչուհի կամ երգահան: Մասնակցել եմ բազմաթիվ շոուիների, համերգներ եմ ունեցել Լոս Անջելեսի փոքրիկ, բայց ճանաչված դահլիճներում: Երաժշտական կրթություն ստացել եմ Կալիֆորնիայի պետական համալսարանում (Նորթրիջ) եւ ունեմ երգչախմբում երգելու 7 տարվա փորձ:

Սոնա Քարամյանը


-Երաժշտական ասպարեզում ի՞նչ հաջողություների եք հասել:

-Ինձ համար ամենամեծ հաջողությունը տարիների աշխատանքի եւ ստեղծագործական փորձի միջոցով իմ ձայնը բացահայտելն է: Կարծում եմ` յուրաքանչյուր արտիստի համար կարեւոր է իմանանալ, թե ով է նա եւ ինչ է ուզում մատուցել իր արվեստի միջոցով: Պարզ է թվում, բայց շատերի դեպքում հետեւյալ մտածելակերպն է իշխում`“կներկայացնեմ այն, ինչ կսիրեն մարդիկ եւ ինչն ավելի լայն տարածում կունենա”: Ես նախընտրում եմ “Ինչ եմ ես ուզում ասել իմ արվեստի միջոցով” տարբերակը: Գտել եմ պատասխանը, որը եւ իմ հաջողության բանաձեւն է:

-Ներկայացրեք, խնդրեմ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ձեր հեղինակային երգը:

-Երգը կոչվում է “Մութ ամպեր”, գրված է փոխաբերական իմաստով: Հայոց ցեղասպանությունը համեմատում եմ մութ ամպերի հետ, որի ներքո մենք ապրում ենք` վստահ լինելով, որ արեւն անպայման պետք է ծագի եւ լուսավորի մեր կյանքը: Երգը գրելու գաղափարը ծագել է 2 ամիս առաջ: Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված բազմաթիվ նյութեր եւ ապրումներ, ի վերջո, խոր նստվածք թողեցին հոգուս վրա, ցանկացա այդ ապրումները ներկայացնել երգի միջոցով: Երգը գրելուց հետո զանգահարեցի պրոդյուսեր A.Chilla-ին, ում հետ աշխատելու ցանկություն ունեի, եւ նա զբաղվեց երգի պրոդյուսինգով: Կարծում եմ` մեր համագործակցությունը ստացվել է, եւ երգս կսիրվի հանդիսատեսի կողմից:

Սոնա Քարամյանը


- Որքա՞ն ժամանակ եք բնակվում Միացյալ Նահանգներում: Որտեղի՞ց են Ձեր արմատները:

-Ավելի քան 15 տարի է, ինչ ապրում եմ Միացյալ Նահանգներում: Ծնողներիս տատիկներն ու պապիկները Մեծ եղեռնից են փրկվել: Կորցնելով հարազատներին` մի կերպ փախչել են Արեւմտյան Հայաստանից: Հայրիկիս տատիկն ու պապիկը Վանից են եկել Արեւելյան Հայաստան, իսկ մայրիկիս տատիկներն ու պապիկները` Մուշից եւ Քեսաբից: Մայրիկիս մեծ պապիկը եղել է հայտնի հայդուկ Արխա Զորիկը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ հայեր գալիս են հայրենիք, այցելում Ծիծեռնակաբերդ` հարգելու զոհերի հիշատակը: Նման այց նախատեսո՞ւմ եք:

-Ցավոք, ոչ: Ես ակտիվորեն մասնակցում եմ Լոս Անջելեսում կազմակերպված 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներին: Հայաստանում վերջին անգամ եղել եմ նախորդ տարի ձմռանը: Հուսով եմ` մոտ ապագայում դարձյալ կհաջողվի այցելել հայրենիք:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Քարամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին