×


Սոնան, Էրիկը, Մաշան, Արամոն եւ այլ հայտնիներ հոբելյան են նշել

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ կայացավ համերգ 3 հոբելյանների առիթով։ Երաժշտական երեկոն նվիրված էր Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյակին, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակին ու գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանի 70-ամյակին:

Մարտին Վարդազարյանը, Արթուր Իսպիրյանը, Երվանդ Երզնկյանը եւ Արամոն


Հավաքական համերգին ելույթ ունեցան այն կատարողները, ովքեր անմիջական կապ ունեն էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի հետ՝ ինչպես դասախոսները, այնպես էլ տարբեր տարիների շրջանավարտներն ու ուսանողները։ Երգիչներ, որոնք արդեն հայտնի են հանդիսատեսին, եւ նոր անուններ, որոնց մասին դեռ կլսենք։

Երգացանկում համաշխարհային հիթերն ու հայկական էստրադայի հին ու սիրված երգերն էին։ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ երգել են Արթուր Իսպիրյանը, Էմմա Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկ Կարապետյանը, Էմմա Ասատրյանը, Ջուլիետա Ալեքսանյանը եւ շատ ուրիշներ։

Էմմա Պետրոսյանը եւ Արամոն


Երվանդ Երզնկյանի փոխանցմամբ՝ վաղուց էր սպասում այս համերգին.«Մեր ամբիոնի 15-ամյակը չստացվեց նշել մեծ համերգով, այս տարի 20-ամյակը հաջողվեց։ Կարեւորն այն է, որ ամբիոնն աշխատում է, մեզ մոտ լավ դասավանդում են լավ մասնագետներ՝ Ռաիսա Մկրտչյանը, Էմմա Պետրոսյանը, Գեորգի Մանգասարյանը, Մարտին Վարդազարյանը, Քրիստինե Պեպելյանը։ Այս համերգին հնարավորինս շատ կատարողների հրավիրեցինք, իհարկե, չկարողացանք բոլորին ընդգրկել, քանի որ ուսանողները շատ են։ Հուսով եմ՝ կարողացանք ուրախացնել ներկա երիտասարդներին եւ ոչ երիտասարդներին»։

Նրա խոսքով՝ կոնսերվատորիայում ուսանողության շրջանում հիմնականում պահանջված են ջազի եւ դասական վոկալի բաժինները.«Դիմորդների քանակը մեծացել է, հետեւաբար երգիչները շատացել են: Իհարկե, նրանց մի մասը պրոֆեսիոնալ չի դառնում կամ չի շարունակում այդ ուղին։ Մի մասն էլ տաղանդավոր է: Իմ փորձից ելնելով՝ վստահ ասում եմ, որ նոր սերնդի մեջ տաղանդներ ունենք, նրանք ոչ միայն լավ երգում են, այլեւ լավ նվագում»։

Հոբելյանական համերգին


Հոբելյանական համերգի ավարտին Սոնա Ռուբենյանի գլխավորությամբ եւ մյուս մասնակիցների ձայնակցությամբ հնչել է «Հայաստան» երգը։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին