×


Սոնան, Սրբուհին, Սուսաննան եւ այլք աջակցում են “Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ” նախագծին

“Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ”. այսպես է կոչվում Հայաստանում “JKA” ճապոնական կարատեի ասոցիացիայի նոր նախաձեռնությունը, որի նպատակն է հաշմանամություն ունեցող անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել արեւելյան մարտարվեստով, հնարավորություն տալ ինքնադրսեւորվել եւ մասնակցել տեղական ու միջազգային մրցույթներին: Այս նախագծին աջակցում են “Ունիսոն” հասարակական կազմակերպությունն ու ՀՀ տարածային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայտնիներն աջակցում են “Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ” նախագծին


Հայաստանում “JKA” ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սեւակ Հակոբյանը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին փուլի մարզումներին մասնակցում է հաշմանդամություն ունեցող 13 պատանի եւ 16 չափահաս: Այժմ պատրաստվում են առաջին փուլի փակմանն ու երկրորդ փուլի մեկնարկին.“Երբ մեր ասոցիացիա դիմեցին հաշմանդամություն ունեցող երեխաներ, հասկացանք, որ ադապտացման հետ կապված դժվարություններ ունենք, մինչդեռ միջազգային պրակտիկայում հաշմանդամները ներգրավված են արեւելյան մարտարվեստի ոլորտում: Այս մարզման առանձնահատկությունն այն է, որ ես նույնպես նստում եմ սայլակին, որ բոլորս մեկ հարթության վրա լինենք. եթե մասնակիցների շարժումները սահմանափակ են, իմն էլ այդպես պետք է լինեն”:

Սեւակը Փարիզում եւ Միլանում մասնակցել է ուսումնաորակավորման դասընթացների, որտեղ ուսուցանվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատանքի մեթոդաբանություն, օրեր առաջ էլ վերադարձել է Ֆրանկֆուրտից. “Փորձի փոխանակման ընթացքում հասկացա, որ մի քանի անգամ ավելի բարդ ու լավ մեխանիզմով ենք աշխատում: Քանի դեռ նրանք պարապելու ցանկություն ունեն, նախագիծը կշարունակվի”:

Սուսաննա Պետրոսյանը եւ նախագծի մասնակիցներից


“Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ” նախագծի մեկնարկային միջոցառմանը մասնակցել են երգչուհիներ Սուսաննա Պետրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Սրբուհի Սարգսյանը, Արաքս Ամիրխանյանը, երաժիշտ Գիսանե Պալյանը, պարուհի Վարդուհի Ալեքսանյանը եւ այլք.“Ովքեր ամենասկզբից մեր կողքին են եղել ու աջակցել են, որպես շնորհակալություն հանձնելու ենք պատվոգրեր”,-ասել է Սեւակ Հակոբյանը:

Ապրիլի 3-ին նախագծի մասնակիցները կհանձնեն իրենց առաջին գոտու որակավորման քննությունը.“Տեղի կունենան մարտական տեսարաններով ելույթներ: Նրանք շարունակելու են մարզվել եւ ապրիլի վերջին կմասնակցեն Հայաստանի կարատեի առաջնությանը: Այնուհետեւ մայիսին լավագույնները Միլանում կմասնակցեն միջազգային առաջնությանը: Հաղթելու մեծ շանսեր ունենք. մեր լեռնային բնաշխարհը մեզ հնարավորություն է տվել ավելի ամուր եւ ուժեղ լինել”:

Արաքս Ամիրխանյանը եւ նախագծի մասնակիցներից


Նախագծի շրջանակում երկրորդ փուլի մեկնարկին կցուցադրվի սոցիալական հոլովակ կամքի եւ հաղթանակի մասին. “Մենք կոչ ենք անում հաղթել ինքդ քեզ ու հավատալ, որ մի օր կկարողանաս քայլել: Սպորտն ու առողջ ապրելակերպը նպաստում են դրան: Ես նաեւ ուրախ եմ, որ հինգ աղջիկ մասնակից ունենք: Ոչ թե հաշմանդամները մեզնից մեկն են, այլ մենք իրենցից մեկն ենք”, - նշել է Սեւակ Հակոբյանը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սեւակ Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին