×


Սոնե Սիլվերի եւ Նարեկ Մակարյանի «սիրո պատմությունը»

Սոնե Սիլվերը եւ Նարեկ Մակարյանը նոր զուգերգ ունեն, որը նվիրված է մի զույգի սիրո պատմությանը։ «Երգում է սերը» մեղեդային ստեղծագործությունը Սոնեի համար  առանձնահատուկ է ոչ միայն ժանրով, այլեւ նա առաջին անգամ է երգում հայերեն.«Սկզբում անսովոր էր, քանի որ անհատական հայալեզու ոչ մի երգ չեմ ներկայացրել։ Այս գործն ինձ հիշեցնում է հայկական հին էստրադան: Վաղուց այս ոճի երգեր չեն հնչում, հիմա գերիշխում են արեւելյան լադերը, իսկ սա երեւանյան կոլորիտով ոչ կոմերցիոն երգ է»։

Սոնե Սիլվերը


Երաժշտությունը գրել է Սոնեի եւ Նիկի խմբի բաս-կիթառահար, երաժիշտ Թաթոս Հակոբյանը, իսկ խոսքերը՝ Վահան Անդրեասյանը.«Հուզիչ երգ է իրական սիրո պատմության մասին։ Սիրահարների ցանկությամբ ու առաջարկով կատարեցինք ես ու Նարեկը, ինքս էլ ուրախացա, քանի որ Նարեկին գիտեմ դեռ կոնսերվատորիայից, բացի այդ, հավանում եմ նրա ձայնային տվյալները։ Զույգի հարսանեկան արարողությանն արդեն երգել ենք նրանց համար, եթե առաջիկայում լինեն համերգներ, նորից միասին կկատարենք, բայց դեռեւս միտք չունենք տեսահոլովակ նկարել»։

26-ամյա երգչուհին ապրիլին կնկարահանի անհատական երգի տեսահոլովակ, որի հեղինակը Նիկ Էգիբյանն է.«Ռուսալեզու երգ է՝ իսպանական տաք ռիթմերով։ Նիկն առաջարկեց, որ երգեմ: Իմ երգացանկում նորություն է, հանդիսատեսին կզարմացնի։ Երգը կոչվում է «Հրեշտակ ես»: Առաջին անգամ եմ ռուսերեն երգում, այն արդեն պատրաստ է, բայց միանգամից տեսահոլովակով ներկայացնեմ։ Կշարունակեմ ինձ հարազատ հաուս ոճում երգել, պարզապես հիմա ցանկանում եմ փորձարկումներ անել»։

Սոնե Սիլվերը` նշանածի հետ


Սոնեն եւ Նիկը նաեւ միասին աշխատում են բեմում.«Բենդի հետ ակումբային համերգներ ենք տալիս, թեեւ վերջերս հազվադեպ ենք ելույթ ունենում, ինչի մեղավորը ես ու Նիկն ենք, բայց կենդանի նվագակցությամբ երգելը մեծ հաճույք է։ Մեր ընտրությամբ կատարում ենք հայտնի հիթեր մեր ձեռագրով ու ոճով»։

BRAVO.am-ի հարցին, թե այլ զույգի սիրո մասին երգող Սոնեն արդյոք ունի իր սիրո պատմության մասին երգ, պատասխանել է.«Դեռ բախտ չի վիճակվել, բայց հուսամ՝ կլինի։ Առիթ եղավ մտածելու, որ մեր սիրո մասին երգ չկա, հետագայում գուցե ձեռնարկեմ, յուրահատուկ բան կմտածեմ»,-ասել է նա եւ հավելել, որ այժմ հաճախ են հարցնում, թե երբ են օրինականացնելու հարաբերությունները.«Կարծում եմ՝ այս տարվա ընթացքում, բայց ես ու Արսենը չենք սիրում այդ հարցը եւ դեռ չենք որոշել՝ երբ կլինի հարսանիքը»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Սոնե Սիլվերի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին