×


Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանը՝ մեկ հարկի տակ եւ ամուսնալուծված

Ամուսնալուծված տղամարդկանց քաոսային կյանքը Սոս Ջանիբեկյանի ու Արման Նշանյանի գլխավոր դերակատարմամբ կրկին ներկայացվում է Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: «Կենտ զույգ»-ի պրեմիերան կայացել է 2013-ի նոյեմբերին, երկարատեւ դադարից հետո նույն դերասանական կազմով խաղում են առանց մեծ փոփոխությունների։ Ամերիկացի դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի համանուն պիեսն Արման Նշանյանը բեմադրելիս որոշակիորեն տեղայնացրել է։

«Կենտ զույգը» ներկայացմանը


Իրավիճակային կոմեդիան ծայրահեղ խառնվածքով ընկերների՝ Օսկարի ու Ֆելիքսի մասին է, որոնք ամուսնալուծությունից հետո որոշում են մեկ հարկի տակ բնակվել։ Եթե Օսկարը թափթփված է, փնթի ու խաղամոլ, ապա Ֆելիքսը չափազանց կոկիկ է, մաքրասեր ու բծախնդիր։ Ամուսնալուծության հետեւանքներն այս տղամարդիկ տարբեր կերպ են տանում ու վերլուծում. ցավը նույն է, հույզերը՝ տարբեր։ Նրանց ընկերներին մարմնավորում են Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը, մխիթարող կանայք մոդել-քույրեր Լյուսի ու Մարիամ Հայրապետյաններն են։

«Կենտ զույգը» ներկայացմանը


Ռեժիսոր Արման Նշանյանի կարծիքով՝ ներկայացման թեման արդիական է, դերասանական կազմն էլ հմտացել է.«Նիլ Սայմոնը բազմաթիվ մրցանակների արժանացած գրող է, նրա կատակերգությունների մեջ այնքան իրականություն ու ճշմարտություն կա։ Այս պիեսը խորիմաստ, միաժամանակ ծիծաղելի, հետաքրքիր կերպարներով գործ է։ Քիչ է լինում, որ բոլոր հերոսները հետաքրքիր են իրենց ասելիքով»։

Սոս Ջանիբեկյանի խոսքով՝ դադարի ընթացքում շատերն են հետաքրքրվել, թե երբ են կրկին խաղալու.«Ներկայացումը սիրվել ու կայացել է, բայց իր կյանքը դեռ լիովին չի ապրել։ Որոշեցինք նույն կազմով նորից միասին աշխատել։ Այժմ իրավիճակներն ավելի խոր ու իրական եմ ընկալում ու ապրում»։

«Կենտ զույգը» ներկայացմանը


Թե ինչ հանգուցալուծում են ստանում իրադարձությունները, արժե դիտել թատրոնում։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին