×


Սուրբ Ծննդյան տոնավաճառ Նկարիչների միությունում

Ձեռագործ հուշանվերներ, քաղցրավենիք, զարդեր, հագուստ, կոսմետիկ միջոցներ եւ ամանորյա տարբեր աքսեսուարներ օրերս կարելի էր գտնել Նկարիչների միությունում` մեկօրյա ցուցահանդես-վաճառքի ընթացքում: Երեւանի կանանց միջազգային միավորումը բարեգործական նպատակով կազմակերպել էր Սուրբ Ծննդյան տոնավաճառ` աջակցելու Գորիսի գործազուրկ կանանց:

Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառին


60-ից ավելի մասնակից տաղավարներում ներկայացրել են իրենց պատրաստած իրերը, աճուրդի են հանվել նաեւ Սերժ Թանկյանի, Հենրիխ Մխիթարյանի տրամադրած իրերը: Հավաքված գումարի մի մասը IWAY-ն ուղղորդելու է Գորիսի եւ հարակից գյուղերի կանանց ու նրանց ընտանիքների կյանքը բարելավելուն: Նախաձեռնության հիմնական նպատակն է Շինուհայր գյուղի բրդի արտադրամասի վերանորոգումը, ինչի շնորհիվ կանանց համար աշխատատեղեր կստեղծվեն՝ ապահովելով նրանց ընտանիքների ֆինանսական կայունությունը: Միավորումը պատրաստվում է գնել 20 ճախարակ, նաեւ կկազմակերպի դասընթացներ, թե ինչպես մանել բուրդն ու գործել, այնուհետեւ գորգերն ու կարպետները կվաճառվեն:

Սուրբ Ծննդյան ամենամյա տոնավաճառին


“Այս հնարավորությամբ ոչ միայն աշխատատեղեր կստեղծենք կանանց համար, այլեւ ուզում ենք խթանել շրջանի զարգացումը”,- նշել է  IWAY-ի նախագահ Էլլա Բարկերը:
Միջոցառման ընթացքում IWAY-ի երգչախումբը կատարել է Սուրբ Ծննդյան շարականներ, տոնավաճառն իրենց հնչյուններով լցրել են նաեւ “Cico&Friends Jazz” նվագախումբը, QSI մանկական երգչախումբը եւ այլք: Փոքրիկները հանդիպել են նաեւ Ձմեռ պապին եւ լուսանկարվել նրա հետ:

Սերժ Թանկյանի` աճուրդի հանված իրերը


Ցուցահանդես-վաճառքին իրենց տաղավարներով մասնակցել են նաեւ Հայաստանում գործող մի շարք դեսպանատներ, որոնց թվում են եղել` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Իրանի, Չինաստանի դեսպանությունները` ներկայացնելով իրենց երկրների բարիքները եւ հորդորելով գնել ու աջակցել բարեգործական միջոցառմանը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին