×


Սուրեն Առուստամյանի անակնկալ այցը Երեւան :)

Երաժշտական առաջին քայլերը Երեւանում սկսած, այնուհետեւ Միացյալ Նահանգներ տեղափոխված Սուրեն Առուստամյանն այս օրերին Հայաստանում է: Բլյուզ երաժշտին կարոտն է բերել հայրենիք։ Սեպտեմբերի 24-ին «Մեցցո» ակումբում նա ներկաներին բեմից փոխանցեց իր հույզերն ու բլյուզային ռիթմերը։ Համերգից րոպեներ առաջ Սուրենը մտածում էր միայն այն մասին, որ ելույթը բարեհաջող անցնի, ավարտից հետո էլ ասաց՝ «Էս ինչ լավ էր. հանդիսատեսից ստացած ջերմությունն աննկարագրելի է:)»:

Սուրեն Առուստամյանի համերգին


27-ամյա երգիչ-կիթառահարի հետ BRAVO.am-ը զրուցել է ԱՄՆ տեղափոխվելու, դժվարությունների ու նորությունների մասին։ Շուրջ 2 տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում, ակումբներում երգում ու նվագում է բլյուզ երաժիշտների հետ, այժմ էլ ձայնագրում է հեղինակային երգերով իր առաջին ալբոմը.«Հավանաբար, հաջորդ տարի կթողարկենք սկավառակը։ Աշխատում եմ բավական փորձառու, ճանաչված պրոդյուսերների հետ, որոնք «Գրեմմի» ու այլ մրցանակներ ունեն։ Համերգներին միասին նվագում ենք, ներգրավված եմ նրանց այլ նախագծերում»։

Սուրեն Առուստամյանի համերգին


Լոս Անջելես տեղափոխվելիս Սուրենը որոշել է հաճախ Հայաստան այցելել, այդպես էլ անում է.«Մեկնեցի աշխատանքային առաջարկով ու հրավերով, երեւի դրա համար շատ բարդություններ չունեմ։ Ձեռքբերումներ արդեն կան, բայց ինձ թվում է՝ մեծ հաջողություններս դեռ առջեւում են։ ԱՄՆ-ում եթե զբաղվում ես քո սիրելի գործով, արդեն լավ է։ Հեռու գտնվելով ընտանիքից ու սեփական հողից՝ դժվար է, բայց մտերիմ ընկերներ ունեմ, որոնք լրացնում են այդ պակասը»։

Սուրենն այս անգամ որոշել է անսպասելի վերադառնալ եւ անակնկալ մատուցել հատկապես ծնողներին.«Ընտանիքիս շատ էի կարոտել. ոչ մեկին նախօրոք չէի ասել գալուս մասին։ Օդանավակայանից միանգամից գնացի տուն, թակեցի դուռը… Անակնկալս ստացվեց:)»։

Սուրեն Առուստամյանի համերգին


«Հայսուպերսթար 4», «Նոր ալիք 2012» ու երաժշտական այլ մրցույթների մասնակցած բլյուզ-երաժիշտն օվկիանոսից այն կողմ հաճախ հանդիպում է Հայաստանից մեկնած իր ընկերներին.«Վերջերս իմ վաղեմի ընկեր Իվետա Մուկուչյանն էր եկել ԱՄՆ: Հանդիպեցինք, համերգներից մեկի ժամանակ միասին ջեմ-սեշն արեցինք, հեռուստածրագրերում նկարահանվեցինք»։

Սուրենը եւս մեկ ակումբային համերգ կունենա սեպտեմբերի 27-ին՝ «Ուլիխանյան» ակումբում, իսկ 29-ին կմեկնի Լոս Անջելես.«Ստուդիայում ձայնագրության նշանակված օրեր ունեմ, պիտի աշխատանքը շարունակեմ, առաջիկայում նաեւ ակումբային մի քանի համերգ կա»։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին