×


Սոֆի Դեւոյանը եւ Զարուհի Բաբայանը վերլուծել են իրենց հարաբերությունները

BRAVO.am-ն օրերս հյուրընկալվել է Սոֆի Դեւոյանի ընտանիքին: ՀՀ վաստակավոր արտիստուհին տարիներ շարունակ մեկ հարկի տակ ապրում է ամուսնու, որդու, հարսի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի, եւ թոռնիկների հետ: Քանի որ անդրադարձը կանանց մեկամսյակի շրջանակում է, լուսանկարել ենք երեք տարբեր սերունդների գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին եւ պարզել, թե ինչպես է նրանց հաջողվում ընտանիքում պահպանել խաղաղություն, լինել գեղեցիկ եւ երջանիկ:

Ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյանները եւ Զարուհի Բաբայանը


Սոֆի Դեւոյանն անկեղծորեն նշել է, որ երիտասարդությունը պահպանելու համար միակ բանը, որ տարիներ շարունակ անում է, յուրաքանչյուր առավոտ սառը ցնցուղ ընդունելն ու դեմքը սառույցով մաքրելն է.«Էությամբ շատ ուրախ մարդ եմ: Կարծում եմ` ամեն ոք պետք է ապրի այնպես, կարծես այդ օրն իր կյանքի ամենավերջին օրն է: Այդպես կարողանում ես ուրախանալ ամեն ինչով` որ արթնացել ես, որ դրսում արեւ է, որ քեզ շրջապատում են գեղեցիկ մարդիկ: Իմ աշխատանքն էլ է պարտավորեցնում միշտ խնամված լինել, բարձր տրամադրություն ունենալ: Եվ ամենակարեւորը, ես շատ բարի եմ, ինչն էլ նպաստում արտաքին տեսքիս»:

Նա վստահ է, որ իր արտաքին հմայքին նպաստում է նաեւ քչակեր լինելը.«Ես երբեք չեմ չարաշահում ուտելիքը: Առհասարակ, կարծում եմ` որքան մարդը քիչ է ուտում, այնքան ավելի երիտասարդ ու գեղեցիկ է: Բացի այդ, կինը պետք է միշտ շարժման մեջ լինի: Թեեւ օրվա ընթացքում գրեթե միշտ ակտիվ եմ, այնուամենայնիվ, ամեն առավոտ նաեւ մարզվում եմ եւ զբաղվում յոգայով: Վերջերս էլ սկսել եմ հնդկաձավար ուտել, որն, ի դեպ, շատ է օգնում կազմվածքը պահպանելուն»:

Սոֆի Դեւոյանը` թոռնուհու հետ


Տիկին Դեւոյանն իրեն լիարժեք երջանիկ կին է համարում.«Ունեմ սիրելի ամուսին, որդի, հրաշալի հարս, ում շատ եմ սիրում, իմ հիասքանչ թոռները, մայրիկս, իմ սիրելի աշխատանքը: Էլ ի՞նչ է ինձ հարկավոր երջանիկ լինելու համար»:

15 տարուց ավելի է` հարս եւ սկեսուր մեկ հարկի տակ են ապրում եւ հպարտանում են իրենց մեծ ընտանիքի համերաշխությամբ: Իսկ թե ինչպես է նրանց դա հաջողվում, պատմել է Սոֆի Դեւոյանը.«Առաջին հերթին պետք է սկեսուրը իմաստուն լինի, հարսն էլ` խելացի: Եթե մեծերը չեն վերաբերվում իրենց հարսին ինչպես անծանոթ աղջկա, այլ ընդունում են հարազատի պես, ապա այդ ընտանիքում խնդիրներ չեն լինի: Իհարկե, երբեմն պետք է նաեւ զիջել: Առաջին իսկ օրվանից, երբ Զառան մեր տուն է մտել, մենք ապրում ենք հաշտ ու խաղաղ: Գիտեմ, որ մարդիկ կարող են  չհավատալ, բայց մեր դեպքում նույնիսկ աներեւակայելի լավ հարաբերություններ են: Ես սիրում են խաղաղություն եւ անդորր ընտանիքում, իսկ արվեստագետ լինելը միմիայն օգնում է երկուսիս. Հետաքրքիր զրույցներ ենք ունենում»:

Զարուհի Բաբայանը` դստեր հետ


Զարուհի Բաբայանն էլ հավելել է, որ միմյանց շատ են օգնում.«Շատ եմ սիրում իմ կյանքը: Եվ եթե մենք երջանիկ չլինեինք մեկ հարկի տակ, ապա զուր տեղը մեկս մյուսիս կյանքը չպղտորելու համար վաղուց առանձին կապրեինք: Իմ եւ սկեսուրիս հետաքրքրություններն էլ բավական մոտ են: Կարծում եմ, որ երջանիկ, խաղաղ ընտանիք ունենալու համար հարկավոր է սեր ամուսինների միջեւ, հարգանք միմյանց հանդեպ, պետք է պատրաստ լինես նաեւ զոհաբերությունների: Մենք ունենք ցանկություն միմյանց երջանկացնել եւ կարողանում ենք ճիշտ ժամանակին զիջումների գնալ: Ընտանիքում եսասեր լինելն է շատ խնդիրներ առաջացնում»: 

Երգչուհին եւս իրեն երջանիկ կին է համարում.«Իսկ դրա համար ունեմ ամուսին, ով ինձ շատ է սիրում, երեխաներ, ծնողներ, սիրելի աշխատանք, երգի ստուդիայի սաներ, ովքեր ինձ մոր պես սիրում են»: 

Զարուհու դուստրը տարիներ շարունակ զբաղվում է պարով, ընդգրկվել է Հոգու եւ պարի թատրոնի հիմնական խումբ: Երգչուհին միայն ուրախ է, որ աղջնակը տատիկի ուղին է ընտրել.«Չեմ խանդում, որ չի երգում: Իզուր չէ, որ նրա համար ընտրեցինք հենց Դեւոյան բեմական ազգանունը: Երբ Սոֆոչկան երկու տարեկան էր, արդեն զգում էինք, որ արվեստի մարդ է լինելու: Չկա ավելի հետաքրքիր կյանք, քան արվեստագետինն է: Նա ապրում է պարով, սովորում է Կոջոյանի անվան դպրոցում` մոտ լինելով նաեւ նկարչությանը, քանդակին»:

Ավագ եւ կրտսեր Սոֆի Դեւոյանները եւ Զարուհի Բաբայանը


Սոֆի Դեւոյանի համար կանանց տոներն արդեն երկար տարիներ մեկնարկում են այսպես.«Չգիտեմ` որտեղից, ամուսինս առավոտյան մի հրաշալի փունջ միմոզաներ է բերում ինձ համար, եւ ես արթնանում եմ այդ ծաղիկների հրաշալի բույրից: Հետո, իհարկե, շնորհավորանքներ, նվերներ ու հաճելի անականկալներ են մատուցում: Հավատացեք, կնոջն անգամ մի փոքր ուշադրությունն էլ բավարար է»: 

Ի դեպ, այս տարի Սոֆի Դեւոյանը մտադիր է նշել իր ստեղծագործական գործունեության 50-ամյակը` «Սոֆի Դեւոյանը` կես դար բեմում» խորագրով համերգով:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW