Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոնը, Զարուհի Բաբայանը, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը եւ այլ երաժիշտներ օրերս Քուվեյթում մասնակցել են միջազգային երաժշտական փառատոնի` ներկայացնելով հայկական մշակույթը: Զարուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հրավերը ստացել էին Քուվեյթի մշակույթի նախարարությունից:
Սոֆի Դեւոյանը` Քուվեյթում
«Չափազանց ջերմ ընդունելության արժանացանք ժողովրդի կողմից: Փառատոնի սկզբունքներից է` մշակութային համագործակցությունը. հայ եւ արաբ երաժիշտների, երգիչների եւ պարողների համատեղ աշխատանքը հրաշալի ստացվեց: Ես, օրինակ, քուվեյթցի երգչի հետ հետաքրքիր փորձ արեցի՝ կատարելով «Հորովել»-ը»,-պատմել է երգչուհին:
Զարուհի Բաբայանը` դստեր հետ` Քուվեյթում
Սոֆի Դեւոյանը քուվեյթցի երիտասարդների հետ ընդամենը 5 օրում բեմադրել է հայկական շալախո, յարխուշտա եւ քոչարի պարերը, մեր պարողներն էլ սովորել են արաբական ավանդական մի քանի պար: Զարուհի Բաբայանի խոսքով` անվճար համերգին ներկաների շարքում գերակշռել են տեղացիները, քանի որ նպատակը նրանց հայկական երգը, պարն ու երաժշտությունը ներկայացնելն էր, սակայն հայ հանդիսականներ նույնպես եղել են:
Քուվեյթի միջազգային երաժշտական փառատոնին
Հայկական պատվիրակությունը վերադարձել է լավ տպավորություններով եւ նոր գաղափարներով.«Քուվեյթցիների ցանկությունը մեծ է տեսնել Հայաստանը եւ մեր մշակույթին ծանոթանալ ավելի մոտիկից: Լավ կլինի, որ մենք էլ կարողանանք մեր կառավարությունից ֆինանսական աջակցություն ստանալ նման հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար, բայց դեռ վաղ է խոսել այդ ամենի մասին»,-եզրափակել է երգչուհին:
Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Զարուհի Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: