×


Սոֆի Մխեյան.«Պարզապես չէի կարողանում շնչել»

Սոֆի Մխեյանը երեկվանից շնորհավորանքներ է ստանում «Մի քիչ» զուգերգը ներկայացնելու համար: Երգչուհին, ով մինչ պրեմիերան խնամքով թաքցրել էր իր նոր աշխատանքի մանրամասները, այսօր փակագծերը բացել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:

Սոֆի Մխեյանը` «Մի քիչ» տեսահոլովակի նկարահանումներին


«Երկու տարի առաջ Հասմիկ Մուրադյան անունով մի աղջիկ գրեց, որ երգեր ունի եւ դրանցից մեկն էլ ցանկանում է ինձ ուղարկել, իսկ ես միշտ բաց եմ համագործակցությունների համար: Երգի հայերեն տարբերակը շատ հավանեցի, ասացի, որ հետաքրքիր ստեղծագործություն է եւ անպայման կունենա իր պատմությունը»,-պատմել է Սոֆին:

Մեկ տարի առաջ երգչուհին ձայնագրել է երգը, գործիքավորել ու պահել իր ձայնադարանում.«Ուզում էի հասկանալ` ինչ տարբերակով ներկայացնել: Մտածում էի` կյանքն ինչպես կդասավորվի: Հետաքրքիր զգացողություն ունեի, որը սպասել էր տալիս: Իսկ իմ ներքին ձայնն, այո, միշտ ինձ օգնում է ու աշխատում ճիշտ պահին»:

Սոֆի Մխեյանը եւ Վիգեն Հովսեփյանը` «Մի քիչ» տեսահոլովակի նկարահանումներին


Եվ ահա, մի օր Վիգեն Հովսեփյանի կենդանի կատարումը լսելիս Սոֆիի մտքում հետաքրքիր գաղափար է ծնվել.«Նա շուրջ 20 տարի ապրել է Իսպանիայում, իսկ այժմ Հայաստանում է: Ծանոթներ ենք, եւ որոշեցի առաջարկել միասին կատարել «Մի քիչ»-ը: Վիգենն անմիջապես համաձայնեց, երգի իր հատվածը գրեց իսպաներենով, թեեւ շատ գեղեցիկ է երգում նաեւ հայերեն: Դեռ առիթներ կլինեն նրան լսելու. շատ լավ ու տաղանդավոր տղա է»:

Քանի որ երգն ու համագործակցությունն ինքնատիպ են ստացվել, երգչուհին շատ է ցանկացել` նաեւ վերջնական արդյունքն այդպիսին լինի.«Ամեն ձեւով գաղտնի էինք պահում, որ զուգերգ է: Այժմ ասեմ, որ մինչ բոլորը դեկտեմբերի 30-ին եւ 31-ին հավ ու բուդ էին պատրաստում, մենք տեսահոլովակ էինք նկարահանում»:

Սոֆի Մխեյանը` «Մի քիչ» տեսահոլովակի նկարահանումներին


«Մի քիչ» տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, իսկ երգիչների ոճով զբաղվել է Արմեն Գալյանը: Սոֆին պատմել է նաեւ, որ նկարահանման ընթացքում դժվարություններ եղել են, որոնք, սակայն, խոչընդոտ չեն հանդիսացել ցանկալի արդյունք ստանալու համար.«Եթե ուզում ես գեղեցիկ բան անել, ապա ամեն ինչ հաղթահարում ես: Նկարահանման տաղավարում մատադորական հնարքներից, քամուց անտանելի փոշի էր բարձրանում, լցվում կոկորդս, ու պարզապես չէի կարողանում շնչել: Բայց այդ ամենը հետեւում է, քանի որ տեսնում եմ գերազանց արդյունքը»:

Ի դեպ, փետրվարի 27-ին Սոֆին եւ Վիգենն իրենց զուգերգով Մոսկվայում կողջունեն «Արմենիա» մրցանակաբաշխության հանդիսատեսին: Բացի այս, երգչուհին այս տարի նոր համերգներ, երգեր ու շրջագայություններ է խոստանում իր երկրպագուներին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սոֆիի արխիվից եւ Սյուզի Աղաջանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին