×


Սոֆյան, Սարգիսը, Ելենան, Գրիշան, Հարությունն ու մյուսները` “Որոգայթ”-ում

“Շանթ” հեռուստաընկերության եթերում տարիներ առաջ ցուցադրված “Որոգայթ” սերիալի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմ, որը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին:

Սոֆյա Պողոսյանը


“Որոգայթ” քրեական դրամայի պրոդյուսեր Հունան Սողոյանը, սցենարիստ Հարություն Ղուկասյանը, “Շանթ” հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը եւ ռեժիսոր Ռոման Մուշեղյանը միավորվել են՝ ստեղծելու ֆիլմ նոր սցենարային լուծումներով:

Դերասանական կազմում ընդգրկված են Հարություն Մովսիսյանը, Ելենա Բորիսենկոն, Սամվել Փիլոյանը, Գրիշա Աղախանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արթուր Դարբինյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոֆյա Պողոսյանը, Արփի Գաբրիելյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Գրիգորյանը, Ստեփան Ղամբարյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Բորիս Պեպանյանը, Վարդան Հովսեփյանը եւ շատ ուրիշներ: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը Գիսանե Պալյանն է, իսկ երաժշտական ձեւավորմամբ զբաղվում է Արման Էլբերտը:

Ելենա Բորիսենկոն ու Հարություն Մովսիսյանը


Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարին, նկարահանումներն էլ՝ մեկնարկել ապրիլ ամսվանից, իսկ մոնտաժային աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայում:
BRAVO.am-ը պարբերաբար կներկայացնի դերասանական կազմը եւ նախքան պրեմիերան կբացի փակագծերը:

Ռեժիսոր Ռոման Մուշեղյան. “Շեշտը դրել ենք ոչ այնքան դերասանների հայտնիության, որքան լավ դերասանական կազմ ունենալու վրա, ովքեր կարող էին վարպետորեն իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները եւ կերտել ռեալիստական ու բովանդակալից կերպարներ: Եթե սերիալում սցենարը հագեցած էր ինտրիգներով, ապա ֆիլմում հիմնական պատմությունը կառուցված է Հովիկի եւ Միրոյի հակամարտության շուրջ: Այստեղ շեշտադրված է դրամատուրգիան, թե ինչպես է մարդը հայտնվում որոգայթում ու փորձում դուրս գալ, սակայն կյանքը նրա համար նոր որոգայթներ է պատրաստում:

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին


Մենք փորձել ենք ոչ թե սերիալից ֆիլմ ստանալ, այլ առանձին գեղարվեստական մի ֆիլմ ստեղծել, որը հետաքրքիր կլինի նաեւ սերիալը չդիտած մարդուն: Ինչպես գիտեք, միշտ չի որ հաջողվում է սերիալի համար որակյալ տեխնիկայով երկարաժամկետ նկարահանումներ իրականացնել, եւ քանի որ քրեական դրամա ժանրի հայկական լավ ֆիլմ չունենք, որոշեցինք անդրադառնալ նույն թեմային եւ նկարել ավելի հաջողված տարբերակ: Իհարկե, կոմերցիոն առումով ֆիլմի վերնագիրն արդեն շատերին կհետաքրքրի”:

Սարգիս Գրիգորյան.
“Մարմնավորում եմ գլխավոր կերպարի՝ Հովոյի երիտասարդ տարիները: Խաղընկերներիս հետ բազմիցս աշխատել եմ, ռեժիսորի հետ եւս առաջին անգամ չէի աշխատում, իրար հեշտ էինք հասկանում: Իմանալով Ռոմանի մոտեցումները՝ գիտեի` ինչ պետք է անեմ, ժամացույցի ճշգրտությամբ նկարահանումն իրականացվում էր, հասկացա, որ եկել եմ կինոյում նկարվելու: Քանի որ ես եւ Հարություն Մովսիսյանը նույն կերպարում ենք, փորձել ենք իրար նմանվել մեր դիմախաղով, խոսելաձեւով, բայց չենք չափազանցրել, որ պաթոսային չընկալվի: Ուզում եմ, որ ֆիլմը լավը ստացվի, ես էլ գնամ ու ծափահարեմ, հաճույք ստանամ ինձանից ու իմ խաղընկերներից: Ուրախ կլինեմ, եթե այս թիմով կարողանանք լավ ֆիլմ ունենալ”:

Սարգիս Գրիգորյանը


Ելենա Բորիսենկո.
“Ես մարմնավորում եմ այն կնոջը, որին սիրահարվում է Հովիկը: Ուժեղ կնոջ կերպարում եմ, ով առաջինն է սեր խոստովանում, այդ տեսարանը հուզիչ է: Քանի որ Ռոմանի հետ բազմիցս աշխատել եմ, նաեւ մտերիմ ընկերներ ենք, պետք է խոստովանեմ, որ ընկերների հետ աշխատելը դժվար է, որովհետեւ քեզնից ավելի շատ են պահանջում, քան մյուսներից: Սիրում եմ, երբ ինձ հետ նուրբ են աշխատում, ռեժիսորն էլ, ինձ մտերիմ լինելով, իմ սրտով չէր գնում:): Ինձ համար նկարահանումները երկար ու անվերջ էին թվում, բայց ծիծաղելի պատմություններն անպակաս են: Հարություն Մովսիսյանի հետ համբուրվելու տեսարան ունեի, քանի որ տեսախցիկն աջ կողմից էր, ճիշտ կադր ստանալու համար Ռոմանը խիստ տոնով ասաց. “Լենա, աջ աչքով լացի, ձախով մի լացի”, ինչից հետո բոլորն ինձ տեսնելիս ասում էին՝ աջով լացի: Ես միշտ թեթեւ եմ վերաբերվել իմ արտաքնին, չեմ կենտրոնացել, թե կադրում որքան գեղեցիկ կլինեմ, բայց պահանջկոտ եմ իմ խաղի հանդեպ: Հուսով եմ՝ դիտելուց հետո եւս մեկ անգամ չեմ հիասթափվի ինձանից”:

Սոֆյա Պողոսյան. “Ես մարմնավորում եմ Հովիկի սիրելի կնոջը երիտասարդ տարիքում: Քանի որ երկար ժամանակ աշխատում եմ “Շանթ” հեռուստաընկերության հետ, քասթինգից հետո ինձ հարմար գտան այդ կերպարի համար: Հատուկ այս կերպարի համար մազերս գունափոխել եմ: Կարծում եմ՝ հաջողված ֆիլմ է լինելու, տարիներ առաջ հեռուստադիտողի կողմից սիրված սերիալ էր”:

BRAVO.am
Լուսանկարները` “Շանթ” հեռուստաընկերության

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին