×


Սրբուհի Սարգսյան. «Ինձ համար բացահայտում էր…»

«Ես երաժշտությունը սիրում ու պաշտում եմ, առանց դրա իմ կյանքը չեմ պատկերացնում։ Առաջին հերթին իմ հոգու համար եմ երգում. երբ բենդիս տղաները նվագում են, մոռանում եմ՝ ինչ մեծության բեմում եմ, քանի հոգի է ինձ լսում, սկսում եմ երաժշտությամբ շնչել ու ապրել»` այսպես է երաժշտության հանդեպ իր սերը մեկնաբանում սոուլ, ջազ, փոփ ու այլ ոճերում երգող Սրբուհին Սարգսյանը։

Սրբուհի Սարգսյանը


«Allusion» բենդի վոկալիստը BRAVO.am-ին հայտնել է, որ առաջիկայում կունենա երկու տեսահոլովակ: Առաջին երգը կոչվում է “Boat”, այն գրել ու գործիքավորել է հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը։ Ի դեպ, այդ երգը մոտ 2 տարի առաջ դարձել է ռուսական «Лёгок на поми́не» ֆիլմի սաունդթրեքերից մեկը։ Ռեժիսորը Վահան Գրիգորյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, մոնտաժն արել է Արամայիս Հայրապետյանը:

«Այս հոլովակը հետաքրքիր է այնքանով, որ ես եմ երգում, բայց չեմ նկարահանվել։ Ռեժիսորի առաջարկով ստացվել է ֆիլմի հետ բոլորովին կապ չունեցող հետաքրքիր մի աշխատանք։ Անձնակազմի հետ արդեն դիտել եմ, երգին համահունչ է»,-պատմել է Սրբուհին` հավելելով, որ հաջորդ տեսահոլովակում կնկարահանվի.«Լազարոյի եւ այլ երաժիշտների հետ համատեղ նոր երգ է, ժանրով Հայաստանում նորություն է։ Երգն արդեն պատրաստ է, հավանաբար, աշնանը կներկայացնենք»։

Սրբուհի Սարգսյանը


Օրերս Սրբուհին տարբեր երաժիտների հետ մասնակցել է «Եվրոպայի օրերը Հայաստանում» բացօթյա համերգների ծրագրին։ Նրանք ելույթ են ունեցել Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Կապանում, Գավառում, իսկ եզրափակիչ համերգը տեղի կունենա Երեւանում՝ հունիսի 5-ին. «Աննկարագրելի լավ համերգներ էին, լիցքավորված վերադարձել եմ Երեւան։ Ինձ համար բացահայտում էր, թե ինչ լավ հանդիսատես ունենք մարզերում, այնքան ջերմ ընդունեցին, մեզ հետ հավասար երգում էին անգլալեզու հայտնի երգերը։ Գրեթե բոլոր համերգներին ուժեղ անձրեւ էր գալիս, բայց մարդիկ չէին հեռանում, ծառերի տակ կանգնած լսում էին, անձրեւի կտրվելուն պես մոտենում էին բեմին։ Մենք ոգեւորված երգում էինք, Վանաձորում երեխաներից մի քանիսը բղավում էին՝ ոնց որ «SOAD»-ի համերգը լինի: Իրենք հաճույք էին ստանում, մենք էլ` արձագանքից ոգեւորվում։ Երկար ժամանակ կհիշեմ այդ պայծառ օրերը»։

«Allusion» բենդը ելույթ է ունեցել մարզերում


22-ամյա երգչուհին պատմել է, որ երեւանյան ելույթների ժամանակ երբեմն շփվում ու ծանոթանում է արտերկրի երաժիշտների հետ, նաեւ հիշել է ամենատպավորիչ հանդիպումներից մեկը.«3 տարի առաջ Մարզահամերգային համալիրում պիտի տեղի ունենար «ДДТ» ռուսական ռոք-խմբի համերգը։ Երաժիշտները ինքնաթիռից իջնելուց հետո եկել էին «Մեցցո» ակումբ, որտեղ մեր խումբն էր նվագում։ Նկատել էինք, որ մեզ ուշադիր լսում են, համերգից հետո մոտեցան, ծանոթացանք, մոտ 40 րոպե շփվեցինք, իրենց համերգի տոմսերը նվիրեցին մեզ։ Իրենց տպավորել էր մեր ելույթը, հետո մենք էլ իրենց համերգից տպավորվեցինք։ Կարեւոր խորհուրդներ տվեցին, այնքան սրտանց էին խոսում, որ բոլորս գնահատեցինք նրանց անկեղծությունը»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին