×


Սրբուհի Սարգսյան.«Չեք պատկերացնի՝ որքան հուզված եմ»

Սրբուհի Սարգսյանը խոստանում է աշնանային երաժշտական անակնկալներ։ Երգչուհին «Անակնկալներով աշուն Սրբուկի հետ» նախագիծ է սկսել, առաջին նորությունն էլ ներկայացրեց հանգստյան օրերին: «Եթե կարող ես»՝ ահա այսպես է կոչվում հատուկ իր համար գրված առաջին երգը, որի տեսահոլովակը երեկվանից համացանցում է, իսկ շնորհանդեսը տեղի է ունեցել «Մեցցո» ակումբում:

Սրբուհի Սարգսյանը


4 տարի անընդմեջ կենդանի մենահամերգներով հանդես եկող երգչուհին բեմական արտիստիզմի շնորհիվ կայուն լսարան ունի ակումբներում, այս անգամ եւս իր էներգետիկ սոուլ, փոփ, ֆանկ կատարումներով բարձր տրամադրություն փոխանցեց ներկաներին։ «X Factor-1» նախագծի 2-րդ մրցանակակիրը ընտրել էր հայտնի հիթեր Ինդիլայի, Զազի, Սիայի, Բրունո Մարսի եւ իր սիրելի այլ արտիստների երգացանկից։ Նա առաջին անգամ կենդանի նվագակցությամբ կատարեց նաեւ Գարիկ Պապոյանի հեղինակային «Boat» երգը. «Գրելիս պատկերացրել է, որ ինձ համապատասխան է: Այդ վստահության համար շատ ուրախ եմ։ Հիմա իմ երգացանկում ռուսական ֆիլմում հնչած «Boat»-ն իր հիմնական ու կարեւոր տեղն ունի»։

Սրբուհի Սարգսյանի համերգին


Շնորհանդես-համերգի համար Սրբուհին ընտրել էր տեսահոլովակի կոստյումներից մեկը։ Մինչ առաջին դիտումը 22-ամյա երգչուհին հանդիսականներից մեկին առաջարկեց սեր խոստովանել իր կնոջը, իր կողմից էլ ծաղկեփունջ նվիրեց. «Նոր երգս այն մասին է, որ բոլորս պետք է շատ-շատ սիրենք։ Չեք պատկերացնի՝ որքան հուզված եմ. արդեն քանի օր սպասում էի պրեմիերային, ու եկավ սպասված պահը։ Լազարոյի հետ մի քանի երգ ունենք, բայց որոշեցինք առաջինը հայալեզու ակտիվ ռիթմերով գործ ներկայացնել»,-BRAVO.am-ին ասել է նա։

Լուսին եւ Արամայիս Հայրապետյանը


«Եթե կարող ես» երգի ստեղծման վրա Սրբուկի հետ աշխատել են Արթուր Ալեքը, Նյու Յորքում բնակվող Լազարոն, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, պարուսույցը՝ Հովհաննես Սարգսյանը.«24 ժամ անդադար լարված աշխատել եմ։ Պատասխանատու նկարահանում էր. փորձում էի դուրս չգալ դերից եւ ֆիզիկապես առույգ լինել։ Ոճաբան Ալբերտ Գրիգորյանն ինձ վառ կերպարներում էր տեսնում, որոշակիորեն իմ մտքերն էլ իրականացրինք: Առաջիկա անելիքներս շատ են, եւ տեսահոլովակով չենք սահմանափակվի»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին