×


Սրբուհի Սարգսյանի բենդի ակումբային տարեդարձը :)

Երեւանում վերջին տարիներին ստեղծվել են խմբեր, որոնք կատարում են հայտնի հիթեր։ “Allusion” բենդը մյուսներից առանձնանում է մեներգչուհու` Սրբուհու Սարգսյանի շնորհիվ։ “X-Factor 1” հեռուստանախագծից հայտնի երգչուհին երեք տարի առաջ հիմնեց իր բենդը եւ սկսեց ելույթ ունենալ երաժշտական ակումբներում, այսօր արդեն ունի կայուն լսարան եւ ելույթ է ունենում շաբաթական մի քանի անգամ։

Սրբուհի Սարգսյանը


“Allusion” խումբը երեկ “Կամի” ակումբում համերգով տոնել է հիմնադրման 3-ամյակը, որին ներկա են եղել գործընկերները, մտերիմները եւ հավատարիմ հանդիսականները.“Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերն ու այստեղ եք։ Հուսով ենք՝ միասին շատ լավ ժամանակ կանցկացնենք, ամեն ինչ արված է, որ ուրախ մթնոլորտում նշենք խմբի տարեդարձը”,-այս խոսքերով էլ Սրբուհին սկսել է համերգը, սակայն մինչ կատարումները, հյուրերը դիտել են խմբի առօրյայի ու փորձերի մասին փոքրիկ հոլովակ։

“Allusion” խմբի ելույթներին գերակշռում են երգեր Մայքլ Ջեքսոնի, Բեյոնսեի, Սթինգի, Ջեսի Ջեյի, Բրունո Մարսի, Ալեսիա Կարայի երգացանկերից, որոնք Սրբուհին կատարում է սեփական ձեռագրով եւ փոխանցում իր հույզերն ու էներգիան։

“Allusion” բենդը նշել է 3-րդ տարեդարձը


Նա համերգային երեկոն բաժանել էր երկու մասի, իսկ ընդմիջմանը շփվում էր հյուրերի հետ։ “Allusion”-ի հիմնական կազմին միացել էին նաեւ բեքվոկալիստներ Աննան եւ Տաթեւը։ Սրբուհին բեմից եւս մեկ անգամ հիշել է խմբի ստեղծման պատմությունը.“Դիմել էի կիթառահար Արթուրին, որ ինձ նվագել սովորեցնի, երեք ամիս անց զանգեցի ու հայտնեցի, որ ուզում եմ բենդ ստեղծել, եւ պատկերացրեք, որ մեկ շաբաթում նրա օգնությամբ մեր խումբը կազմավորվեց։ Այսօր արդեն երեք տարեկան ենք”։

21-ամյա երգչուհին այսօրվա պես հիշում է խմբի առաջին ելույթը. “Այդ համերգին ներկա էին իմ բոլոր ընկերներն ու հարազատները, շատ հուզիչ օր էր։ Քավերներ էի կատարում, բայց հիմա երգացանկս բավական փոխվել է, թեեւ կան մնայուն սիրելի երգեր, որ տարվա ընթացքում մի քանի անգամ նվագում ենք”։

Գարիկը` կնոջ հետ


Երկու ամիս առաջ Սրբուհին ձայնալարերի հետ կապված խնդիր ուներ, բայց այսօր արդեն շարունակում է նախկին գրաֆիկով աշխատել։ Նա շատ է կարեւորում խմբի դերն իր կյանքում.“Սա մեր առաջին մեծ ծնունդն է. նախկինում չենք նշել: Մենք գրեթե ամեն օր տեսնվում ենք, միասին անցկացնում մեր օրերը եւ փորձում ենք այնպես նվագել ու երգել, որ ցանկացած համերգի ժամանակ ապահովենք ներկաների լավ տրամադրությունը”։

Համերգի եզրափակիչ հատվածում խմբի անդամները կտրել են տոնական տորթը, որից հետո DJ Smoke-ի հնչեցրած սեթերի ներքո պարել են հյուրերի հետ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին