×


Վախթանգ Հարությունյան.«Ամեն անգամ ծննդյանս օրն ուզում եմ փախչել»

Նահանջ տարում՝ փետրվարի  29-ին, ծնված Վախթանգ Հարությունյանն այս տարի տարեդարձը նշել է մենահամերգով։ Հեղինակ-կատարողը 44-ամյակի առթիվ իր ընկերներին ու երգարվեստը գնահատողներին հրավիրել էր «Ֆորշ» ակումբ՝ վերհիշելու ստեղծագործական ուղին եւ ունկնդրելու նոր գրված երգերը:

Վախթանգ Հարությունյանը


«Բարդերի ակումբ»-ի նախաձեռնողը, պարզվում է, չի սիրում իր տարեդարձը, մենահամերգն էլ յուրատեսակ փախուստ է ծննդյան խնջույքից.«Ամեն անգամ այդ օրն ուզում եմ փախչել, նույնիսկ չի փրկում, որ չորս տարին մեկ է, միեւնույն է` ծանր եմ տանում։ Հետադարձ հայացք նետելու կարիք կա, հենց դա էլ խանգարում է զգացողություններիս։ Չգիտեմ՝ մանկությանս տարիներին ինչ է պատահել, այնուամենայնիվ, որքան փորփրում եմ հիշողությունս, երջանիկ մանկություն եմ ունեցել։ Համերգն այդ առումով լուծում է. բարձրախոսը չեմ տալիս ուրիշներին, որ կենացներով ծնունդի չվերածվի:)»,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը։

Վախթանգ Հարությունյանի ակումբային համերգին


Նախորդ տարեդարձերի մասին խոսելիս հեղինակ-կատարողը նշել է, որ խուսափում է ուշադրության կենտրոնում հայտնվել.«Մյուս տարիներին ավելի ծանր է անցնում. փետրվարի 28-ից բացի, մարտի 1-ին է շարունակվում շնորհավորանքների տեղատարափը։ Ընկերներս գիտեն, որ չեմ սիրում այդ օրերին հեռախոսազանգերի պատասխանել, չեմ սիրում ուշադրության այդքան մեծ չափաբաժինը։ Թվում է, թե երգում ես, միեւնույն է` ուշադրության կենտրոնում ես, բայց բեմում մարդկանց ուշադրությունն ինձ հարկավոր է, որ ասելիքս տեղ հասցնեմ»։

Իրեն հուզող ու հետաքրքրող թեմաների մասին բարձրաձայնող Վախթանգը հոբելյանական համերգի երգացանկն ընտրելիս առաջնորդվել էր սրտի թելադրանքով.«Եթե երգս ինձ չի հուզում, չեմ կարողանում ունկնդրին հուզել. առաջին հերթին ինձ պիտի հետաքրքրի, որ երգեմ։ Երգացանկը կազմելիս ընտրել եմ ոչ միայն ամենանոր երգերս, այլեւ շատ հին գործեր, որոնք այս շրջանում հուզում են ինձ»։

Վախթանգ Հարությունյանի ակումբային համերգին


Երեկոյի ողջ ընթացքում բեմում Վախթանգն ու իր երաժիշտ ընկերներն էին՝ ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, երկրորդ կիթառ Գագիկ Շիբոյանը եւ դաշնակահար Կարեն Անանյանը։ Հանդիսատեսի շարքում պատահական մարդիկ չէին, այլ հեղինակին ու իր երգերը սիրող եւ գնահատող ծանոթ դեմքեր։ Հոբելյարն էլ նվերների ու մաղթանքների պակաս չի ունեցել.«Չեմ սիրում տարեդարձս, բայց նվերներ ստանալ շատ եմ սիրում։ Աշխարհի տարբեր երկրներն ու մշակույթները խորհրդանշող հարյուրավոր հուշանվերներ ունեմ»։

Խոսելով իր ծրագրերի ու նպատակների մասին՝ Վախթանգ Հարությունյանը նշել է, որ նախապատրաստվում են «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 15-ից 17-ը. «Նախատեսում ենք Սեւանի ափին ստեղծել վրանային «քաղաք»։  Հույս ունենք, որ շատ-շատ նոր հեղինակների կլսենք ու կբացահայտենք»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին