×


Վահագ Ռաշն` իր ընտանիքի, կնոջ նվերի եւ նոր երգի մասին

Թեեւ առ այսօր Վահագ Ռաշին առավելապես ճանաչում են “Լուսամփոփի պես աղջիկ” երգով, երաժիշտն էլ այն համարում է իր այցեքարտը, նա շարունակում է պարբերաբար լսարանին ներկայացնել իր հեղինակային նոր գործերը:  BRAVO.am-ի այցելուներն առաջինը հնարավորություն ունեն ունկնդրել հեղինակ-կատարողի “Երանի” երգը, որի երաժշտությունը գրել եւ գործիքավորել է հենց ինքը, իսկ խոսքերը գրել են Արմենուհի Բաբաջանյանն ու Տաթեւ Ոսկանյանը:

Վահագ Ռաշը` կնոջ հետ


“Vahag Rush Band”-ի վոկալիստ-կիթառահարը նշել է, որ հաճախ նախընտրում է իր երգերի խոսքեր դարձնել հայ բանաստեղծների ստեղծագործությունները, շուտով կձայնագրի Պարույր Սեւակի խոսքերով “Նամակ” երգը: Նաեւ նախատեսում է ապրիլին զուգերգ ներկայացնել Եվա Սուջյանի հետ, որը ռազմահայրենասիրական թեմայով օրորոցային է:

Օրեր առաջ Վահագը ներկայացրել էր իր մեկ այլ երգի` “Ես կգամ”-ի ձայնագրությունը. “Ինձ համար ուրախալի է, որ երգը, չունենալով տեսահոլովակ, արդեն  բավական շատ դիտումներ եւ դրական արձագանք ունի: Ուզում եմ այն անպայման տեսահոլովակով ներկայացնել, որի ռեժիսորը կլինի Խաչիկ Եղոյանը, բայց դեռ չգիտենք՝ տարվա որ եղանակն ավելի համահունչ կլինի: Առաջին անգամ կբարձրաձայնեմ, որ այս երգը նվիրել եմ կնոջս` մեր ամուսնության 1-ամյակին”:

Վահագ Ռաշը` որդու հետ


Վահագ Ռաշն ամուսնացել է 2014 թվականի փետրվարի 15-ին, ինչպես նշում է` ստեղծագործելիս կինն իրեն աջակցում եւ ոգեշնչում է.“Ամուսնության սկզբնական շրջանում դադար էի վերցրել բնակարանային եւ մյուս հարցերով զբաղվելու համար, հետո նորից անցա երգարվեստին: Ընտանիքս ինձ շատ է օգնում, տղաս դեռ չի ոգեւորում, բայց միայն այն, որ իմ երգելու ընթացքում ժպտում է, արդեն բավական է: Մեր որդին ծնվեց այս տարվա հունվարի 5-ին, նրան հայրիկիս պատվին անվանել ենք Աշոտ: Առաջին պլանում ընտանիքս է, փորձում եմ բոլոր գործերս այնպես համատեղել, որ ոչ մեկը չտուժի: Երաժիշտներ կան, որ տան անդամներին, կոպիտ ասած, զզվեցնում են նվագելով ու երգելով, ես փորձում եմ տանն այնպես աշխատել, որ չխանգարեմ”:

Վահագն իր բենդի երաժիշտների հետ երեւանյան ակումբներում շուրջ մեկ տարի չի երգում. այլեւս ցանկություն չունի ակումբային միջավայրում հանդես գալ.“Երգիչներն ակումբում իրենց սպառում են, բացի այդ չեմ սիրում, որ երբ երգում եմ, մարդիկ ուտում-խմում են: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է բենդի տղաներին համախմբել ու թատրոններից մեկի դահլիճում համերգ ունենալ: Առաջ կատարում էինք հայտնի երգերի քավեր տարբերակները, հիմա ուզում եմ իմ հեղինակային ու մեր խմբի ռոք մշակումներով հայկական երգերով հանդես գալ: Ժամանակից առաջ չանցնեմ, բայց, հավանաբար, մայիսին կկայանա մեր խմբի մենահամերգը”:

Վահագ Ռաշը` կնոջ հետ


Ակումբներում չաշխատելու պատճառներից մեկն էլ այն է, որ նա ունի եկամտի հիմնական աղբյուր. զբաղվում է բիզնեսով շինարարության ոլորտում.“Ինձ համար հետաքրքիր գործ է, բնույթով ակտիվ մարդ եմ, չնայած` մասնագիտությամբ ծրագրավորող եմ, բայց նստակյաց կյանք չեմ սիրում: Նախքան երգելս իմ մասնագիտությամբ աշխատել եմ, բայց հիմա ծրագրավորմամբ չեմ զբաղվում, որովհետեւ չեմ սիրում ողջ օրը համակարգչի առջեւ նստել: Երբ որոշեմ լրջորեն զբաղվել նաեւ գործիքավորմամբ, ստուդիա կբացեմ, բայց դեռ իմ երգերի վրա սովորում եմ:  Երբ մի քիչ պապիկ դառնամ ու անցնեմ նստակյաց կյանքի, գործիքավորմամբ կզբաղվեմ, երգիչներն էլ Վահագ պապիկի մոտ գործիքավորման կգան:)”:

Հավելենք, որ հեղինակ-կատարողը ապրիլի 2-ին ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Գրական-երաժշտական երեկոյին մասնակցելու են նաեւ Արթուր Ութմազյանը, Սիլվա Յուզբաշյանը, Ելենա Երեւանը. “Այդ օրը կկատարեմ իմ երգացանկից “Ես կգամ”, “Համբույրի մը մեջ”, “Անուրջներ” երգերը, իհարկե, նաեւ “Լուսամփոփի պես աղջիկ”-ը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Վահագ Ռաշի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին