×


Վահագն Գրիգորյան.«Տա Աստված, որ չգա այդ օրը»

Վահագն Գրիգորյանը տեւական ժամանակ է` ստեղծագործական որեւէ նորությամբ հանդես չի եկել, նաեւ բացակայում է եթերից: Թե որն է ռեժիսոր-հումորիստի լռության պատճառը, պարզել է BRAVO.am-ը:

Իռեն Ուլիխանովան եւ Վահագն Գրիգորյանը


«Հայաստանում վերջին շրջանում հումորային դաշտը կարծես տեղափոխվել է իշխանությունների ձեռքը, հումորիստներն էլ հանդիսատեսի դերում են: Մեր երկրում որակյալ հումորային շոու-ծրագիր անելու համար ահռելի ֆինանսներ են հարկավոր: Շատ մտքեր ունեմ, որոնք առայժմ չեմ կարողանում իրագործել համապատասխան ֆինանսական ռեսուրս չունենալու պատճառով»,-մեզ հետ զրույցում նշել է նա:

Նախորդ տարին ստեղծագործական առումով Վահագնի համար պասիվ էր. խաղացել է «32» թատրոնի մի քանի ներկայացումներում եւ վերջ: Այժմ էլ սպասողական վիճակում է եւ լիահույս, որ կկարողանա առաջիկայում իր ծրագրերն իրականացնել. «Այս շրջանում մասնակցում եմ կոմերցիոն միջոցառումների, կարելի է ասել` այդպես եմ գլուխս պահում»:

Տարեվերջին մեծ էկրան բարձրացած «Արամմա» կատակերգության հետ Վահագնը որեւէ առնչություն չունի, թեեւ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն իր գործընկեր Կարեն Բաբաջանյանն է.«Իմ ու Կարենի հարաբերություններում որեւէ բան չի փոխվել, մենք ոչ մի կոնֆլիկտ չենք ունեցել ու չունենք: Պարզապես պրոֆեսիոնալ մոտեցանք հարցին. չէր կարող ֆիլմը երկու ռեժիսոր ունենալ, եւ այս անգամ ես միայն հանդիսատես էի»:

Վահագն Գրիգորյանի ընտանիքը


Վահագն Գրիգորյանի եւ Իռեն Ուլիխանովայի որդին սովորում է առաջին դասարանում: Հումորիստը նշել է, որ այս երկարաձգված ձմեռային արձակուրդների ընթացքում ինքն է զբաղվել տղայով: Նրանց ընտանիքում առայժմ համալրում չի սպասվում, թեեւ երկրորդ երեխան ունենալու մեծ ցանկություն ունեն:

Ռեժիսոր-հումորիստն իր ընտանիքի ապագան առայժմ տեսնում է միայն հայրենիքում.«Տա Աստված, որ չգա այն օրը, երբ ճամպրուկներս կհավաքեմ ու ընտանիքիս հետ կմեկնեմ Հայաստանից: Գերադասում եմ ապրել իմ երկրում՝ շարունակելով սկսածս աշխատանքը: Հավատացեք, հեշտ չէ օտար երկրում զրոյից սկսել ինչ-որ բան անել: Ես ինձ առայժմ տեսնում եմ այստեղ, թեեւ ամեն օր էլ ունեմ մեկնելու հնարավորություն, ինչպես շատերն են հիմա անում»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վահագն Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին