×


Վահագն Սիմոնյանի ընտանիքը

Վահագն Սիմոնյանի դստեր առաջին լուսանկարները

BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել, որ Վահագն Սիմոնյանն ու Նազելի Ղարիբյանը դուստր են ունեցել: Փոքրիկ Սառան գրեթե տասն ամսական է եւ իր ծնվելու օրվանից փոխել է ծնողների ողջ կյանքը: Մեզ հետ զրույցում դերասանը պատմել է, թե ինչպիսին է աղջիկը, ինչ է սիրում, ինչպես է նշել իր առաջին Նոր տարին եւ ինչ տրամադրություն է ունեցել տոնական ֆոտոշարքի ժամանակ:

«Այս Ամանորն իսկապես առանձնահատուկ էր: Նախ Սառայի համար էր առաջինը, մեզ համար էլ առաջին Նոր տարին էր իր հետ: Անկեղծ ասած՝ դեկտեմբերի 31-ին շոու-ծրագրի հանդիսավար էի: Հունվարի 1-ի առավոտյան միացա ընտանիքիս, եւ առաջին անգամ Նոր տարուն տանն ինձ դիմավորեց աղջիկս»,-պատմել է նա:

Փոքրիկ Սառան


Դերասանը նշել է, որ լուսանկարահանման ժամանակ աղջնակն իրեն շատ լուրջ է պահել.«Մենք ավելի շատ էինք ոգեւորվել: Նա իրեն զարմանալիորեն լուրջ էր պահում, ուսումնասիրում տաղավարը, լույսերը: Մի պահ անգամ տոնածառը փորձեց շուռ տալ, բայց ժամանակին կանգնեցրինք նրան: Ոչ մի կերպ չկարողացանք այնպես անել, որ ժպտա: Միայն մի պահ ուրախացավ, երբ միացրինք սիրելի երգերից մեկը»:

Թե որքանով է փոխվել իր կյանքը Սառայի ծննդից հետո, Վահագնը խոստովանել է. «Չեմ չափազանցնի` ասելով, որ Սառայի ծննդից հետո իմ կյանքում փոխվել է ամեն ինչ: Դարձել եմ ավելի ուշադիր երեւույթների, իրադարձությունների, մարդկանց նկատմամբ, սկսել գնահատել ժամանակը: Արդեն 10 ամիս է` նրանով է սկսվում եւ ավարտվում իմ ամեն օրը»:

Փոքրիկ Սառան


Նա անընդունելի է համարում մինչեւ մեկ տարեկան դառնալն ամեն ամիս երեխայի ծնունդը նշելը.«Տարեդարձն ամեն տարի մեկ անգամ է լինում: Սառան մեր ամեն օրն է վերածում տոնի, եւ երբ երկու ամսից կդառնա 1 տարեկան, այդ օրը մենք նրան տոն կպարգեւենք: Իսկ մինչ այդ նա չի դադարում մեզ զարմացնել: Բավական ակտիվ, շարժուն աղջիկ է, հասկանում է, որ իր ամեն նոր շարժումով մեզ ուրախացնում է, եւ դրանից էլ ավելի է ոգեւորվում: Այս տարիքից արդեն իսկ ունի լուրջ, կայուն բնավորություն, շատ պահանջկոտ է, ուզում է անդադար իրենով զբաղվենք, հաճախ մեծի պես սկսում է գոռալ, երբ ինչ-որ բան իր ուզածով չի լինում:): Մայրիկի հետ ավելի անմիջական է ու ակտիվ, ինձ հետ իրեն ավելի լուրջ է պահում: Ունի սիրելի երգեր, որոնց առաջին նոտան լսելով՝ սկսում է պարել: Հետաքրքիր է նաեւ այն, որ մեր աղջիկը շատ մարդամոտ է, կամակորություններ չի անում, ժպտում է ու խաղում բոլորի հետ»:

Աշխատանքային գործունեությանն անդրադառնալով` դերասանն ասել է.«Գրաֆիկս շատ հագեցած է, հիմնականում հանդիսավարությամբ եմ զբաղված: Չեմ բացի չակերտները, բայց կասեմ՝ բեմադրվում է նոր կոմերցիոն ներկայացում: Հուսով եմ՝ կհասցնենք այն հանդիսատեսի դատին ներկայացնել գարնանը: Եվ վերջում, Սառա Սիմոնյանի անունից հայտնում ենք շնորհակալություն BRAVO.am-ին, որ իր ծննդյան օրվանից հետեւում է իրեն. աղջկաս սիրելի առցանց լրատվամիջոցն է:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահագն Սիմոնյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին