×


Վահագնի.«Բուիկան ասաց, որ ուզում է հայերեն սովորել ու երգել»

Վահագնին (Վահագն Թուրգության) վերջերս ներկայացրեց հայտնի երգչուհի Կոնչա Բուիկայի հետ համատեղ ձայնագրած Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգի տեսահոլովակը: Հայկական մաքուր ելեւէջները սեւական երգչուհու ձայնին միախառնած կիթառահարը երկար տարիներ  բնակվում է Միացյալ Նահանգներում: Կիթառ սկսել է նվագել ինը տարեկանից, սակայն ինչպես ինքն է ասում, մինչեւ այդ էլ գործիքը միշտ իր ձեռքին է եղել: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին սոլո-կիթառահար Սարգիս Թուրգությանի որդին այլ մասնագիտություն ընտրել չէր կարող: Հիմնականում ֆլամենկո եւ ջազ նվագող երաժիշտը հաճախ է համերգներով շրջագայությունների մեկնում: Այս պահին Վահագնին Ճապոնիայում է: Հենց այստեղ անվանի կիթառահարը համերգներ կունենա եւ կներկայացնի իր չորրորդ` «Imagined Frequencies» ձայնասկավառակը: Կարիերայի, կիթառի ու կնոջ նմանության եւ Հայաստանի ուժեղ էներգետիկայի մասին երաժիշտը BRAVO.am-ին պատմել է Տոկիո մեկնելու ճանապարհին:

Վահագնին


«Իմ կյանքի ուղին հենց սկզբից էր որոշված»

Երբեք չեմ մտածել մասնագիտության ընտրության մասին: Իմ կյանքի ուղին հենց սկզբից էր որոշված: Պատճառը հայրս էր: Հենց նա էլ եղավ իմ առաջին ուսուցիչը, հետո ընդունվեցի Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտ, ավելի ուշ մեկնեցի Իսպանիա` այլ կիթառահարների մոտ սովորելու համար: Հայրս ինձ շատ է օգնել: Նա լավ, միաժամանակ խիստ ուսուցիչ է: Հանձնարարություններ էր տալիս, իսկ մայրս պահակի նման հսկում էր, որպեսզի ամեն ինչ կատարյալ անեի: 20 տարուց ավելի է` նվագում եմ, բայց հայրս երբեմն ինձ քննադատում է: Իհարկե, ցանկանում է, որ ամեն ինչ ավելի ու ավելի լավ լինի: Նրա խորհուրդներն ու քննադատություններն ինձ համար շատ կարեւոր են:

Կիթառի ու կնոջ նմանության մասին

Կիթառն ինձ համար ամեն ինչ է. իմ վահանը, ներքին ձայնը, երբեմն էլ պարզապես փայտ, որը ցանկանում ես կոտրել: Կիթառը կնոջ նման է` միշտ ուշադրություն է պահանջում(ժպտում է-հեղ.):

Վահագնին


Ինչու հենց ֆլամենկո

Ֆլամենկո նվագելու համար պետք է Իսպանիայում ապրել: Այս երաժշտությունն ինձ շատ հոգեհարազատ է: Երեւի պատճառն այն է, որ փոքր հասակում, երբ նույնիսկ խոսել դեռ չգիտեի, ֆլամենկո էի լսում: Բացի այդ, մայրս, երբ ինձնով հղի էր, հաճախ է այս երաժշտության ներքո պարել: Ֆլամենկոյի ռիթմերը միշտ իմ կյանքում եղել են, սակայն այն իմ ստեղծագործական աշխատանքի միայն մի մասն է կազմում: Ես ինձ չեմ ներկայացնում որպես ֆլամենկո կիթառահար, այլ ժանրերում եւս ստեղծագործում եմ:

Կոմիտաս` սեւամորթ երգչուհու կատարմամբ

Իմ եւ Կոնչա Բուիկայի ծանոթությունը նախապես պլանավորված չէր: Նա իր համերգային շրջագայության կեսից ստիպված էր կիթառահար փոխել, հենց ես էլ միացա նրա խմբին: Ամբողջ մեկ տարի նրա հետ համերգային շրջագայությունների մեջ էի: Այդ ընթացքում էլ երբեմն նրա համար Կոմիտասի ստեղծագործություններն էի միացնում: Բուիկան երբեւէ նման երաժշտություն չէր լսել: Շատ հավանեց ու ասաց, որ ուզում է հայերեն սովորել ու երգել: Որոշեցինք իմ նոր ձայնասկավառակի համար միասին որեւէ գործ փորձել: Ընտրեցինք «Հով արեք, սարեր ջան» երգը: Ես ամբողջ գործը ձայնագրեցի ու իրեն ուղարկեցի: Նա էլ ձայնագրեց իր հատվածն ու հետ ուղարկեց: Մեզնից բացի ուրիշ ոչ մի երաժիշտ չի մասնակցել այս գործի ստեղծմանը: Ամեն ինչ մենք ենք արել: Ես ապշել էի Բուիկայի պրոֆեսիոնալիզմից: Ձայնագրման ամբողջ աշխատանքը մեկ օրում կատարեց: Մինչեւ այդ երկար խոսել էինք Կոմիտասի ու հայկական երաժշտության մասին: Շատերը կարող են ասել, որ պետք չէ դասական գործերը նոր գործիքավորմամբ ներկայացնել, ես այդպես չեմ կարծում. հին երգերին նոր գործիքավորում էլ է պետք: Բոլոր ազգերն էլ օգտվում են իրենց ֆոլկ երաժշտությունից:

Վահագնին


Ճապոնացիները գերված են Կոմիտասի ստեղծագործություններով

Աշխարհի բոլոր ծայրերում հանդիսատեսը նույնն է, միեւնույն ժամանակ շատ տարբեր: Երբեմն պատճառը մշակույթն է, երբեմն էլ` քաղաքականությունը: Ես նվագել եմ Չինաստանում եւ Ճապոնիայում, եւ հանդիսատեսը շատ բաց էր ու հետաքրքրված: Հիմա կրկին Ճապոնիայում եմ: Տեղացիները տարված են հայկական երաժշտությամբ, Կոմիտասի ստեղծագործությունները նրանց իսկապես գերում են:

«Հայաստանի էներգիան ամենաշատն եմ կարոտում»

Ընտանիքս Միացյալ Նահանգներ տեղափոխվեց 1991 թվականին: Առաջին տարին շատ դժվար էր, բայց ես երիտասարդ էի եւ կարողացա հարմարվել: Վստահ եմ` իմ ծնողների համար ավելի դժվար էր: Հայաստանն ինձ համար շատ հոգեհարազատ տեղ է: Տան նման հանգիստ ու ներդաշնակ է այդտեղ: Երբ հեռու եմ լինում, ամենից շատ Հայաստանի էներգիան եմ կարոտում, ընկերներիս ու հարազատներիս: Հուսով եմ` ապագայում կվերադառնամ համերգով:

Տեքստը` Գոհար Արամյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վահագնին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW