×


Վահան Բադալյան.«Նրանց ապրումներն աննկարագրելի են»

Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում ներկայացումները բազմաժանր են` երբեմն պայծառ, երբեմն  հուզիչ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը մեզ հետ զրույցում պատմել է իր վերջին բեմադրության, հետագա պլանների եւ թատերական արվեստի նրբությունների մասին:

Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը


-Ձեր  «Մի լքիր ինձ» ներառական պարային ներկայացումը հուզեց ու շարունակում է հուզել շատերին: Ինչպե՞ս  ծնվեց այդ գաղափարը:

-Գաղափարը Բրիտանական խորհրդինն էր: Մեծ Բրիտանիայում բավական մեծ տարածում ունի ներառական արվեստը եւ մշակույթն ընդհանրապես: Մի քանի տարի առաջ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստան էր հրավիրվել «Կանդուկո» խումբը, որի կազմում կան հաշմանդամություն ունեցող պարողներ: Հաշվի առնելով Հայաստանում հրաշալի արձագանքը` որոշվեց այստեղ նույնպես իրականացնել նմանատիպ նախագիծ: Նրանք, իմանալով իմ տարբեր նախասիրությունները, այս հարցով դիմեցին ինձ, եւ ես, բնականաբար, մեծ հաճույքով համաձայնեցի:

-Ինչպե՞ս դրվեց ծրագրի մեկնարկը Հայաստանում:

-Այս տարվա մարտ ամսից մենք սկսեցինք իրականացնել 3-օրյա “վորքշոփ”-եր, որոնց մասնակցում էին ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ պրոֆեսիոնալ պարողներ: Նպատակը նրանց մեկ ստեղծագործական գործընթացի շուրջ համախմբելն էր: Այնուհետեւ ունեցանք փոքրիկ ներկայացում 20 հոգու մասնակցությամբ, եւ ընտրեցի այն 6 պարողին եւ հաշմանդամություն ունեցող 4 մարդուն, ովքեր ընդգրկվեցին «Մի լքիր ինձ» ներկայացման մեջ: Որպես խորեոգրաֆ աշխատեց Թենի Մաթյանը, իսկ պարուսույց` Մարիաննա Պողոսյանը, եւ մեր թիմային աշխատանքը տվեց իր լավագույն արդյունքը:

“Մի լքիր ինձ” ներառական պարային ներկայացմանը


-Ի՞նչ բացահայտումներ արեցիք այս ամբողջ ընթացքում:

-Սկզբում փոքր-ինչ մտավախություն ունեինք, քանի որ հաշմանդամություն ունեցող մասնակիցները չունեին փորձ արվեստի ոլորտում, սակայն շուտով տեսանք աննկարագրելի ոգեւորվածություն ու ցանկացած դժվարություն հաղթահարելու պատրաստակամություն: Իրենք հիանալի աշխատեցին ու կարճ ժամանակահատվածում հասան ահռելի արդյունքների: Հիանալի էր բացահայտել այն երջանկության զգացումը, որը ծնվում է օր օրի դիմացինի կյանքում առաջացող դրական փոփոխությունների մեջ քո ներդրման շնորհիվ: Անչափ ուրախանում էինք` մասնակիցների մեջ տեսնելով ֆիզիկական փոփոխությունները, ինքնավստահության ու նպատակասլացության աճը:

-Որո՞նք են Ձեր հետագա քայլերն այս ուղղությամբ:

-Մեր նպատակն է ունենալ պրոֆեսիոնալ ներառական խումբ եւ շարունակաբար ցույց տալ բոլորին, թե որքան տաղանդավոր ու նպատակասլաց են հաշմանդամություն ունեցող անձինք: Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող 19 հազար անձ, բայց նրանք չեն արժանանում մեր լիարժեք ուշադրությանը: Նրանք գրեթե չեն առնչվում թատրոնի հետ, քանի որ դրա համար չկան հարմարություններ: Սա շատ մեծ բացթողում է, որը հարկավոր է անպայման լրացնել: Այս նախագծի շրջանակում հաշմանդամություն ունեցող բազում մարդիկ առաջին անգամ այցելեցին թատրոն, եւ նրանց ապրումները աննկարագրելի էին:

«Խելագարի հիշատակարանը» ներկայացմանը


-Ձեր ստեղծագործական գործունեության այլ ուղղություններում ի՞նչ նորություններ են սպասվում հանդիսատեսին:

-Նոր ներկայացում կա, բացի այդ, նախատեսված է ճամփորդություն. կլինենք Ղազախստանում իրականացվելիք միջազգային փառատոնի հատուկ հյուրը: Խաղալու ենք Գոգոլի «Խելագարի հիշատակարանը»  ներկայացումը: Հունվարին Իտալիայում կունենանք պրեմիերա Շեքսպիրի սոնետների հիման վրա:

-Ինչպե՞ս են ծնվում Ձեր գաղափարները, եւ ինչպե՞ս եք դրանց միջոցով կարողանում դիպչել հանդիսատեսի հոգուն:

-Երբ լսում եմ երաժշտական որեւէ ստեղծագործություն, կարդում եմ մի  գիրք, նայում եմ մարդկանց, հանկարծ իմ երեւակայության մեջ արթնանում են էսքիզներ, պատկերներ, եւ ես անմիջապես ցանկանում եմ կիսվել այդ ամենով հանդիսատեսի հետ:

Փոքր թատրոնում ներկայացումները բազմաժանր են


-Ինչպե՞ս հուզել հանդիսատեսին:

-Սա թերեւս ամենակարեւոր ու ամենաբարդ հարցն է:  Հավանաբար, հարկավոր է գտնել այն զուգահեռ ալիքները, որոնք տվյալ պահին հուզում են թե քեզ, թե հանդիսատեսին, եւ ճիշտ լեզու ընտրել այդ ալիքները դիմացինին փոխանցելու համար:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք նույնպես ցանկանում են թատերական արվեստի ոլորտում իրենց խոսքն ասել:

-Առաջին հերթին պետք է կամքի մեծ ուժ ունենալ, երբեք չկոտրվել ու չվախենալ իրագործել այն, ինչին հավատում ես: Մյուս կարեւոր խորհուրդս անդադար սովորելու, այս ոլորտում նորը տեսնելու ձգտումն է, քանի որ աշխարհն այնքան արագ է զարգանում, եւ պետք է ժամանակին օգտագործենք բոլոր հնարավորությունները:

Տեքստը` Անուշ Կոստանյանի
Լուսանկարները` Վահան Բադալյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին