×


Վահե Թիլբյան. Դժբախտ պատահարը` կյանքը փոխելու առիթ

“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը կներկայանա hատուկ մրցույթի համար ձեւավորված “Genealogy’’ խմբով, որը կկատարի “Don’t Deny’’/«Մի՛ ժխտիր»/ երգը: Խմբի 6 մասնակցից հինգն արդեն հայտնի են` Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Վահե Թիլբյան (Աֆրիկա), Ստեֆանիա Թոփալյան (Ասիա) եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան(Ավստրալիա): BRAVO-ն զրուցել է Աֆրիկա  աշխարհամասը ներկայացնող Վահե Թիլբյանի հետ, ով պատմել է մրցույթից իր սպասելիքների, անցած ուղու եւ, իհարկե, արմատների մասին:

Վահե Թիլբյանը


-Ծնվել եք Եթովպիայում, սակայն արմատներով հայ եք: Պատմեք Ձեր ընտանիքի եւ արմատների մասին:

-Այո, մենք Եթովպիայում հաստատվել ենք շուրջ հարյուր տարի առաջ, սակայն իմ յուրաքանչյուր օրն այնտեղ լցված է եղել Հայաստանի մասին պատմություններով, հայկական երգ ու երաժշտությամբ: Գնացել եմ հայկական դպրոց, սովորել եմ հայերեն: Իսկ այժմ, երբ ամեն անգամ այցելում եմ Հայաստան, փորձում եմ ամեն ինչ կլանել, պահել հոգուս խորքում:

-Մասնագիտությամբ կենսաբան եք, զբաղվել եք բիզնեսով: Ի՞նչն էր պատճառը, որ որոշեցիք ամեն ինչ թողնել ու զբաղվել երաժշտությամբ:

-Ուղղակի մի օր արթնացա եւ հասկացա, որ կյանքը շատ կարճ է: Պետք է ապրել ամեն վայրկյանը, ամեն մի պահը: Դա այն բանից հետո էր, երբ զարմիկս մահացավ դժբախտ պատահարից: Ես հասկացա, որ պետք է լինեմ երաժշտության մեջ: Սա, իհարկե, բացասական առիթ է, սակայն այն ցույց է տալիս, որ մենք պետք է առաջ շարժվենք կյանքում… միշտ:

Վահե Թիլբյանը


-Պատրաստվում եք թողարկել հայկական տարրերով ձայնասկավառակ: Ե՞րբ եք մտադիր այն թողարկել եւ արդյո՞ք այնտեղ ներառված երգերը կլինեն արդեն իսկ հայտնի հայկական երգեր:

-Այո, ես մտադիր եմ թողարկել եւս 2 ձայներիզ, որոնցից մեկը կլինի ամբողջությամբ հայկական, մյուսը` եթովպական` ներկայացնելով մշակութային այն խառնուրդը, որից ես եմ սերում: Իմ երաժշտությունը կոչում եմ “Mixology”: Առաջին ալբոմս հենց այդ անունն է կրում, քանի  որ այն ցույց է տալիս իմ երկու կողմը:

- Պատրաստվո՞ւմ եք համագործակցել հայ երգիչների հետ:

-Իհարկե, շատ կցանկանամ, անպայման, անկասկած ...  Կցանկանամ զուգերգով հանդես գալ կամ գուցե մենահամերգ ունենալ Երեւանում: Հույս ունեմ` մի օր կստացվի: Դեռ վաղ է խոսելը:

Վահե Թիլբյանը


-Պատմեք “Եվրատեսիլ 2015”-ին Ձեր մասնակցության մասին:

-Երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից ստացա առաջարկ, աչքերիս չէի հավատում, չէի կարողանում պատկերացնել, որ նման հրաշք կարող է ինձ հետ պատահել: Բայց դա իրականություն էր: Երկար չմտածեցի համաձայնելուց առաջ, քանի որ ինձ համար շատ կարեւոր էր գիտակցել, որ 5 այլ մասնակցի հետ պետք է ներկայացնեմ Հայաստանը: Չէի կարող պատկերացնել, որ մի երգիչ Եթովպիայից, որը գտնվում է այդքան մեծ հեռավորության վրա, երբեւիցե կունենա այսպիսի հնարավորություն: Սա մի մեծ պարգեւ է, պատիվ ու ահռելի փորձ, որին ես երբեք չէի սպասում, հենց դրա համար դա ուղղակի աննկարագրելի զգացում է:

- Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր օտարերկրացի ընկերները:

- Երկար, շատ երկար ժամանակ չգիտեին դրա մասին, քանի որ գաղտնի էինք պահում` ըստ հաստատված ժամանակացույցի, երբ պետք է հայտարարվեր իմ անունը: Իսկ դրանից հետո ստացածս շնորհավորանքներն ու ջերմ խոսքերն անթիվ ու անհամար են: 

Ստեֆանի Թոփալյանը, Եսայի Ալթունյանը, Վահե Թիլբյանը եւ Թամար Կապրելյանը


- Այս տարի Հայաստանը ներկայանալու է անմոռուկի խորհրդով եւ առաջին անգամ 6 մասնակցով. Դու՞ր է գալիս Ձեզ գաղափարը:

-Գաղափարը հրաշալի է: Սա մեկ մեծ հնարավորություն է Հայաստանի եւ սփյուռքի միջեւ կամուրջներ կառուցելու հարցում:

-Ծանո՞թ եք մյուս մասնակիցներին եւ ի՞նչ կարծիք ունեք:

- Մինչ Հայաստան ժամանելը, մասնակիցներից որեւէ մեկի հետ շփում չեմ ունեցել, բայց նրանց մասին լսել էի, ծանոթ էի որոշ երգերի: Այժմ շատ երջանիկ եմ, որ հենց նրանց հետ ենք կազմում “Genealogy” խումբը: Այժմ այնպիսի տպավորություն ունեմ, որ ամբողջ կյանքումս ճանաչել եմ նրանց:

Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Վահե Թիլբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին