×


Վահե Թիլբյանի խնդրանք-առաջարկը Սիրուշոյին

“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը ներկայացրած “Genealogy’’-ից Վահե Թիլբյանը կրկին պապենական հայրենիքում է: Խմբում Աֆրիկա աշխարհամասը ներկայացրած երգիչը, որ թերեւս ամենազգացմունքայինն էր մասնակիցներից, անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ` պատմելով իր հետեվրատեսիլյան սինդրոմի, Հայաստան այցի մասին եւ ոչ միայն:

Վահե Թիլբյանը


-Վահե, եվրատեսիլյան եռուզեռը քեզ համար ավարտվեց հենց Ավստրիայում, քանի որ մրցույթի ավարտից անմիջապես հետո մեկնեցիր Եթովպիա: Ինչպիսի՞ ն էր վերադարձդ:

-Անկեղծ կլինեմ` հեշտ չէր: Իրադարձությունների այդպիսի զարգացումներից հետո ապրածս շրջադարձը շոկային էր: Սովորել, որ ամեն քայլափոխին քեզ հետեւելու են ֆոտոխցիկներն ու տեսախցիկները, ու հետո գնալ տուն, որտեղ քեզ սպասում է քո իրականությունը` զերծ նման ուշադրությունից, իհարկե, բարդ էր: 

-Գուցե առաջին հայտարարությունդ է այս թեմայով, բայց կարծում եմ` ֆեյսբուքյան ընկերներդ ու երկրպագուներդ  քո գրառումներից ենթադրում էին, որ վերջին ամիսներին տրամադրության որոշակի տատանումներ էիր ունենում:

-Իհարկե: Չափազանց անկեղծ եմ ընկերներիս ու երկրպագուներիս հետ: Եթե ուրախ եմ ու ասես ողջ աշխարհն իմը լինի, նրանք պետք է իմանան այդ մասին, բայց եւ պետք է իմանան` երբ եմ տխուր կամ, օրինակ, ընկղմված դեպրեսիայի մեջ: Ինչ խոսք, դեպրեսիայի ախտորոշում միշտ ինքս եմ նշանակում, եւ ոչ բժիշկները:

Վահե Թիլբյանը


-Եթե հիմնվենք քո ախտորոշման վրա ու համարենք, որ դեպրեսիա ես ապրել, հիմա վստահ դուրս ես եկել այդ վիճակից, քանի որ զրույցի ընթացքում դրան հատուկ ոչ մի սիմպտոմ դեռ չեմ նկատել:):

-Վստահ եղեք, որ դուրս եմ եկել դեպրեսիայից: Կյանքս ապրում եմ երաժշտության համար ու երաժշտության միջոցով: Հենց երաժշտությունն էլ օգնեց կարգավորել տրամադրությանս տատանումները:

-Եվ ինչպե՞ս:

-Դե, ինչպես եւ երգի մրցույթից առաջ շարունակեցի ելույթ ունենալ “Zemen Band”-ում` որպես մենակատար, եւ բացի այդ սկսեցի նոր ստեղծագործությունների վրա աշխատել: Դեռ փակագծերը չեմ ուզում շատ բացել, բայց կասեմ, որ ստեղծագործություններից մեկը կոչվում է “We Will Rise” եւ Հայոց ցեղասպանության մասին է:

-Վահե, թե ինչով ես զբաղվել ու զբաղվում Եթովպիայում, պարզ է: Բայց այսօր Հայաստանում ես, գուցե որոշակի համագործակցություններով պատրաստվում ես զարմացնե ՞լ երկրպագուներիդ:

-Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ այցս կոնկրետ ոչ մի նպատակ չէր հետապնդում: Միայն կասեմ, որ, այո, կան երգիչներ ու երաժիշտներ, որոնց հետ համագործակցելու մեծ ցանկություն կա, եւ նրանցից ոմանց հետ էլ արդեն իսկ սկսել ենք ինչ-որ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Սիրուշոն եւ Վահե Թիլբյանը


-Իսկ կա ՞ որեւէ մեկը, ում հետ համագործակցելու ցանկությունն առավել մեծ է:

-Իհարկե, կա: Կարծում եմ` շատերն են տեսել այն հոլովակը, որտեղ մեզ` “Genealogy”-ին, անակնկալ կերպով այցելեց Սիրուշոն, ու նկատել իմ ուրախության եւ հուզմունքի չափը, երբ նրա հետ զուգերգ էի կատարում: Հիմա ուզում եմ առիթից օգտվել ու BRAVO.am-ի միջոցով պաշտոնական հարց, խնդրանք ու առաջարկ անել իմ ամենասիրելի երգչուհուն. Սիրուշո, կգա՞ս համագործակցենք իրար հետ…

Դե ինչ, հուսանք` Սիրուշոն ինչ-որ կերպ կարձագանքի Վահե Թիլբյանի առաջարկին, իսկ մինչ այդ մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ մեզ հետ հարցազրույցից անմիջապես հետո երգիչը պետք է հանդիպեր եվրատեսիլյան “Face the Shadow” երգի խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանին: Կարծում ենք` այս հանդիպումից նոր համագործակցության հոտ է գալիս :):

Զրուցեց Դինա Հովհաննիսյանը/Bravo.am/
Լուսանկարները` Առաջին ալիքի եւ Վահե Թիլբյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին