×


Վարդան Բադալյանն` իր եվրոպական շրջագայության եւ նոր տեսահոլովակի մասին

Վարդան Բադալյանը Ամանորի նախաշեմին անակնկալ է մատուցել երկրպագուներին: Աշուղական, ժողովրդական երգեր կատարող երգիչը նոր տեսահոլովակ ունի` նկարահանված Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ եւ Լյուդվիգ Դուրյանի խոսքերով “Տաղ հայտնության” երգի հիման վրա, որը ընդգրկված է նրա երկրորդ համանուն ձայնասկավառակում:

Վարդան Բադալյանը` "Տաղ հայտնության" տեսահոլովակի նկարահանումներին


Ռեժիսոր Արթուր Վարդանյանն աշնանային գույներով տեսահոլովակը նկարահանել է հոկտեմբերին` Դիլիջանում եւ Ջրվեժում, իսկ պրեմիերան կայացել է օրեր առաջ. “Այս երգը շատ եմ սիրում, բացի այդ, այսօր քիչ է կատարվում: Չնայած` հիմա հոլովակները եթերում կարճ կյանք են ունենում, բայց օգնում են, որ գործը տարածվի: Երգիս ժանրն այնպիսին է, որ գուցե չհայտնվի լավագույն տասնյակներում, բայց հանուն դրա որակը չէր կարող տուժել”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչը:

Վարդանն օրեր առաջ է վերադարձել համերգային շրջագայությունից: Նա ազգագրական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանի, Աղասի Իսպիրյանի, Համլետ Գեւորգյանի, ինչպես նաեւ Աշոտ Ղազարյանի հետ ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Մոնակոյում, Չեխիայում:

Վարդան Բադալյանը


“Ելույթ ենք ունեցել համերգասրահներում: Յուրաքանչյուր քաղաքի հայերն իրենց ավանդույթներն ունեն. մի երկրում շատ են Հայաստանից մեկնած մեր հայրենակիցները, մեկ այլ տեղ` իրանահայերը, ամեն վայրում իրենց ձեւով են ուրախանում համերգներին: Կազմակերպիչն էր “Պոզիտիվ փրոդաքշնը”: Նրանք աշխատում են նաեւ Թաթայի, Արմենչիկի հետ: Սա առաջին հերթին բիզնես է, շուկան ուսումնասիրում են եւ հասկանում, թե ում կարելի է հրավիրել: Ցավոք, ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում հայերն այդքան շատ չեն լսում ազգագրական երգեր, բայց սիրողը միշտ էլ սիրում է, իսկ համերգների հաջողությունը շատ հանգամանքներից է կախված` գովազդից, տարվա եղանակից եւ այլն”,-նշել է երգիչը:

Վարդան Բադալյանը


Պարբերաբար լինելով Հայաստանից դուրս` Վարդանը չի հասցնում այնքան ժամանակ տրամադրել ընտանիքին, որքան կցանկանար.“Փորձում եմ հասցնել, բայց ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում, մանավանդ հիմա, երբ սկսվել են ամանորյա նկարահանումները: Հունվարի սկզբին էլ մեկնելու եմ Միացյալ Նահանգներ: Այս անգամ արդեն երաժիշտների հետ կենդանի նվագակցությամբ համերգ կունենանք”:

BRAVO.am
Լուսանկարները` Վարդան Բադալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին