×


Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգի հուզիչ դրվագներն ու սպասվելիք անակնկալը

Վարդուհի Վարդանյանի մահից տասը տարի է անցել: Չարաբաստիկ ավտոպատահարի հետեւանքով կյանքից անժամանակ հեռացած երգչուհին այս տարի կդառնար 40 տարեկան։ Երգչուհու երաժիշտ ընկերները 10-ը տարվա ընթացքում ստեղծել են նրա հիշատակին նվիրված 10-ից ավելի երգեր, նկարահանել տեսահոլովակներ, թողարկել ձայնասկավառակ, կազմակերպել համերգներ։

Հայկոն, Էրիկը, Արսեն Սաֆարյանը եւ Ավետ Բարսեղյանը


Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրկին հնչում էին, ինչպես մտերիմներին են նրան անվանում, Թութուշի երգերը։ «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագիրը կրող համերգ-երեկոն համախմբել էր նրա երաժիշտ ընկերներին ու երկրպագուներին։ 

Այս համերգին երգիչները կատարել են Վարդուհու երգացանկի սիրված երգերը եւ նրան նվիրված իրենց հեղինակային գործերը՝ Անչոկը` «Սիրել հանուն սիրո», Անդրեն` «Հորդ անձրեւ», Սոնա Ռուբենյանը` «Վերադարձ», Սոնա Շահգելդյանն ու Էրիկ Կարապետյանը` «Կորած յար», Երգի թատրոնի կատարողները` «Հայաստան աշխարհ», Մրրոն` «Գքելեր», Արսեն Սաֆարյանը` «Դու ապրում ես»։ Ելույթ են ունեցել նաեւ Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Քրիստինե Պեպելյանը, Հայկոն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը եւ այլք։

Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին


Համերգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվել են արխիվային լուսանկարներ Վարդուհու ընտանեկան ալբոմից, տարբեր տարիների համերգային կատարումներն ու հոլովակները՝ հուզելով ներկաներին։

Հանդիսատեսը մեծ էկրանին դիտել է օրերս թողարկված Արման Աղաջանյանի եւ Վարդուհու զուգերգը՝ «Երանի»-ն, որը ներկայացնելու համար երգիչը Միացյալ Նահանգներից ժամանել էր Երեւան, եւ համերգից անմիջապես հետո վերադարձել է։ Զուգերգի երաժշտության ու գործիքավորման հեղինակը Կարեն Մարգարյանն է, խոսքերը գրել է Անիտա Հախվերդյանը։ Հոլովակի կադրերը տասը տարվա վաղեմության են, այն վերջնական տեսքի հասցրել է Սերգեյ Դավթյանը։ 

Համերգը վարող Ավետ Բարսեղյանը նշել է, որ երգչուհու մտերիմների համար նրա հետ կապված ամեն նոր բան մասունքի պես է դարձել.«Տասը տարի է անցել, գուցե պարադոքսալ է հնչում, բայց Վարդուհի եւ պրեմիերա բառերը իրար կողքի են։ Արման Աղաջանյանի համակարգիչը, կարծես, հեքիաթային արկղ լինի. ցայսօր լսում ենք ձայնագրությունները։ Հասկանում ենք, որ մեր սիրելի երգչուհուց մեզ ոչինչ չի բաժանի»։

Սիրուշոն


Երեկոյի եզրափակիչ հատվածում Սիրուշոն կատարել է «Հայկական էսքիզներ»-ը եւ իր հեղինակած «Մեզ ոչինչ չի բաժանի» երգը։ Ավետը դահլիճից բեմ է հրավիրել Վարդուհու որդուն՝ Ռուբենին, նաեւ ծաղիկներ է նվիրել երգչուհու մայրիկին։ 18-ամյա տղան արդեն ուսանող է, սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետում։ Թեեւ նախորդ համերգներին Ռուբենը երգել է, այժմ միայն տանն է նվագում ու երգում։  

Վարդուհու հարազատ քույրը՝ Քրիստինա Վարդանյանը, կազմակերպիչներից մեկն է, ինչպես նշել է, մեծ թիմի հետ է աշխատել.«Մեզ համար համերգները կարեւոր են եւ կշարունակենք պարբերաբար կազմակերպել։ Այդ հարցում շատ են աջակցում մեր ընտանիքի ընկերները՝ Սյուզան Մարգարյանը, Արսեն Գրիգորյանը, Ավետ Բարսեղյանը եւ մյուս մտերիմները»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա եւ հավելել, որ երգչուհու ձայնադարանից կան երգեր, որոնք դեռեւս լսված չեն։ Նա բացել է փակագծերը եւ հայտնել, որ Վարդուհին ու Սոսո Պավլիաշվիլին վաղուց մի զուգերգ ունեն, որը շուտով կներկայացնեն։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին