×


Վարդուհին իր ձայնով շարունակում է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը

Երբ 15 տարի առաջ մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյանը մեկնեց Հայաստանից, նա դեռ չգիտեր, թե կոնկրետ ուր է գնում ու ինչի ետեւից: Բնատուր ձայնը, 7 տարվա ուսումնառությունն ու նպատակասլացությունը, սակայն, նրա համար այնպիսի թատրոնների դռներ բացեցին, ինչպիսիք են Փարիզի օպերան կամ, օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնը: Իսկ այսօր Վարդուհին արդեն գիտի իր խաղացանկային զբաղվածությունն ու դերերգերը, այն էլ մինչեւ 2019 թվական. “Կարմեն”` Համբուրգում, “Սամսոն եւ Դալիլա”` Վալենսիայում, “Եվգենի Օնեգին”` Տորոնտոյում, եւ այսպես շարունակ: Ներկա պահին Համբուրգում գտնվող երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, հանդիպած դժվարությունների մասին եւ ոչ միայն:

Վարդուհի Աբրահամյանը


-Վարդուհի, գիտեմ, որ ծնվել եք երաժիշտների ընտանիքում. Ձեր տատիկը երգել է երգչախմբում, հայրն օպերային երգիչ է եղել, քույրը նույնպես օպերային երգչուհի է: Հետաքրքիր է, Ձեր` երգչուհի դառնալը պայմանավորված է եղել որեւէ մեկի թելադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, անձնական ընտրություն է:

- Հավատացեք` իմ ընտրությունն է: Հայրս երբեք խորհուրդ չի տվել, որ այս ուղին ընտրեմ, անգամ դեմ է եղել: Հիշում եմ` երբ պատրաստվում էի ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, ասում էր` “մի արա, կփոշմանես”: Հիմա նոր եմ հասկանում նրա խորհրդի կարեւորությունը:

Իրոք, բարդ ոլորտ է, իսկ կնոջ համար` ավելի. տարվա մեծ մասը միայնակ եմ` ճամփորդելով մի երկրից մյուսը, ապրելով մեկ այս վարձով տանը, մեկ այն հյուրանոցում… Բայց չեմ կարող առանց սրա. հոգուս մեջ է մտել: Պահ է եղել` զայրացել եմ, երկու օր դադար եմ տվել, բայց էլ ավելի վատ եմ ինձ զգացել:

- Ձեր կարիերան սկսել եք արտերկրում: 15 տարի առաջ Ֆրանսիա տեղափոխվելու դրդապատճառն արդյո՞ք երաժշտական էր:


- Երբ Ֆրանսիա գնացի, մտքովս անգամ չէր անցնում, որ կարող եմ նման կարիերա ունենալ: Եկա արտասահման պարզապես ինչ-որ բան անելու` թեկուզեւ երաժշտության հետ կապ չունեցող: Եկա, չէի տիրապետում ֆրանսերենին, չէի ճանաչում ոչ ոքի… Որոշակի ծանոթություններ ձեռք բերելու նպատակով միայն որոշեցի Մարսելի կոնսերվատորիա ընդունվել: Ուզում էի ինչ-որ բանի հասնել, դիմում էի տարբեր գործակալների, բայց պատասխան չէի ստանում, քանի որ փորձառություն չունեի: Այդ պահին ինձ աջակցեց դասախոսներիցս մեկը` ասելով, որ իր գործընկերուհի գործակալներից մեկը կլսի ինձ: Ճիշտ է` նա ինձ 6 տարի անց լսեց, բայց հենց այդ պահից կյանքս հիմնովին փոխվեց: Նրա շնորհիվ մեկ տարի շարունակ ամենատարբեր լսումների մասնակցեցի ու ինձ, ի վերջո, նկատեցին, այն էլ` Փարիզի օպերայից:

Վարդուհի Աբրահամյանը


- Այդ պահից ի վեր սկսեցիք ամենատարբեր երկրների թատրոններից հրավերներ ստանալ, Ձեզ սիրեց հանդիսատեսը, եւ անգամ այնպիսի պարբերականը, ինչպիսին “The New York Times”-ն է, գովաբանեց Ձեր ձայնն ու բեմական կեցվածքը…

– Այո, կարող եմ ասել, որ հենց այդպես էլ եղավ: Գիտեք, ոչ միայն երգելն եմ սիրում, այլեւ դերասանությունը… Լիովին մտնում եմ կերպարի մեջ, ու երբ ելույթներից հետո հանդիսատեսը մոտենում ու ասում է, կամ լրագրողներն իրենց նյութերում գրում են, որ ինձ հետ հավասար ապրել են ամեն վայրկյանը, այնքան մեծ բավականություն եմ ստանում, որ հաջորդ անգամ ուզում եմ էլ ավելի գոհացնել նրանց:

- Կարմեն, Կորնելիա… Կերպարները, որոնց մարմնավորում եք, իրենց հետքը թողնո՞ւմ են Ձեզ վրա:


-Կերպարների վրա ես եմ հետք թողնում` իմ բնավորությունը խառնելով նրանց բնավորության հետ ու ստեղծելով իմ Կարմենը, կամ էլ իմ Կորնելիան: Բայց նրանցից ոչինչ չեմ վերցնում. նրանք այդպես էլ մնում են բեմում:

-Կա՞ այնպիսի կերպար, որին մարմնավորելու ցանկությունն առավել մեծ է:

- Տարիներ առաջ, երբ ստանում էի այս հարցը, պատասխանս հետեւյլան էր` Կարմեն, ապա Դալիլա: Կարմենին մարմնավորել եմ ու շարունակում եմ մարմնավորել: Իսկ մի քանի շաբաթ հետո արդեն Վալենսիայում կսկսենք “Սամսոն եւ Դալիլա”-ի փորձերը:

Վարդուհի Աբրահամյանը


–Վարդուհի, բազմաթիվ երկրների թատրոններում եք հանդես եկել, կա՞ արդյոք այնպիսինը, որտեղ երազում եք երգել:

- Շատ եմ ուզում ելույթ ունենալ Նյու Յորքում եւ Միլանում: Իհարկե, Երեւանում եւս ուզում եմ երգել: Ցանկությունս առավել մեծ էր, երբ հայրս դեռ ողջ էր. ուզում էի, որ հայրս ինձ բեմում տեսնի: Միշտ ասում էի նրան, եթե հետաքրքրություն լինի, կասես, որ պատրաստ եմ….

- Ձեր հայրը Ձեզ բեմում տեսա՞վ:

- 2013-ին Փարիզում “Հուլիոս Կեսար”-ի փորձերով էի զբաղված: Հայրիկիս ասացի, որ ընդամենը երեք շաբաթ է մնացել, կգա Փարիզ ու ի վերջո աղջկան կտեսնի բեմում: Ներկայացումից մեկ շաբաթ առաջ հայրս մահացավ…  Ի վիճակի չէի ելույթ ունենալ, ուզում էի հրաժարվել ելույթներից: Սակայն թե մայրս, թե քույրս, թե օպերայի տնօրենը, թե դիրիժորը, բոլորն ինձ ստիպեցին բեմ դուրս գալ ու ելույթ ունենալ հայրիկիս համար: Անգամ չգիտեմ, թե ինչպես եմ մոտ տասը ելույթ ունեցել. բեմում մի տեսակ ուժ էի ստանում, կարողանում էի դիմանալ, բայց ներկայացումից հետո վիճակս ահավոր էր:

Մեկուկես տարի է անցել, բայց հայրիկիս կորցնելու փաստի հետ չեմ կարողանում մերվել. մինչ օրս նրա խորհուրդներն ականջիս մեջ են, բեմում ամեն վայրկյան իր հետ եմ, դահլիճում իրեն եմ տեսնում, չգիտեմ...

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները` Վարդուհի Աբրահամյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW