×


Վիգեն Հովսեփյան.«Նազենիի քայլից պարզապես ցնցված էի»

Արտերկրում տեւական ժամանակ բնակվելը Վիգեն Հովսեփյանին չխանգարեց գալ հայրենիք եւ ստեղծել մի նոր ասելիք ունեցող երաժշտություն, որը, իրականում, կար, բայց մոռացված էր. պետք էր միայն նորովի ներկայացնել հայկական մեղեդին, պետք էր սիրել եւ տեղ տալ հայկականին, լսելի դարձնել այն։ Նրա հետ զրուցել ենք «Գուլո»-ի ստեղծման, Սոֆի Մխեյանի եւ իր համագործակցության, հայրենիք վերադառնալու պատճառների, Բարսելոնայում ունեցած հաջողությունների, երեւանյան կոլորիտը հետ բերելու եւ այն «զգույշ» պահելու մասին։

Վիգեն Հովսեփյանը


- Ծնվելով Հայաստանում, բայց տեւական ժամանակ ապրելով արտերկրում, դժվա՞ր չէր գալ հայրենիք եւ ստեղծել մի նոր բան, որը կհետաքրքրի հայ հանդիսատեսին: 

-Բնականաբար, դժվար էր: Երբ ապրում ես արտերկրում, եւ կապ չունի` կոնկրետ որտեղ, տեղափոխվելով նոր միջավայր, որտեղ ամեն օր շփվում ես քեզ համար լրիվ նոր մտածելակերպ ունեցող մարդկանց հետ, սկզբնական շրջանում առաջանում են դժվարություններ, բայց դրանք խոչընդոտներ չէին կարող լինել: Մի խոսքով, եթե ունես նպատակ, ամեն բան հաղթահարելի է:  

-Կայի՞ն գործոններ, որոնք ազդեցին կամ նպաստեցին հենց այդ նպատակների իրագործմանը, եւ եթե` այո, որո՞նք էին:  

-Կդժվարանամ այդ հարցին պատասխանել, քանի որ մի քանի գործոններ կային, բայց երեւի թե, ամենաառաջնայինը ցանկությունն է, եւ եթե մի բան անում ես հաճույքով, սիրով, ինձ թվում է` անպայման կհասնես հաջողության, իսկ այս ասպարեզում պետք է գործդ անես մեծ հաճույքով, եռանդով, որպեսզի ունենաս արդյունք:    

-Երաժշտական կրթություն չունենալը երբեւէ չի՞ խանգարել երգարվեստում:      

- Երաժշտական կրթություն չունեմ, բայց հավատացել եմ, որ մի օր ինչ-որ բանի հասնելու եմ: Երբ եկա Հայաստան, սկզբնական շրջանում մի քանի ամիս չաշխատեցի, իսկ հետո հասկացա, որ առանց երաժշտության չեմ կարող: Սկսեցի ելույթներ ունենալ տարբեր ակումբներում, որտեղ կարելի է հանդես գալ կենդանի երաժշտությամբ: 

-Թե՛ արտերկրում, թե՛ այստեղ ստացել եք համագործակցության տարբեր առաջարկներ: Եղե՞լ են առաջարկներ, որոնք մերժվել են:   

-Բարեբախտաբար, միշտ լավ ու դրական առաջարկներ եմ ստացել, դրա համար էլ պատճառ չի եղել մերժելու: Դեռ վատ առաջարկ չեմ ունեցել, որ մերժեմ:):  

-Հանդիսատեսի հետ շփումը օգնում է արտիստին բեմում, երբ չի լինում այդ կապը, ստացվո՞ւմ է որեւէ կերպ լրացնել այն։  

-Բոլոր ակումբներում, բնականաբար, արձագանքները չէին կարող նույնը լինել. եղել են ե՛ւ դրական արձագանքներ, ե՛ւ` հակառակը, այսինքն` անտարբեր հանդիսատես, որի դեպքում պարզապես երգում ես, իսկ երբ ներկաների հետ կապը ստացվում է, ստեղծվում է մի ուրիշ աշխարհ, որտեղ դու գործ ունես դիմացինիդ զգացմունքների, հույզերի հետ, ինչը շատ հետաքրքիր ու կարեւոր է ցանկացած արտիստի համար:

Սոֆի Մխեյանը եւ Վիգեն Հովսեփյանը


-Հայաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց ունեցաք զուգերգ Սոֆի Մխեյանի հետ` իսպանականի եւ հայկականի համադրությամբ, ինչը նորություն էր հայկական երգարվեստում: Ինչպե՞ս ծնվեց ստեղծագործությունը եւ ո՞ւմ կողմից էր առաջարկը: Պատմում են Սոֆին եւ Վիգենը: 

Վիգեն. Ակումբային համերգներից մեկի ժամանակ Սոֆին, ում դեռ ծանոթ էի Բարսելոնայից, լսելով կատարումս, հավանեց եւ հաջորդ օրը զանգահարեց ինձ:

Սոֆի. Օրերից մի օր համերգի ժամանակ պատահական տեսնելով Վիգենի ելույթը` շատ հավանեցի, նա էլ ընդունեց առաջարկս: Ես ունեի «Մի քիչ» երգը, որը դեռ չէի ներկայացրել, քանի որ մտածում էի` մի բան պակաս է: Ուրախ եմ, որ չտրվեցի հույզերին եւ սպասեցի այնքան, մինչեւ գտա, թե ինչն է պակաս: Նա երգին ավելացրեց իր իսպանական հատվածը, մի փոքր փոփոխեցինք երաժշտություը, եւ կարեւորը` վերջնական տարբերակը լավ ստացվեց ու հաջողություն ունեցավ: Արձագանքները շատ էին, նույնիսկ Շակիրայի «Մանա» խմբի կիթառահարն արձագանքեց, ինչին, անկեղծ, չէինք սպասում: Այն ճանաչվեց նաեւ տարվա լավագույն զուգերգ: Շատ շնորհակալ ենք երգի հեղինակ Հասմիկ Մուրադյանին, ով մեծ սիրով համաձայնեց այն տրամադրել մեզ: Հիմա ես էլ, Վիգենն էլ առիթը բաց չենք թողնում տարբեր միջոցառումների ժամանակ ներկայանալ այդ երգով:):    

-Մեկ տարի չանցած` հանդես եկաք հայկական «Գուլո» երգով, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսուհին Նազենի Հովհաննիսյանն է: Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը:           

-Ընկերական մի հավաքի ժամանակ ծնվեց միտքը, որ տեսահոլովակում հանդես գա Նազենին, ինչն իսկզբանե շատ պարտավորեցնող էր եւ միաժամանակ ուրախալի: Ինձ համար անսպասելի էր, ես պարզապես ցնցված էի: Գիտակցելով Նազենիի մասնակցության կարեւորությունը` անչափ շնորհակալ եմ նրան աջակցության համար: 2015 թվականին Րաֆֆի Մենեշյանի կողմից ստացա առաջարկ թողարկել բացառապես ժողովրդական երգերի ձայնասկավառակ: Շատ սիրելու հետ մեկտեղ նաեւ կարեւորում եմ հայկական մշակույթը, դրա պահպանումը եւ տարածումը:

Նազենի Հովհաննիսյանը եւ Վիգեն Հովսեփյանը


-Հետաքրքիր դեպք, որը չեք մոռանա:    

-Մի փոքր նախաբանով սկսեմ. երբ Բարսելոնայում էի, մասնակցության հայտ ուղարկեցի «Ծովից ծով» միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենալու Մոսկվայի Կրեմլի դահլիճում: Շատ հուզված էի, քանի որ առաջին անգամ էի ելույթ ունենալու նման մեծ բեմում: Վախով դուրս եկա բեմ եւ կատարեցի «Լուսնյակ գիշեր» երգը: Առաջին նոտաներից հետո միանգամից ծափահարություններ հնչեցին: Մեր խումբն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, որի համար շատ ուրախ եմ եւ երբեք չեմ մոռանա: Ամեն բան անելու եմ, որպեսզի հին հայկական մոռացված երգերը ներկայացնեմ, եւ շատ ուրախ կլինեմ, եթե ունենամ համախոհներ:    

-Ի՞նչ է պակասում Հայաստանին:       

-Երեւի թե ազգային արժեքներին ու մշակույթին առաջնային տեղ տալը, քանի որ այսօր մենք հենց դրանով ենք առանձնանում, տարբերվում: Պետք է հնի վրա նորը կառուցել, որպեսզի պահպանենք եւ տարածենք մեր մշակույթը: Կան մարդիկ, ովքեր նպաստում են դրան, պետք է պարզապես շատանանք, ստեղծենք կոլորիտ ու զգույշ պահենք այն:

Զրուցեց Անահիտ Առաքելյանը
Լուսանկարները` Վիգեն Հովսեփյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին