×


Վիգեն Մնոյանի «Սերը» կարծրատիպեր կկոտրի

Տիկնիկային թատրոնում մեկ ամիս կգործի Վիգեն Մնոյանի «Սեր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը լուսանկարիչն իրականացրել է «Սկարպ» ՀԿ-ի հետ համատեղ նախագծի շրջանակում: Աշխատանքներում ներկայացված է հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ հոգատարությունն ու սերը: 

Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով ցուցահանդեսին


«Այս լուսանկարները խոսուն են, եւ ավելորդ բառեր օգտագործելու կարիք չկա: Արդեն չորս ցուցահանդես ենք կազմակերպել, բայց այս մեկը յուրօրինակ է ու մեծ հետաքրքրություն է առաջացրել շատերի շրջանում: Նպատակն է հասարակությանն իրազեկել ու կոտրել այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխաները քիչ սիրված են իրենց ընտանիքներում: Հավատացնում եմ՝ նման բան չկա»,-նշել է «Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանը:

Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով ցուցահանդեսին

Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով ցուցահանդեսին


Վիգեն Մնոյանը բազմիցս համագործակցել է «Սկարպ» ՀԿ-ի հետ. նախորդ տարի հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածության մասին պատմող նախագիծ են իրականացրել.«Կազմակերպության նախագահի՝ Աշոտի հետ լավ ընկերներ ենք: Մի անգամ խոսում էինք այն մասին, որ շատերին թվում է, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտանիքները երջանիկ չեն: Նման բան չկա, նրանք երջանիկ են, ուրախ են, եւ, ընդհանրապես, կարծում եմ՝ հաշմանդամությունն այն է, երբ մարդիկ շատ բաներ այլ կերպ են կարողանում անել, քան, օրինակ, ես»:

Վիգեն Մնոյանի «Սեր» խորագրով ցուցահանդեսին


Նախագծին մասնակցել է 11 ընտանիք, ցուցահանդեսին ներկայացված է սեւ ու սպիտակ 32 աշխատանք.«Սեւն ու սպիտակը դուրս են բերում կադրի գլխավոր իմաստը, մարդը չի շեղվում ու խաբվում գույներով»,-ասել է լուսանկարիչն ու հավելել.«Միայն դրական հույզեր ու էներգետիկա եմ ստացել՝ ընտանիքների հետ աշխատելով: Ուրախ եմ, որ այսօր այդ երեխաներին տեսնում եմ այստեղ, շատ հուզված եմ»:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին