×


Վիգեն Հովսեփյանը՝ կնոջ հետ

Վիգեն Հովսեփյան.«Ամանորը նշեցինք ծննդատանը»

2018 թվականը Վիգեն Հովսեփյանի համար սկսվել է իր կյանքի լավագույն նվերով։ Հունվարի 1-ին՝ կեսգիշերից մեկ ժամ անց, լույս աշխարհ է եկել երգչի առաջնեկը: Նորաթուխ ծնողներն Ամանորը դիմավորել են ծննդատանը։

Հայկական ֆոլկ ու իսպանական երգեր կատարող երաժիշտը BRAVO.am-ին հայտնել է, որ որդուն անվանակոչել են Արթուր՝ իր հոր պատվին.«Նոր տարվա փոխարեն հայկական տարբերակով  7 օր 7 գիշեր քեֆ էինք անում:)։ Որդուս լույս աշխարհ գալուց հետո մեր առօրյան լիովին փոխվել է։ Հիմա պիտի ավելի շատ տանը լինեմ, հետաքրքիր է՝ ինչպես է մեծանում, ինչ է անում»։

Վիգեն Հովսեփյանի հարսանիքին


Բարսելոնան Վիգենի երկրորդ տունն է, որտեղ բնակվել է 15 տարի, այժմ էլ հաճախ է մեկնում, բայց ամուսնությունը գլխավոր շարժառիթն էր վերադառնալու Հայաստան:

Նախորդ տարվա ապրիլին հայկական ֆոլկ երգերով «Արձագանքներ» սկավառակը թողարկելուց հետո նա երաժիշտ ընկերների հետ համերգներով է հանդես եկել Բարսելոնայում, Փարիզում եւ Լոնդոնում.«Մեր բենդը բաղկացած է հինգ հոգուց: Հայ երաժիշտներիս միացել էր Բարսելոնայում ապրող նորվեգացի ընկերս, որը նվագում է դաշնամուր եւ թավջութակ։ Մեր ելույթներին գերակշռում է սփյուռքահայ հանդիսատեսը, բայց հնարավոր ամեն բան անում ենք, որ այլազգիներն էլ լսեն մեր ազգայինը։ Հաճախ նամակներ եմ ստանում եվրոպացիներից, սիրում են հայկականը, ասում են, որ հետաքրքրված են հայկական գործիքներով, նրանց ականջին անսովոր է, թագավորական ու վեհ է հնչում»։

Վիգենը համերգներին կատարում է ոչ միայն հայկական, այլեւ իսպանական երգեր. «Իհարկե, չեմ կարող իսպանականը զգալ այնպես, ինչպես հայկականը, որքան էլ որ լավ եմ զգում։ Հիմնական հայկական երգացանկին ավելացնում եմ հին, մոռացված ժողովրդական երգեր։ Միշտ պեղում եմ այնպիսի գործեր, որոնք քիչ են կատարված. օրինակ՝ «Ալ բլուզիդ մեռնիմ», «Ախ, Մարիամ, Մարիամ, խորոտ աղջիկ», իսկ «Հալա, Հալա Նինո» երգը հայտնի է Քեսաբի տարբերակով, մենք կատարում ենք Տիգրանակերտի՝ քիչ տարածված տարբերակը։ Երգերն ընտրելու հարցում հատուկ խորհրդատու չունեմ, հետեւելով իմ սրտին՝ ինքս եմ ընտրում»։

Վիգեն Հովսեփյանն՝ իր բենդի երաժիշտների հետ


Մեզ հետ զրույցում երգիչ-կիթառահարը պատմել է նաեւ այս տարվա անելիքների մասին։ Հունվարի 28-ի մենահամերգ կունենա Երեւանում, մարտի 9-ին, 10-ին՝ Գլենդելում.«Համերգներից ու նոր երգերից բացի, նոր տեսահոլովակ կնկարենք Հայաստանում։ Արտասահմանում նկարելու հնարավորություն կա, բայց այնքան վայրեր ունենք ցույց տալու մեր երկրում, ինչո՞ւ գումարը ծախսենք դրսում։ Կարծում եմ՝ դա թիթիզություն է, երբ 30-40 հոլովակ կունենանք Հայաստանում, հետո նաեւ դրսում կնկարենք»,-եզրափակել է նա։

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Հովսեփյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին