×


“Վիտամինցի” Տիգրանի դստեր առաջին լուսանկարները :)

Գարնանը “վիտամինցի” Տիգրանի եւ Սեդայի գեղեցիկ ընտանիքը համալրվեց եւս մեկ անդամով: Օրերս նրանց հյուրն էինք: Հումորիստը, ողջունելով մեզ, հայտնեց, որ դուստրը նոր է քնել, բայց 15 րոպեից կարթնանա: Ժամերն անցնում էին, իսկ աղջնակը դեռ քնած էր: Հաճելիորեն զարմացած ծնողներն առաջարկեցին այսուհետեւ հաճախ այցելել իրենց:): Ռիտան արթնացավ երկու ժամից ու լայն ժպիտով եւ ուրախ տրամադրությամբ լուսանկարվեց BRAVO.am-ի համար:  

Տիգրանը` կնոջ եւ դստեր հետ


Լուրն իմանալուց հետո Տիգրանն ամբողջ գիշեր չի քնել :)

ՍԵԴԱ. Երբ իմացա` հղի եմ, անհամբեր սպասում էի Տիգրանին, որպեսզի հայտնեմ լուրը: Այդ օրը նա սովորականից ուշ տուն եկավ: Անընդհատ զանգում էի` ճշտելու, թե երբ կհասնի, բայց քունս էլ տանում էր: Եկավ, իմացավ, ես քնեցի, իսկ նա ամբողջ գիշեր արթուն մնաց:):

ՏԻԳՐԱՆ. Չէի կռահել, որ կարեւոր բան ունի հայտնելու, քանի որ այնքան կապված ենք, որ միշտ էլ 15 րոպեն մեկ իրար զանգահարում ենք: Շատ բարդ է բացատրել, թե ինչ էի զգում, այդ պահին ոչինչ չես մտածում, պարզապես ուրախ ես եւ ուզում ես պինդ-պինդ պահել այդ զգացողությունը:

Աղջիկ ունենալը` երազանք

ՏԻԳՐԱՆ.  Երազել եմ, որ առաջնեկս աղջիկ լինի: Ուզում եմ, որ երկրորդ երեխաս էլ աղջիկ լինի, իսկ արդեն երրորդը` ինչ Աստված կամենա: Տղայիս էլ շատ կսիրեմ, բայց ամեն անգամ կնոջս բժշկի տանելիս կրկին հետաքրքրվում էի` հաստատ աղջիկ է, չէ՞:

ՍԵԴԱ.
Ցանկանում էինք այնպիսի անուն ընտրել, որ այլ երկրներում էլ գեղեցիկ հնչի եւ ճիշտ արտասանվի: Շատ երկար ենք մտածել այս հարցի շուրջ, մեր նախընտրած անուններից մեկն էլ մայրիկիս անունն էր` Ռիտա:

Տիգրանը` կնոջ եւ դստեր հետ


ՏԻԳՐԱՆ. Եղբայրս երկու դուստր ունի, որոնցից մեկին արդեն իսկ անվանակոչել է մայրիկիս պատվին: Եվ մտածեցինք` ինչու ոչ, թող մեր աղջիկն էլ լինի Ռիտա Տիգրանովնան. համահունչ է իմ անվանը:):

Տիգրանը` հոգատար հայրիկ

ՍԵԴԱ. Ամուսինս օգնում է երեխայի խնամքի հարցում, միակ բանը, որ չի անում, տակդիր փոխելն է: Ռիտան վատ ուտող փոքրիկ է, եւ, հավատացեք, ամենից լավ Տիգրանին է հաջողվում համոզել նրան, նաեւ քնեցնելու հետաքրքիր մեթոդ ունի` թաթիկների հետ է խաղում:

ՏԻԳՐԱՆ. Մինչեւ երեք ամսական դառնալը բավական անհանգիստ էր, բայց որոշել էինք ծնողների օգնությանը չդիմել, երկուսով խնամել եւ զգալ այդ բերկրանքը: Ճիշտ է, շատ տանջեց, ապրում էինք զինվորական ռեժիմով, բայց չէինք բողոքում:

Փոքրիկ Ռիտան


Փոքրիկ Ռիտայի առաջին զբոսանքը

ՍԵԴԱ. Մեկ ամսական հինգ օրական էր, որոշեցինք` դրսում ավելի լավ կքնի, եւ դուրս եկանք զբոսանքի: Աբովյան փողոցում շունչներս պահած երազում էինք, որ չարթնանա եւ չլացի:

ՏԻԳՐԱՆ. Հետաքրքիր բնավորություն ունի. երբ պետք է տեղ գնանք, երեք-չորս ժամ հանգիստ քնում է:

ՍԵԴԱ. Աղջիկս միանշանակ նման է հայրիկին:

ՏԻԳՐԱՆ. Առաջին հայացքից ինձ է նման, բայց երկար զննելով` հասկանում ես, որ նման չէ:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին