×


Վլադիմիր Սիմոնյանի արեւոտ կտավները` Նկարիչների միությունում

«Իմ փոխարեն թող իմ կտավները խոսեն»` ահա այս խոսքերով երեկ ՀՀ նկարիչների միության անդամ, «Հայկական ներկապնակ» ծրագրի մասնակից Վլադիմիր Սիմոնյանը հյուրերին ուղեկցել է ցուցասրահ` դիտելու արեւոտ գույներով համեմված իր կտավները:

Վլադիմիր Սիմոնյանը


Ցուցահանդեսում գերակշռում են հայոց աշխարհի սքանչելի բնապատկերները: Այլեւս կասկածի տեղիք չի կարող լինել` նրա ոգեշնչման աղբյուրը բնությունն է. «Բնությունը ձգում է. ամեն ինչ կարող եմ թողնել գնալ դեպի բնություն եւ այնտեղ աշխատել: Հայաստանի տարբեր շրջաններն ունեն տարբեր կոլորիտներ, տարբեր գույներ: Ուրիշ երկրների համեմատ Հայաստանը պայծառ է: Ես երկար տարիներ ապրել ու աշխատել եմ նաեւ Ռուսաստանում, բայց ինձ չի հաջողվել ստանալ այն գույները, որ Հայաստանն ունի: Ես էլ չեմ կարող ապրել ու աշխատել այլ երկրում, միայն այստեղ՝ Հայաստանում»,-ասել է նկարիչը:

Վլադիմիր Սիմոնյանի կտավներից


Ցուցահանդեսին ներկա էր «Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ով մեզ հետ զրույցում նշել է, որ ավելի քան 5 տարի ծանոթ է նկարչի գործունեությանը եւ գնահատում է նրա ստեղծագործական ակտիվությունը.«Այս ընթացքում մենք ունեցել ենք առնվազն 12 ցուցահանդես, որոնց կարեւոր, առանցքային նկարներից ներկայացրել է նաեւ Վլադիմիր Սիմոնյանը: Նա բնությունը մատուցում է իր ձեւով` յուրօրինակ: Ահա, բոլորիս հանրահայտ բնության կտորներ ենք տեսնում, բայց կտորների մեջ կան նրբություն, հետաքրքիր մտերմություն, ջերմություն, որը երեւի թե շատ հաճախ պակասում է բոլորիս»:

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն եւս հավանել է նկարչի աշխատանքները.«Հմուտ ձեռքի կտավներ են, եւ ես հպարտ եմ, որ նա ունի նկարներ, որոնք արվել են Հնդկաստան այցելության ժամանակ: Նա հրաշալի կապ ունի բնության հետ եւ գնահատում է այն: Գեղեցիկ ցուցահանդես է, շնորհակալ եմ, որ հրավիրել են»:

Վլադիմիր Սիմոնյանի կտավներից


«Լոտոս» մշակութային զարգացման ասոցիացիայի տնօրեն Մարինե Պապյանն էլ հետեւյալն է ասել.«Վլադիմիրի հետ ճամփորդել եմ Հնդկաստանում, իսկ մարդուն ճանապարհ գնալիս ես ճանաչում: Նա հրաշալի մարդ է, առատաձեռն է, ինչը տղամարդուն բնութագրող լավագույն հատկանիշներից մեկն է»:

Արեւոտ ցուցահանդեսի գույներով ջերմանալու եւ հայրենի բնաշխարհի հմայքով հիանալու համար այցելեք Նկարիչների միություն:

Տեքստը` Անի Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին