×


Տաթեւ Հովակիմյան. Շոկային իրավիճակում ընդունած որոշում

Մարդ, ով կրում է իր մեջ «մի քանի հոգի»: Դերասանական երիտասարդ սերնդից, ճակատագրին հավատացող, ինքնատիպ, պլաստիկ ոչ մի վիրահատություն չարած, հմայիչ, զգացմունքային` այսպես կարելի է բնութագրել նրան` երկարածամ հայուհուն, ում անունը թեւեր է տալիս: Դերասանուհի, ով խաղացել է շատ տարբեր դերեր, բայց իր ներաշխարհի հետ ներդաշնակվում են դրամատիկ կերպարները: Տաթեւ Հովակիմյանին հետ զրուցել ենք թատրոնի եւ կինոյի իր կերպարներից, արվեստից: Նա կիսվել է իր ցանկություններով եւ սպասվելիք նորություններով:

Տաթեւ Հովակիմյանը


«Մեկ տարի հետո ինձ հեռացրին…»

Կստեմ, որ ասեմ, թե փոքր ժամանակ երազել եմ դառնալ բժիշկ, դերասանուհի, իրավաբան եւ այլն, քանի որ փոքր տարիքում ամեն բան փոփոխական է, չնայած` եղել եմ ակտիվ, հետաքրքրասեր երեխա: Սիրել եմ արվեստը, բայց չեմ կարող ասել, որ այն գտել եմ իմ մեջ ու հենց դա էլ խթանել է իմ որոշմանը: Դպրոցն ավարտելուց հետո հայրիկիս ուղղորդմամբ ընտրեցի ԵՊՀ Մշակութաբանության բաժինը, զուգահեռ սովորում էի նաեւ Երգի թատրոնի հաղորդավարական բաժնում, բայց մեկ տարի հետո ինձ հեռացրին կրկին ակտիվության պատճառով: Հասկացա, որ ամեն վատ բան, ինչ տեղի է ունենում իմ կյանքում, տանում է ինձ դեպի էլ ավելի լավը: Շոկային այդ իրավիճակում որոշեցի ընդունվել ԵԹԿՊԻ Սոս Սարգսյանի արվեստանոց: Այստեղից էլ սկսվեց իմ բուռն ուսանողական կյանքն ու ապագա դերասանուհու ուղին:

«Անավարտ թռիչք»

Առաջարկը ստացա ռեժիսորից, իհարկե, շատ ուրախացա, քանի որ արդեն հասկացել էի, թե որ ճանապարհով պետք է շարունակեմ, ու դա սերիալը չէր: Իմ կերպարի վրա աշխատել եմ, փորձել եմ բացել ու տալ այն, ինչ կարող եմ: Դերը մարմնավորել եմ, բայց չեմ ստեղծագործել, ինչը հիմա եմ անում` հիմքից կառուցելով կերպարը: Ներկայացել եմ այնպես, ինչպես կամ, ինչը օգնում է, որ ինքդ քեզ ներկայացնես:

«Իմ ճանապարհը չի սկսվել այդտեղից»

Սա ամենացավոտ թեմաներից մեկն է: Իմ ճանապարհը չի սկսվել այդտեղից, եւ ես բարոյական իրավունք չունեմ քննադատել սերիալը: Թող խոսեն այն մարդիկ, ովքեր նկարահանվում են սերիալներում: Իմ կարծիքով` ոչ միայն ես, նաեւ մյուսները ոչ մի իրավունք չունեն քննադատելու այն ու նկարահանվող դերասաններին:

«Երկրաշարժ»` կրկին իրականություն

Անկեղծ ասած` ես հավատում եմ ճակատագրին: Ամենավախենալու պահն էր ինձ համար, քանի որ նկարահանվում էի ֆիլմում, որը տեղի է ունեցել իրականում: Ընդհատված ու դժբախտ մարդկանց ճակատագրեր: Իմ հերոսուհին`Լիլիթը, երիտասարդ աղջիկ է, որը հայտնվում է դժբախտ դեպքերի շղթայի մեջ: Այս կերպարը ես ստեղծել եմ, անքուն գիշերներ եմ ունեցել, շատ դժվար պրոցեսների միջով եմ անցել: Ես վախեցել եմ … Իրավունք չունեմ ներկայացնել կեղծ ու շինծու զգացմունքներ, ապրումներ, որովհետեւ ֆիլմը դիտելու են նաեւ այն մարդիկ, ովքեր ապրել են երկրաշարժը: Սա իսկապես բարդ ու պատասխանատու կերպար էր:

Տաթեւ Հովակիմյանը


«Շատ բաներ կփոխեն հենց նրանք»

Ունենք շատ բաց կողմեր, առաջին հերթին` ֆինանսը: Ես համաձայն եմ, որ տարեկան վեց ֆիլմի փոխարեն նկարահանվի երկու իսկապես որակով ֆիլմ: Մեզ պակասում են լավ պրոդյուսերները, ովքեր իրոք կզբաղվեն այդ գործով, ու չեն լինի մարդիկ, ովքեր ունեն փող ու դրանով էլ դառնում են պրոդյուսեր: Հայաստանում կան լավ ռեժիսորներ, ու ես բախտ ունեմ նրանց հետ շփվելու, սակայն նրանց արվեստը ընդհատակում է: Անկեղծ, կգա ժամանակը, երբ ընդհատակի մարդկանց արվեստը կգնահատվի, եւ, ինչու չէ, նաեւ շատ բաներ կփոխեն հենց նրանք:

«Պետք է հավատալ նրանց»

Այն մարդիկ, ովքեր ասում են, որ չկա թատրոն, նրանք պարզապես չեն գնում թատրոն, չեն գտել իրենց թատրոնը, չեն էլ ցանկանում: Թատրոնը միշտ կա, այն շնչում է, ապրում մեր կողքին: Թատրոններին ուղղակի պետք են ճիշտ ղեկավարներ, ովքեր գրկաբաց կընդունեն երիտասարդներին, կհավատան նրանց: Այս պահին փորձաշրջանների մեջ եմ մի քանի ներկայացումներում, որոնց մասին դեռ վաղ է խոսելը:

«Հիմա կա այդպիսի մի առաջարկ»

Անկեղծ ասած, չկա դեր, որ երազում եմ խաղալ: Եվ կինոյում, եւ թատրոնում կուզեմ խաղալ իմ հակակերպարներին, հիմա կա այդպիսի մի կերպարի առաջարկ, որը շատ տարբեր է: Չեմ ուզում, որ ինձ տեսնեն միշտ նույն կերպարում: Ցանկացած դերում էլ կարող ես դնել քո ուզած կերպարի առանձնահատկություններից ու ստեղծել այլ դեր: Հակակերպարները տալիս են դերը ստեղծելու հնարավորություն: Կան կերպարներ, որոնցում ես ինձ չեմ պատկերացնում, օրինակ` կատակերգական, խարակտերային վառ կերպարները, ինձ ավելի հոգեհարազատ են դրամատիկ դերերը:

«Դեռ չեմ գտել այդ լեզուն»

Դերասանը պետք է տրամադրի ժամանակ իր վրա աշխատելու` թե ֆիզիկապես, թե մտավոր: Պետք է կարողանա գտնել բեմի լեզուն, քանի որ բեմն իրականությունը չէ: Ես ինքս էլ աշխատում եմ եւ դեռ չեմ գտել այդ լեզուն: Ամենակարեւորը` դերասանը չպետք է լինի գոռոզ, ինչ-որ մի ֆիլմում նկարահանվելուց հետո ստանա վաստակավորի կոչում ու իրեն հանճարեղ զգա: Ինստիտուտից են դուրս գալիս դերասանները, որտեղ կան տարբեր խնդիրներ: Սխալ է չորս տարի նույն դասախոսի ղեկավարությամբ սովորել. թատերային ձեւերը տարբեր են, բոլորի միջով էլ պետք է անցնես: Այս համակարգը վատ ազդեցություն է թողնում, իսկ հետո էլ բողոքում են, թե չկա դերասան:

Տաթեւ Հովակիմյանը


«Որ ոչ ոք չհամարձակվի…»

Ոլորտը հասցրել են այն մակարդակին, որ ինչ-որ մոդել նկարահանվում է ու իրեն թույլ է տալիս նկատողություն անել Թատերականն ավարտած ուսանողին կամ խորհուրդ տալ` մտածելով, թե այնտեղ բան չեն սովորեցնում ու ինքն ավելին գիտի: Ինստիտուտը եւ ուսանողները պետք է այնքան բարձր կանգնած լինեն, որ ոչ ոք չհամարձակվի մոդելի բերել ու խաղացնել:

Սիրելի ռեժիսորը

Անկեղծ ասած` շատերին եմ սիրում, բայց հիմա մտածեցի, որ շատ կուզեի Հանեկեի ֆիլմերից մեկում նկարահանվել:

Սիրելի դերասանը

Կրկին շատ են, բայց կնշեմ Թոմ Հարդիին, շատ եմ սիրում:

Վախենում եմ…

Չհասցնելուց, ահավոր շատ վախենում եմ:

Համարձակ եմ…

Տաթեւ Հովակիմյանը


Համարձակ եմ իմ գործում, բեմում, նկարահանման հրապարակում:

Խոսքի ազդեցությունը

Կասեի, որ քիչ քննադատեն ու աշխատեն:

Վերջաբան

Շատ կուզեի, որ արվեստը շատանա Հայաստանում, քանի որ արվեստն ամեն ինչի հիմքն է:

Զրուցեց Գայանե Թադեւոսյանը /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի եւ Արվին Քոչարյանի, 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին