×


Տաթեւ Սարգսյան. “Զզվելի է, երբ 15 տարեկան աղջիկն ունեցել է մի շարք ընկերներ ու թեժ գիշերներ”

“Դժվար ապրուստ” հեռուստասերիալից Էվայի դերակատարն իր դերի պատճառով արժանացել է այնպիսի խոսքերի, որոնցից հրապարակման ենթակա են, օրինակ` գռեհիկը, անդաստիարակն ու անբարոյականը: Իր հասցեին հնչող քննադատությունների, բաց տեսարաններում նկարահանվելու, տղաների հետ հարաբերությունների, արտաքին տեսքի, սեքսուալության եւ այլ թեմաներով Տաթեւ Սարգսյանը զրուցել է BRAVO.am-ի հետ:

Տաթեւ Սարգսյանը


“Ի՞նչ կապ ունի իմ դաստիարակությունն ու բարոյականությունը մարմնավորածս կերպարի հետ”

Մեր իրականության մեջ չկա հորինված կերպար հասկացությունը: Այստեղ քեզ հիանալի անձնավորություն են համարում միայն այն դեպքում, եթե մարմնավորածդ կերպարը դրական է: Ինչ ասես, որ չեմ լսել ուղղված Էվայի եւ միեւնույն ժամանակ էլ իմ հասցեին` էլ գռեհիկ, էլ անբարոյական, էլ անդաստիարակ: Չեմ հասկանում` ինչ կապ ունի իմ ստացած դաստիարակությունն ու բարոյականությունս իմ մարմնավորած կերպարի հետ:

“Երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում”

Շատ եմ սիրում աշխատանքս, բայց ոչինչ ինձ չի ստիպի անտեսել սկզբունքներս: Ասում են` երբեք մի ասա` երբեք, բայց ես երբեք չեմ նկարահանվի բաց տեսարաններում: Դա ինձ հաստատ պետք չէ, անգամ եթե վարձատրությունը շատ բարձր լինի: Իմ բուռն երեւակայությունը նույնիսկ թույլ չի տալիս պատկերացնել ինձ նման տեսարաններում:

Տաթեւ Սարգսյանը


“Ինձ սիրուն չեմ համարում”

Ինձ կյանքում սիրուն չեմ համարել: Ինչ-որ տեղ կեղծավոր եմ համարում գեղեցկությանս գովաբանությունները, կարծում եմ` ավելի անկեղծ են խաղացածս դերին վերաբերող մեկնաբանությունները: Հմայիչ եմ, խնամված, գուցե սեքսուալ, բայց հաստատ ոչ գեղեցիկ:

“Լինել ավելի լավը, քան երեկ էիր”

Անկախ նրանից` կինը բեմում է, թե առօրյա կյանքում, ճանաչված է, թե ոչ, պետք է միշտ կանացի, նուրբ ու խնամված լինի: Սեքսուալ լինելու համար պետք է մշտապես աշխատես քեզ վրա եւ փորձես լինել ոչ թե ավելի լավը, քան ուրիշներն են, այլ ավելի լավը, քան երեկ էիր:

Տաթեւ Սարգսյանը


“Անվերջ կարող եմ հիանալ Նազենի Հովհաննիսյանի արտաքինով”

Կանանցից ինձ հիացնում է Նազենի Հովհաննիսյանը: Անվերջ կարող եմ հիանալ այդ կնոջ արտաքինով ու ներքինով: Նազենին, ըստ իս, այն եզակի կանանցից է, ով անընդհատ աշխատում է թե′  իր արտաքինի, թե′ ներքինի վրա: Նա չի բավարարվում իր ունեցածով ու միշտ ձգտում է ավելիին` այդ ամենն անելով շատ վստահ ու համարձակ քայլերով, ինչն էլ նրան առավել սեքսուալ է դարձնում:

“Տղաների հետ շփվելն ինձ համար ավելի հեշտ է”

Աղջիկների հետ շփման մեջ առավել զգույշ եմ, ճիշտ է` ունեմ մի քանի ընկերուհի, որոնց հետ շատ մտերիմ եմ, բայց ինձ համար ավելի հեշտ է շփվել տղաների հետ: Վստահում եմ տղա ընկերներիս, միշտ խորհրդակցում եմ նրանց:

Տաթեւ Սարգսյանը


“Իմ եւ Դավիթի հանդիպումները սիրային չեն”

Չափազանց մտերիմ եմ իմ գործընկեր, սերիալային դերասան Դավիթ Մարդյանի հետ: Մեզ հաճախ միասին տեսնողներին ուզում եմ ասել, որ մեր հանդիպումները ոչ թե սիրային, ռոմանտիկ բնույթ են կրում, այլ ընդամենն ընկերական են: Դավիթը շատ լավ ընկեր է, ես նրան չափից շատ հարգում ու սիրում եմ, եւ իզուր չէ, որ նա “Մարդ”յան է:

“Մեր քաղաքում սիրում են լեգենդներ հյուսել”

Միշտ պետք է իմանաս, թե ում ինչ պատմես, որպեսզի հետագայում հորինված կենսագրությունդ չլսես եւ ստիպված չլինես մարդկանց բացատրել, որ նման բան երբեք չի եղել: Մեր քաղաքում շատ են սիրում լեգեդներ հյուսել: Հենց այդպես էլ ծնվեց իմ եւ Դավիթի հետ կապված լեգենդը:

Տաթեւ Սարգսյանը


“Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ”

Շատ մարդիկ ցանկանում են հանդիպել ու շփվել ոչ թե Տաթեւի հետ, այլ`  “կինոյի աղջկա”: Չեմ կարծում, որ այս շրջանում անկեղծ հարաբերություններ կունենամ, այդ իսկ պատճառով էլ փորձում եմ ինձ հեռու պահել նոր ծանոթություններից:

“Մտածել եմ, որ հենց դա է իրական սերը…”

Չեմ կարող ասել, որ իսկապես սիրել եմ: Ինչ խոսք` սիրահարվածություններ եղել են ու կյանքիս այդ շրջանում մտածել եմ, որ հենց դա է իրական սերը: Վստահ եմ, որ ինձ մեծ, անկեղծ ու մաքուր սեր է սպասվում առաջիկայում:

Տաթեւ Սարգսյանը


“Ոչ ոք չգիտի”


Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչն է ճիշտ կամ սխալ այս կյանքում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար լավն ու վատը, չարն ու բարին: Բայց զզվելի է, երբ 15 տարեկան աղջիկը, չունենալով նպատակներ, երազանքներ ու ձգտումներ, ունեցել է մի շարք ընկերներ ու թեժ գիշերներ: Դա ինձ համար անընդունելի է:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է  "Ivy" լաունջ-սրճարանում 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին