×


Տաթեւիկ Կարապետյան. Միլիարդատերի դուստրը` ինչպես կինոյում

«Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը հեշտությամբ կարող է զրուցել շինարարության մասին: Ինչպե՞ս են նրան պատրաստել ընտանեկան բիզնեսին»` «ForbesWoman» ամսագիրն ահա այսպիսի վերնագրով ծավալուն հարցազրույց է հրապարակել Տաթեւիկ Կարապետյանի հետ, որի առավել հետաքրքիր հատվածները ներկայացնում ենք ստորեւ:

Տաթեւիկ Կարապետյանը` «ForbesWoman» ամսագրի շապիկին


«Սինեմասթար» կինոթատրոնի դատարկ սրահ` Լենինի պողոտայի վրա: Լուսանկարիչը պատրաստում է ֆոտոխցիկն` ընթացքում հաջող դիրքեր հուշելով հերոսուհուն.«Իսկ կարո՞ղ եք ոտքերը գցել նստարանի թիկնակին»: «Հեշտությամբ»,-կատակում է նա.«Բայց ընտանիքս դա չի գնահատի»: Կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթեւիկ Կարապետյանը միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն է (Forbes-ի ցուցակում #26, կարողությունը՝ $4 մլրդ): Նա մանկուց գիտեր, որ աշխատելու է հորը պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբում:  

Պետք է խոստովանեմ` ես նույնիսկ նման սցենար չունեի, որ կարող է որեւէ այլ տեղում աշխատեմ: Հայրս միշտ շեշտում էր, որ բիզնեսը մեր համար է ստեղծում: Եվ ինչո՞ւ ես պետք է ամեն ինչ թողնեի եւ այլ մարդու համար աշխատեի: 

Ես ներկա եմ եղել մեր ընտանիքի կայացման բոլոր փուլերին եւ լավ հիշում եմ այն ժամանակները, երբ մենք շատ համեստ կյանքով էինք ապրում: Ես սովորում էի Կալուգայի հասարակ  մի դպրոցում: Ամեն տարի ինձ ու եղբորս ուղարկում էին Հայաստան՝ ամառը տատիկի ու պապիկի մոտ գյուղում անցկացնելու: Սակայն ես միշտ գիտակցում էի, որ մեր ունեցվածքն ավելի մեծ է, քան իմ տարեկիցների ընտանիքների: Մենք դա երբեւէ չենք թաքցրել, ոչ էլ պարծենում էինք դրանով: Ծնողներս միշտ սովորեցնում էին մեզ բոլորին հավասարի պես վերաբերվել:

Տաթեւիկ Կարապետյանը


Մեզ երբեք ոչ մի հարցում չեն սահմանափակել՝ սկսած խաղալիքներից փոքր ժամանակ, մինչեւ ավելի գլոբալ բաներն այսօր: Եթե ուզում ես մի բան, ստացիր, բայց սկզբում պետք է հստակ բացատրես` ինչի համար է քեզ դա պետք: Ծնողներս կարծում են, որ եթե մեզ զրկեն ինչ-որ բաներից, մենք դա ավելի շատ ենք ուզելու: Ցանկացած արգելք ազատում է պատասխանատվությունից, իսկ նրանց համար կարեւոր էր, որպեսզի մենք միշտ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն ունենանք: Կարծում եմ` նման վերաբերմունքով նրանք սովորեցրել են մեզ չկենտրոնանալ նյութական հարցերի վրա եւ ավելի գիտակից վերաբերվել դրամին: 

Դպրոցին զուգահեռ ես սովորել եմ Լոնդոնի լեզուների դպրոցում եւ Շվեյցարիայի «Le Rosey» ինստիտուտում: Այնուհետ ընդունվել եմ ՌԴ կառավարությանը կից գործող Ֆինանսական համալսարան: Բուհի ընտրությունն իմ անձնական որոշումն էր: 

Մեր ընտանիքում ընդունված է աշխատել: Դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում ես եկա ընկերություն: Հայրս ինձ կցեց առաջին փոխնախագահին, ով դարձավ իմ ղեկավարը: Ինձ ավելի մանրամասն ծանոթացրին ընկերության գործունեության բոլոր ոլորտներին, եւ ես բիզնեսի վարման բավական լուրջ փորձառություն անցա ոչ թե գրքերով, այլ իրական կյանքում: 

Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Եվ ես ընտրեցի կինոթատրոնների ցանցը: Այդ մեկ ճյուղի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ընդհանուր առմամբ ինչպես է գործում ողջ խումբը, քանի որ կինոթատրոնները ենթադրում են եւ գործառնական բիզնես, եւ ֆինանսներ, եւ շինարարություն, եւ «food&beverage»: Հայրս դրական արձագանքեց որոշմանս:

«Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին: Ես եկա ղեկավարության 2012-ին: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Մենք գերժամանակակից առեւտրի կենտրոններ էին կառուցում, իսկ կինոթատրոնները չէին համապատասխանում այդ մակարդակին: Հայրս շատ լավ հասկանում էր դա եւ աջակցեց ինձ: Ռեբրենդինգը բավական բարդ գործընթաց է ցանկացած ընկերության համար, եւ առաջին հերթին այն կապված է ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտության հետ:

Տաթեւիկ Կարապետյանը


Ես ֆիլմերը դիտում եմ բոլորի հետ: Իսկ եթե դահլիճը լցված չէ, ապա իմ մոտ հարցեր են առաջանում: Կարծում եմ, իմ աշխատակիցներն այնքան էլ չեն սիրում, երբ ես կինո եմ գնում, քանի որ ամեն անգամ նրանց մատնացույց եմ անում բոլոր թերությունները` օդափոխությունն է աղմկում, շրիշակն է պոկվել: Արդեն չեմ կարողանում կինո գնալ որպես հասարակ հանդիսատես: Նույնիսկ ճանապարհորդությունների ժամանակ կինոթատրոնները մասնագիտական տեսակետից եմ գնահատում՝ ինչ սարքավորում է դրված, ինչպիսի էկրաններ են եւ այլն: 

Ես ազատ տիրապետում եմ անգլերենին, հիմա նաեւ ֆրանսերեն եմ սովորում: Բացի այդ ամեն երկու-երեք ամիսը մեկ մենք մի որեւէ տեղ գնում ենք ամբողջ ընտանիքով, իսկ հիմա էլ մեզ եւս մեկ մեծ ճանապարհորդ է ավելացել՝ իմ որդին: 

Կյանքում ստիպված ես լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահել: Որդուս ծնվելուց երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս: Ճիշտ որոշումներից մեկն է առանցքային պաշտոններում մասնագետներ նշանակել: Իմ հիմնական նպատակն է, որ ամեն ինչ լինի հնարավորինս բաց ու թափանցիկ: Հեռախոսիս հավելվածներում ես ունեմ առանձին 40-հոգանոց խմբեր յուրաքանչյուր օբյեկտի համար, եւ բոլոր հարցերն առցանց են լուծվում: Ես ստիպված չեմ, օրինակ, այցելել օբյեկտ, որպեսզի տեսնեմ ներկված պատը եւ ասեմ` հավանեցի, թե ոչ: Շինարարները կարող են պարզապես ինձ ուղարկել նկարը կամ տեսագրությունը: Եթե ես հասկանում եմ, որ բանվորների հետ կապ չունեմ, ապա նրանց հեռախոսներ եմ տրամադրում: Սկզբում նրանք, իհարկե, զարմանում էին, բայց հիմա արդեն սովորել են:

Երբ ամուսինս ինձ տեսավ առաջին անգամ` ասաց, որ ես հաստատ իր կինն եմ դառնալու: Ծիծաղեցի բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա կատակ չէր անում, եւ մենք արդեն 6 տարի է` ինչ ամուսնացած ենք: 

Սկզբնական շրջանում հայրս ծանր էր արձագանքում, ինչպես եւ ցանկացած հայր, չէ՞ որ նրա միակ եւ սիրելի դուստրն էի: Սակայն դա, երեւի, ինչ-որ նախնական արձագանք էր, որը բավական շուտ անցավ: Երբ հասկանում ես, որ մարդը յուրային է, որ ձեր կյանքի սկզբունքներն ու դիրքորոշումները լիովին համընկնում են, դրան գումարած այդ մարդն անիրական հմայք ունի, ապա որեւէ տարաձայնություններ կամ այլ ընկալում, քան որ մենք մեկ ընտանիք ենք, լինել չի կարող:

Տաթեւիկ Կարապետյանը


Տանը մենք շատ ակտիվ քննարկում ենք մեր աշխատանքը: Այն մեր համար հոբբի է՝ մենք մեր գործի երկրպագուներն ենք (Տաթեւիկի ամուսինը նույնպես աշխատում է  «Տաշիր» խմբում –հեղ.): Մենք հազվադեպ ենք հանդիպում օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով ընտանեկան մինի-ժողովները օգնում են արագ կարգավորել աշխատանքային հարցերը: 

Մայրս նույնպես բիզնես-լեդի է: 17 տարի առաջ նա բացել է Կալուգայի առաջին սպա-սրահը: Դա հորս նվերն էր՝ կրտսեր որդու ծննդյան կապակցությամբ: Այժմ այն դարձել է  «Best» սրահների ցանց, որը գործում է առեւտրի կենտրոնների շրջանակում, ինչպես նաեւ մեծ առաջնակարգ սպա-կենտրոն Մոսկվայում: 

Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականների հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհություն է հայտնում: Նրա գոհ լինելու-չլինելու մասին ես սովորաբար իմանում եմ ձեր ամսագրից:

Հայրս երբեք վերջնական խիստ «ոչ» չի ասում: Նա ասում է`«Համամիտ չե՞ս: Գնա, փորձիր»: Դու գնում ես, սխալվում ես, հետո գալիս ես ու ասում`«Այո, դու ճիշտ էիր»: Բայց եթե հանկարծ ստացվում է, ապա նա հսկայական հպարտություն է ապրում: 

Աղբյուրը` ForbesWoman

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին