×


Տիգրան Մանսուրյան. “Գիշեր-ցերեկ հնչող երաժշտություն եւ անվերջ թեյ, թեյ, թեյ…”

Տիգրան Մանսուրյանն իր նոր` համադիր երգերի երգաշարը գրել է` հայ չորս բանաստեղծից յուրաքանչյուրից վերցնելով երկուական գործ: Դաշնամուրի եւ վոկալի համար գրված “Զուգահեռ երգեր” երգաշարը կոմպոզիտորը ստեղծել է` հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծություններն իրար հետ զուգահեռաբար համադրելով:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը


Երաժշտական երեւանյան պրեմիերան օրերս էր` Նարեկացի արվեստի կենտրոնում: Լեփ-լեցուն դահլիճում մաեստրոն հատվածներ է ընթերցել բանաստեղծություններից եւ իր վերլուծությունը ներկայացրել հանդիսատեսին: Շարքի վոկալ պարտիան կատարել է ամերիկաբնակ սոպրանո Շուշիկ Պարսումյանը, իսկ դաշնամուրայինը` կոմպոզիտոր եւ դաշնակահար Արթուր Ավանեսովը:

Շարքի մեջ ներառված են Պաղտասար Դպիրի “Տաղ կորուսեալ սիրելոյ”, “Վասն սիրոյ”, Եղիշե Չարենցի “Կապույտ լճի վրա”, “Եվ մի իրիկուն”, Ավետիք Իսահակյանի “Իմ հոգին”, “Լեռների վրա ձնել է…”, Վահան Տերյանի “Աշնան երգ”, “Իմ խաղաղ երեկոն” բանաստեղծությունները:

Արթուր Ավանեսովն ու Շուշիկ Պարսումյանը


“Գիտե՞ք, թե ինչ աշխարհ է”

“Տերյանը մոլոր բառի փոխարեն գործածել է մոլար: Հայ առաքելական եկեղեցին դավաճանած հավատացյալը, որը մոլորվել եւ ուրիշ կրոնի է հանգել, դառնում է մոլար: Տերյանի հայրը հոգեւորական էր, եւ ընտանիքում եղել է գիտակցությունը մոլորի եւ մոլարի: Կարդալով պոեզիան` անվերջ հայտնաբերողի վիճակում ես, հանճարեղ բան է, որ նոր բան ես հայտնաբերում”, - ասել է նվագախմբային, կամերային, երգչախմբային ու վոկալ գործերի հեղինակ Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորի կարծիքով` մենք դեռ երգեցողական պրոֆեսիոնալ արվեստի կայացման համեմատաբար նախասկզբին ենք. “Ունենք  բանաստեղծական հսկայական արվեստ` պատրաստ երգելու: Գիտե՞ք, թե ինչ աշխարհ է այս հայրենների, քառյակների աշխարհը` բանաստեղծների, հոգեւոր հայրերի ստեղծած գործերը: Մենք պարտավոր ենք յուրացնել անցյալի երգեցողական արվեստի դասերը”:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը


“Իսահակյանի պոեզիան շատ է երգվել, բայց այդ երգեցողության մեծ մասը ժողովրդի շուրթերով է հնչել եւ ներկայանում է որպես մոտ աշուղականին: Պետք է ասեմ ձեզ, որ ինձ թույլ եմ տվել չհամաձայնել այդ մոտեցմանը. Իսահակյանի բանաստեղծական պոեզիան այնքան խորն է, որ աշուղական շերտի տակ ամբողջությամբ չի երեւում հարուստ դրամատիզմը: Այլ տեսանկյունից եմ երգել Իսահակյանին”,-նշել է Տիգրան Մանսուրյանը:

Անվերջ թեյ, թեյ, թեյ…

Ինչպես BRAVO.am-ին պատմել է կոմպոզիտորը, իր բազմազբաղ առօրյայում պարտադիր ունկնդրում է երաժշտություն, հայտնաբերում իր համար հետաքրքիր համաշխարհային նոր հեղինակների. “Հարուստ ձայնադարան ունեմ, այն դեռ կավելանա նորերով: Անչափ շատ սիրում եմ երաժշտություն լսել: Երբ աշխատանքս մի քիչ թեթեւանում է, երաժշտություն եմ լսում ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկը: Եթե ձեռքիս տակ աշխատանք ունեմ, առավոտվանից մինչեւ ժամը չորսը մեկ ժամվա պես է անցնում. վերջին տարիներին այդպես ինտենսիվ են օրերս անցնում: Սարսափելի հոգնած ու սպառված` երբեմն այդ ժամին նոր նախաճաշում եմ, մնացած ժամանակ` անվերջ թեյ, թեյ, թեյ…”:

Տիգրան Մանսուրյանն ու Շուշիկ Պարսումյանը


“Գործերս շատ են, ճարահատյալ ավելի քիչ եմ շփվում արտաքին աշխարհի հետ: Ճիշտն ասեմ, դրսի իրականության հետ երիտասարդ տարիներին էի շփվում, իմ կյանքի օրգանական մասն էր, հիմա շատ բաներ չեմ հասկանում, որոշ չափով անմասն եմ մնում”, - իրեն բնորոշ համեստությամբ ու անմիջականությամբ պատմել է մաեստրոն:

“Շուշիկի երգեցողությունը շատ եմ սիրում”. Տիգրան Մանսուրյան

“Զուգահեռ երգեր” երգաշարը նա ավարտել է այս տարվա սկզբին` առաջին անգամ հանդիսատեսին ներկայացնելով Լոս Անջելեսում` կրկին Շուշիկ Պարսումյանի մեկնաբանությամբ: Ի դեպ, մինչ երեւանյան պրեմիերան, այս շարքը Մանսուրյանը ներկայացրել է նաեւ Գյումրիում. “Ձմեռներն աղջկաս մոտ` Միացյալ Նահանգներում եմ ապրում, գարնանամուտին որոշեցի այնտեղ ներկայացնել: Շուշիկը երգեց ու էլի լավ երգեց: Հոլանդիայի, Գերմանիայի իմ ընկերներին, որոնք նվագախումբ ունեն եւ այս համերգները հաճույքով ուզում են իրենց ծրագրի մեջ ներառել, ես պետք է առաջարկեմ, որ հայ կատարի, օրինակ` Շուշիկը: Շուշիկի երգեցողությունը շատ եմ սիրում, այս անգամ ավելի շատ գույներ, ընթերցանության նոր շեշտեր է ավելացրել Հայաստանի իր անդրանիկ ելույթի մեջ”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է 73-ամյա կոմպոզիտորը:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը


Աշնանը հեղինակային համերգ` Ամստերդամում

“Նաեւ համագործակցում եմ Գերմանիայից մի մարդու հետ, որը թողարկում է իմ գործերը: Դեռ չգիտեմ, միգուցե ցանկանա այս շարքն էլ ձայնասկավառակով թողարկել. հսկայական ծախսերի հետ է կապված: Այդ նույն ընկերության հետ աշնանն Ամստերդամում ունենք հեղինակային համերգների շարք, այնտեղ էլ կձայնագրենք գործիքային 4 երգի CD-ն, որոնցից մեկի վրա հիմա աշխատում եմ, որ հասցնեմ մինչ աշուն ավարտին հասցնել”,-պատմել է Տիգրան Մանսուրյանը:

Կոմպոզիտորը ստեղծել է մեկ տարբերակ եւս` ձայն, դաշնամուր եւ լարային նվագախումբ, հույս ունի աշնանը ներկայացնել հանդիսատեսին. “Հայ ունկնդիրն ինձ հարազատ է, սիրում եմ իրեն, թեեւ գիտեմ, որ շատ խիստ է, երբեմն ծայրահեղորեն ժլատ, բայց գնահատելիս ճիշտ է գնահատում”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին