×


Տիգրան Մանսուրյան.“Արագածին էի նայում եւ ինձ մեղավոր զգում…”

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակի կապակցությամբ Նարեկացի արվեստի միությունը Երեւանում կազմակերպել էր Մանսուրյանական օրեր, որոնք ամփոփվել են գալա համերգով:

Տիգրան Մանսուրյանը


ՆԱՄ-ում Տիգրան Մանսուրյանի արվեստին նվիրված դասախոսություններ են կարդացել Աշոտ Զոհրաբյանը, Մհեր Նավոյանը եւ Արթուր Ավանեսովը, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգի ընթացքում ելույթ են ունեցել “Խաչատրյան” տրիոն, Հասմիկ Վարդանյանը, Աննա Մայիլյանը, Էլեն Կիրակոսյանը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

 Ի դեպ, միջոցառման ժամանակ նաեւ ներկայացվել է կոմպոզիտորի խմբերգերի ձայնասկավառակը, որը եւս թողարկել է Նարեկացի արվեստի միությունը. “Սկավառակը պարունակում է Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի եւ Կոստան Զարյանի գործերի հիման վրա գրածս խմբերգերը: Ես Արագածին էի նայում եւ ինձ մեղավոր էի զգում, որ դեռ Իսահակյանի խոսքերով չեմ գրել…”:

"Խաչատրյան տրիո"-ն


Տիգրան Մանսուրյանը նշել է` սիրով է աշխատում երիտասարդ երաժիշտների հետ, սիրում է նրանց ավյունն ու նվիրումը երաժշտությանը.“Օգոստոսին Դավոսում հրավիրված էի միջազգային փառատոնի, որի` տարբեր երկրներից ժամանած մասնակիցները հնչեցնում էին իմ ստեղծագործությունները: Լավ երիտասարդներ կան, ես նրանց շատ եմ սիրում”:

1939 թվականի հունվարի 27-ին Բեյրութում ծնված կոմպոզիտորը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ վերջին 10 տարիներին իր ծննդյան օրը նշում է Լոս Անջելեսում` դստեր հետ.“Շատ համեստ միջավայրում մտերիմներով հավաքվում ենք: Ուրախ եմ, որ այնտեղ տարեդարձիս ներկա են լինում իմ մանկության ընկերներից: Ողջ օրվա ընթացքում զանգեր ու բարեմաղթանքներ եմ ստանում: Այդ օրն իմ տոնն է, չէ՞ որ մայրս ինձ լույս աշխարհ է բերել: Սիրում եմ հիշել ինձ պատմած պատմությունները, թե ինչպես Բեյրութի ծննդատանը հայրս ու իր ընկերը վաղ առավոտյան երգել են մի երգ, որը կապված է Հիսուսի ծննդյան հետ”:

Տիգրան Մանսուրյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգին


Անվանի կոմպոզիտորը նաեւ հիշել է, որ մեկ անգամ բոլորովին մոռացել է իր ծննդյան օրվա մասին, երբ ճամփորդել է Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի եւ այլ կոմպոզիտորների ու երաժիշտների հետ.“Մեծ խմբով մեկնել էինք Լեհաստան: Միայն հաջորդ օրը հիշեցի, որ հունվարի 27-ն արդեն անցել է: Բոլորս մոռացել էինք, միայն այդ անգամ չեմ նշել:)”:

Ինչպես պատմել է Տիգրան Մանսուրյանը, առաջիկայում իր ստեղծագործությունները կհնչեն  “Գաֆեսճյան” արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, այնուհետեւ կմեկնի Լեհաստան.“Անվերջ շփումների մեջ եմ, մեկ ծրագրից մյուսին եմ անցում կատարում, արդեն հաջորդ համերգի ծրագրով եմ զբաղված, ցավոք, չեմ կարողանում ամբողջությամբ ըմբոշխնել այս շփումները, բայց հետո իմ մտքում կփորձեմ վերականգնել, վերապրել եւ գնահատել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին