×


Տիգրան Մանսուրյանի ձայնասկավառակի շնորհանդեսն ու նվերը

Տիգրան Մանսուրյանի արվեստի սիրահարներն ու գործընկերները երեկ առիթ ունեին միասին նշելու կոմպոզիտորի նոր սկավառակի շնորհանդեսը։ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Խմբերգեր» ձայնասկավառակի լույսընծայումը, որը թողարկվել է 2014 թվականին «Նարեկացի»-ի կողմից եւ վերահրատարակվել 2016-ին:

Տիգրան Մանսուրյանը եւ Նարեկ Հարությունյանը


Այս ժողովածուի մեջ ներառված խմբերգերը հնչել են բազմիցս, սակայն սկավառակի տեսքով հանրությանն է ներկայացվում առաջին անգամ: Այն պարունակում է նաեւ տեղեկատվական գրքույկ, որի մեջ ներառված են ներկայացված բոլոր խմբերգերի բանաստեղծությունները: Գրքույկը երկլեզու է` հայերեն, անգլերեն տարբերակներով։ Սկավառակը վաճառքի համար նախատեսված չէ։

Շնորհանդեսի երաժշտական մասում կոմպոզիտոր-դաշնակահար Արթուր Ավանեսովը նվագեց «Օրօրոցային իշխանի համար», «Երեք պիես» ստեղծագործությունները։ Վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանն էլ Շուշան Հակոբյանի նվագակցությամբ կատարեց «Եվ մի իրիկուն»/խոսք՝ Եղիշե Չարենցի/  եւ «Լեռների վրա ձյունել է»/Խոսք՝ Ավ. Իսահակյանի/ ստեղծագործությունները.«Ցավոք, ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ոչ ինքնատիպությունը համատարած երեւույթ է, իսկ Մանսուրյանն ունի ոչ միայն ստորագրություն, այլեւ ամբողջական կայացած ստեղծագործություն։ Ինձ համար անչափ կարեւոր է յուրահատկությունը եւ մեծ պատիվ է, որ այսօր նվագեցի»,- բեմից ասաց Արթուր Ավանեսովը։

Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը


Ինչպես մաեստրոն է նշում, խտասալիկում ընդգրկված գործերի հիմքում Թումանյանի, Իսահակյանի, Զարյանի բանաստեղծություններն են: Խմբերգերը կատարել է Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ձայնագրությունները կատարվել են Սաղմոսավանքում.«Լուրջ աշխատանք է արվել, հարմարվել ենք Սաղմոսավանքի ակուստիկային: Միշտ ընդգծում եմ այն երաժիշտներին, ովքեր հայերեն մտածողություն ունեն, նրանցից մեկը Մլքեյանն է։ Դուք պիտի նրա հետ շրջեք Շիրակի դաշտերում, տեսնեք հայոց բնությունն ապրելու իր կարողությունը։ Արդեն տասնյակ տարիներ Մլքեյանի հետ աշխատում ենք, հայոց լեզվի ընտիր զգացողություն ունի, այս սկավառակն էլ դրա վկայությունն է», - պատմեց Տիգրան Մանսուրյանը։

Ռոբերտ Մլքեյանն էլ շեշտեց, որ աննկարագրելի զգացում է ապրում մաեստրոյի հետ Երեւանում եւ Գյումրիում զբոսնելիս.«Մարդիկ ամեն քայլափոխին կանգնեցնում են. մեկը ժպտում է, մյուսը՝ ցանկանում մաեստրոյի ձեռքին դիպչել, մեկ ուրիշն էլ բարի խոսք է ասում: Հրաշալի է, երբ ժողովուրդը սիրում է իր վարպետին, խոնարհվում նրա առաջ, հասկանում, որ նա իր ազգի մշակույթի պատմությունն է ստեղծել իր կենդանության օրոք»:

Արթուր Ավանեսովը


Տիգրան Մանսուրյանը գնահատում է սկավառակի համար տարված աշխատանքը. «Յուրաքանչյուր խոսքն ու անցյալը վերհիշելը տպավորիչ է, հուզվելու պահերն այսօր այնքան շատ են… Փորձում եմ սթափ մնալ գեղեցիկ խոսքերից։ Շնորհակալ եմ «Նարեկացի» միությանը հետեւողական վերաբերմունքի համար. երեք տարի առաջ սկսված գործն ավարտին է հասցնում։ Այս աշխատանքը բարեխղճորեն է արված, անշուշտ, խորին ակնածանքի է արժանի։ Ինձ համար երաժշտական աշխատանքիս մեջ մեծագույն գիտակցական պարտականություն է եղել նվիրվելը հայոց լեզվին, հայ հանճարեղ գրիչների թողած ժառանգությանը։ Գագաթը Կոմիտասն է՝ իր դպրոցի հիմնադրմամբ։ Հայերեն երգելն ամեն երաժշտի համար կարող է երազանք լինել, ինձ համար գոնե այդպես է։ Եթե երաժիշտը հայերենը սիրելու կարողություն ունի,  ուրեմն իմ հարազատն է:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը գնահատանքի խոսքերից հետ կոմպոզիտորին նվիրեց նրա դիմանկարը, որ սկավառակ-գրքույկի շապիկի նկարով պատրաստված գեղարվեստական պատկերն է։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին