×


Տհաճ միջադեպ «Երեւանի ձայներ»-ի համերգին

Երեկ՝ մարտի 25-ին, Կամերային երաժշտության տանը ելույթ է ունեցել «Երեւանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը։ Շուրջ 22 տարվա պատմություն ունեցող խումբն այս տարվա առաջին համերգին կատարել է Ջիովանի Գաբրիելիի, Յակոբ Արկադելտի, Վելյո Տորմիսի, Յոհաննես Բրամսի, Իվան Մուդիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից, ինչպես նաեւ Կոմիտասի մշակումներից, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան»-ը եւ այլն։

«Երեւանի ձայներ» երգչախմբի համերգին


1994 թվականին «Երեւանի ձայներ»-ը հիմնադրել է երաժշտագետ եւ խմբավար Հասմիկ Վարդանյանը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս համերգը նշանակալից էր մի շարք պրեմիերաներով.«Ծրագիրը լայնածավալ էր, բավական ընդգրկուն՝ վաղ միջնադարից, արեւմտաեվրոպականից մինչեւ ժամանակակից գործեր։ Տարողունակ համերգին պատրաստվել էինք երեքուկես ամիս։ Այս համերգը հատկանշական էր այն հանգամանքով, որ մի քանի գործ Հայաստանում հնչեց առաջին անգամ. կազմել էինք նոր ծրագիր»։

«Երեւանի ձայներ» երգչախումբն այժմ ունի 16 անդամ, երաժշտարվեստում իրականացնում է տարաբնույթ ծրագրեր, ինչով փորձում է նպաստել երգչախմբային արվեստի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությանը։ Հասմիկ Վարդանյանը պատմել է, որ խումբն ի սկզբանե կազմված է եղել միայն կանանցից. «Հիմքում եղել է «Երեւան» կանանց կամերային երգչախումբը, որը խմբավար Արթուր Վերանյանի ղեկավարությամբ փայլուն գործունեություն է ծավալել` դառնալով ութ միջազգային մրցույթի դափնեկիր։ Այնուհետեւ խմբի անդամների առաջարկով 1994-ին ես ստանձնեցի ղեկավարի պաշտոնը։ Երգչախումբն ունեցել է երկարատեւ ու կարճատեւ դադարներ, ինչպես նաեւ կատարվել է սերնդափոխություն»։

1997 թվականին Ֆրանսիայի Բրիվ քաղաքում կայացած մրցույթից խումբը վերադարձել է լավագույն կատարման համար ստացած դիպլոմով, նաեւ մասնակցել է համամիութենական երգչախմբային փառատոնների.«Ցավոք, երկրի տնտեսական ճգնաժամի ու դժվարությունների պատճառով մոտ տասը տարի՝ մինչեւ 2007 թվականը, երգչախումբը դադար է ունեցել, այնուհետեւ վերակազմավորվել ենք ու շարունակել մեր գործունեությունը։ Նախորդ տարեվերջից կրկին ակտիվ աշխատում ենք, այս համերգն էլ իրականացրինք Մշակույթի նախարարության աջակցությամբ: Կշարունակենք ներկայանալ նորություններով»։

«Երեւանի ձայներ» երգչախմբի համերգին


«Երեւանի ձայներ»-ը «Եվրոպա կանտատ» երգչախմբային միջազգային միության անդամ է: Ինչպես հայտնել է Հասմիկ Վարդանյանը, ամեն տարի հրավերներ են ստանում` մասնակցելու միջազգային մրցույթների, սակայն ֆինանսական պատճառներով չեն կարողանում մեկնել։ Հաղթահարելով դժվարությունները` երգչախումբն առաջիկայում պատրաստվում է թողարկել ձայնասկավառակ, նաեւ նախատեսում են աշնանը մասնակցել միջազգային փառատոնի։ 

Համերգին տեղի ունեցած միջադեպի մասին

Կամերային երաժշտության տան տնօրեն Վաչե Հովեյանի կարգադրությամբ երեկ մուտքի դռները փակվել են համերգի մեկնարկից րոպեներ անց եւ չեն բացվել մինչեւ համերգի ավարտը։ Ցանկանալով կարգուկանոն հաստատել ու հանդիսատեսին ստիպել համերգներից չուշանալ` հսկիչները խոչընդոտել են նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը։ BRAVO.am-ի հետ զրույցում պատճառաբանել են, թե տնօրենը չի թույլատրում ներս թողնել, նույնիսկ ետնամուտքից հնարավոր չէ անցնել կուլիսներ եւ իրականացնել հարցազրույցներ։ Ականատես ենք եղել, թե ինչպես են ծաղիկներով հանդիսականները դրսում սպասում` դժգոհելով աշխատակիցների արհամարհական վերաբերմունքից։ 

Խմբավար Հասմիկ Վարդանյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իր կողմից հրավիրված գործընկերները եւս չեն կարողացել ներս մտնել, ինչի պատճառով անհարմար իրավիճակում է հայտնվել.«Երեկ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի պատճառով կենտրոնական փողոցներում խցանում է եղել, ինձ փոխանցեցին, որ մոտ 50 հոգի հավաքված է եղել մուտքի մոտ, ովքեր ուշ հասնելու պատճառով չեն կարողացել ներս մտնել։ Նրանց թվում են եղել մեր գործընկերները` պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնց կարծիքը մեզ համար կարեւոր էր։ Տնօրինությունը մեզ տեղեկացրել է, որ դռները փակում են, սակայն այդ մարդիկ դրսում սպասել ու սառել են, իսկ դահլիճում ազատ նստատեղեր են մնացել։ Եվրոպական երկրների համերգասրահներում էլ փակում են դռները, բայց ծափահարությունների ընթացքում հսկիչները զգուշորեն տեղավորում են հանդիսականներին: Գոնե այդ կանոնը պահպանեն»։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին