×


“Փեդինգթոնի արկածները” ֆիլմի անգլիական ոճով երեւանյան պրեմիերան :)

“Սինեմա Սթար” կինոթատրոնում երեկ տեղի է ունեցել “Փեդինգթոնի արկածները” ընտանեկան կատակերգության առաջին ցուցադրությունը: Երեւանյան պրեմիերան անգլիական ոճով էր. կինոթատրոնի հետ համատեղ այն կազմակերպել էր Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

“Փեդինգթոնի արկածները” ֆիլմի երեւանյան պրեմիերային


Փեդինգթոն արջուկի գաղափարը 1956 թվականին տվել է BBC-ի օպերատոր Մայքլ Բոնդը: Նա խաղալիք արջ է գնում կնոջ համար, այնուհետեւ փոքր պատմություններ գրում արջուկի մասին: Հազիվ թե նա այն ժամանակ պատկերացներ, որ հեռավոր Պերուից եկած իր փոքրիկ արջն այդքան ճանաչված կդառնա Մեծ Բրիտանիայում եւ նրա սահմաններից դուրս: Այսօր Փեդինգթոն արջը գրքի եւ հեռուստատեսային հերոսից վերածվել է նաեւ գեղարվեստական ֆիլմի կերպարի:

Ֆիլմի դիտումից առաջ երեխաների եւ մեծահասակների համար կազմակերպվել է հյուրասիրություն Փեդինգթոնի սիրելի քաղցրավենիքով` մեղրով, մուրաբայով, թխվածքով եւ անգլիական ավանդական թեյով: Հրավիրվածներին ողջունել է Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմիաս Մորզը, որը եւս առաջին անգամ է դիտել ֆիլմը.“Հայաստանում շատ հաճելի օրեր եմ ունեցել, բայց այս ֆիլմի պրեմիերան առանձնահատուկ է ինձ համար: Այս արջուկի հեքիաթների ներքո սերունդներ են մեծացել, ես էլ մանկության տարիներին հեռուստացույցով դիտում էի արջի հումորային սկետչերը. հիշում եմ, որ նա վերջում միշտ խառնաշփոթ էր ստեղծում: Հեղինակն այնքան պատմություններ է գրել, որ 60 տարվա ընթացքում գրքերը վաճառվել են 35 միլիոն օրինակով ու թարգմանվել 40 լեզվով”:

Լիլիթ Քալանթարյանը եւ Ըմիաս Մորզը


Փոխդեսպանը նաեւ հայտնել է, որ բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնն այս տարի կմեկնարկի փետրվարի 14-ին եւ նվիրված կլինի սիրո թեմային. “Կցուցադրվեն բրիտանական արտադրության ֆիլմեր, որոնք սիրո, հաղթանակի, երջանկության համար մղվող պայքարի մասին են”:

“Փեդինգթոնի արկածները” ֆիլմում նկարահանվել են Նիկոլ Քիդմանը, Հյու Բոնեւիլը, Սալի Հոքինսը եւ ուրիշներ, պրոդյուսերն է` հանրահայտ Հարի Փոթեր ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ Հեյմանը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Լոնդոնում` 2014-ի նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ում եւ Կանադայում` հունվարի 16-ին, իսկ Ռուսաստանում եւ Հայաստանում` հունվարի 22-ին:

“Փեդինգթոնի արկածները” ֆիլմի երեւանյան պրեմիերային


Թե ինչ արկածների միջով է անցնում բարու եւ ճշմարտության համար պայքարող արջուկը, ինչպես է Պերուից հասնում Անգլիա եւ ընկերանում Բրաունների ընտանիքի հետ, կարող եք դիտել մեծ էկրանին անգլերեն կամ ռուսերեն տարբերակով: 95 րոպե տեւողությամբ ֆիլմի կարգախոսն է` “Խնդրում եմ, հոգ տարեք այս արջի մասին: Շնորհակալություն”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին