×


Փոլ Կարմիրյան.«Չգիտեմ` ինչ է սպասվում ինձ վաղը»

Նա իր ընտանիքում առաջինն էր, ով ծնվեց Միացյալ Նահանգներում, սակայն մեծացավ ու կայացավ հայկական ավանդույթներն ու լեզուն պահպանող ընտանիքում: Պարող, պարուսույց Փոլ Կարմիրյանն իր հայրենիքում հայտնի դարձավ «Պարիր, թե կարող ես» հեռուստաշոուի շնորհիվ` հաղթելով մրցույթում, սակայն չբավարարվելով իր այդ հաջողությամբ, մասնակցեց ամերիկյան նույն նախագծին, ճանաչվեց արական սեռի երեք լավագույն պարողներից մեկն ու մեկնեց հյուրախաղերի ԱՄՆ-ի ու Կանադայի ավելի քան 40 քաղաք: Փոլի անունն էլ ավելի հայտնի դարձավ, երբ բեմադրեց երաժիշտ Էդ Շիրանի «Thinking Out Loud» երգի տեսահոլովակի պարն ու նրա հետ մի շարք համերգների մասնակցեց: Պարող -պարուսույցը բացառիկ հարցազրույց է տվել BRAVO.am-ին` պատմելով պարի ուղին ընտրելու, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունները հաղթահարելու, հաջողություններից չբավարարված` անընդհատ կատարելագործվելու ու նորովի ներկայանալու մասին:

Փոլ Կարմիրյանը


Հայերենը չմոռանալու համար

Մեծացել եմ շատ ավանդական ու հայկական միջավայրում եւ մեր մշակույթն ու ավանդույթները պահպանող ընտանիքում: Հեքիաթներից, պոեմներից մինչեւ ավանդույթներ, լեզու եւ հայկական ոգի` ծնողներս մինչեւ այսօր ինձ փոխանցում են հայկական արժեքները: Տանը միշտ հայերեն եմ խոսում, որպեսզի լեզուն չմոռանամ:

Հաճույքի համար

Փոքր տարիքում շատ կարճ ժամանակով հայկական ժողովրդական պարի դասերի եմ հաճախել, բայց պրոֆեսիոնալ պարով սկսել եմ զբաղվել 17 տարեկանից: Բավականաչափ մեծ էի` հասկանալու, թե որքան հաճելի է ինքդ քեզ արտահայտել ու ներկայացնել շարժումների միջոցով: Առաջին քայլերս էլ արեցի «M Dance Studio»-ի լատինական պարերի բաժնում: Ուսուցիչս Գրիգորի Սեդրակյանն էր, ով էլ բացեց իմ աչքերը դեպի պարի ու ներկայացման աշխարհ:

Հաղթահարելով դժվարությունները

Սկզբնական շրջանում պարն ինձ համար ուղղակի հոբբի էր, որովհետեւ մինչեւ 17 տարեկան դրանով լուրջ չեմ զբաղվել: Երբեք չեմ մտածել, որ կարող է պարն իմ կարիերան դառնալ: Միշտ մրցել եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր սկսել են պարել 4 տարեկանից: Այդ պատճառով էլ կարծում էի, որ հնարավորություն չունեմ: Հաջողություններս ինձ շատ սպասեցնել չտվեցին: Երբ հաղթեցի մի շարք մրցույթներում, հասկացա, որ յուրահատուկ ինչ-որ բան ունեմ եւ կարող եմ պարի ուղղությամբ շարունակել: Դժվար շրջան էր, որովհետեւ ուսանող էի, միաժամանակ աշխատում էի երեք վայրում, որպեսզի կարողանայի պարի դասերի համար վճարել: Գիտեի, որ պետք է շատ-շատ աշխատեմ, որպեսզի հասնեմ նպատակներիս: Հեշտ չէր, շատ եմ սթրեսի ենթարկվել, ունեցել եմ հոգնածության պահեր, վնասվածքներ, անհաջող օրեր, խոչընդոտներ ու դժվարություններ, բայց ներքուստ վստահ էի, որ այդ ամենն արժե անել հանուն պարի, որովհետեւ անում էի մի բան, որն անչափ սիրում էի:

Փոլ Կարմիրյանը` պարային զուգընկերուհու հետ


Պարն ինձ համար ինքնարտահայտման միջոց է շարժման օգնությամբ: Երբ պարում եմ, իմ աշխարհում երանության մեջ եմ: Դժվար է բացատրել, թե ինչ է պարն ինձ համար, բայց կարող եմ փաստել, որ այն երջանկացնում է ինձ: Ես պատկերացնում եմ իմ կյանքն առանց պարի, բայց այն դեպրեսիայով լի կլինի:


Ամենակարեւորի մասին

Պարում հաջողության հասնելու համար պետք է ունենալ եւ´ լավ մարմին, եւ´ ճկություն, եւ´ զգացմունքայնություն: Ամենակարեւորն այն է, որ պետք է աշխատասեր լինել, անընդհատ մարզել մարմինն ու հանդիսատեսին համոզել, որ դու զգում ես այն, ինչ ներկայացնում ես:

Պարել սովորեցնելով Էդ Շիրանին

Էդ Շիրանի հետ աշխատելն ինձ համար շատ հաճելի ու հրաշալի հնարավորություն էր: Նա աշխարհահռչակ երգիչ է եւ հրաշալի անձնավորություն: Նրա հետ երկու շաբաթով շրջագայության էի մեկնել եւ սովորեցնում էի, թե ինչպես կարող է պարել իր «Thinking Out Loud» երգի տեսահոլովակի համար: Այդ ընթացքում շատ լավ ընկերներ դարձանք, եւ նա կարողացավ իր պարով ամբողջ աշխարհին շոկի ենթարկել: Մի քանի ամիս անց նրա հետ Գլազգոյում էի, որտեղ Էդ Շիրանը մասնակցում էր Եվրոպական երգերի մրցանակաբաշխությանը: Առաջին անգամ էր, որ բեմում նրա երգն ուղեկցվում էր պարային ներկայացմամբ: Սա ինձ համար անմոռանալի փորձ էր:



«Կարողացա ինքս ինձ հասկանալ»

 
Հայաստանյան ու ամերիկյան «Պարիր, թե կարող ես» նախագծերն ինձ օգնեցին հասունանալ ոչ միայն որպես պարող, այլեւ որպես մարդ: Նախագծերի շնորհիվ ես կարողացա ինքս ինձ հասկանալ: Ձեռք բերեցի շատ երկրպագուներ, ընկերներ ու մեծ փորձ: Շնորհակալ եմ այդ շոուի մի մասնիկը լինելու հնարավորության համար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ քաջալերեցին ու հաճույք ստացան իմ ներկայացումներից:

«Հուսով եմ` սա միայն սկիզբն է»


Ես շարունակում եմ ամեն օր պարել ու մարզվել: Նորություններ միշտ լինում են, անընդհատ ճանապարհորդելու, հիանալի բեմերում ներկայանալու, ոգեշնչող բեմադրություններ ստեղծելու եւ ֆիլմերում ու շոուներում ներկայանալու հնարավորություններ եմ ունենում: Վերջերս կոմերցիոն ծրագրի մասնակցելու բախտ ունեցա. Միացյալ Նահանգների փողոցներում, կանգառներում իմ մասնակցությամբ գովազդն էր տարածվել: Կարծում եմ` սա իմ գործի ամենախենթ մասն է, երբ չգիտես` հաջորդիվ քեզ ինչ է սպասվում, բայց հենց դա է իմ կյանքը հետաքրքիր դարձնում: Վերջերս հանդես եկա նաեւ որպես դերասան եւ երգիչ` մասնակցելով ֆիլմերի եւ հեռուստատեսային հաղորդոմների նկարահանումների: Հուսով եմ` սա միայն սկիզբն է եւ ավելին սպասվում է ապագայում:

Իմ բոլոր հաջողություններն էլ արժեքավոր են: Դրանք ինձ վրա մեծ ազդեցություն են ունեցել: Ես մեծ հաճույք ստացա` աշխատելով Անդրեա Բոչելլիի ու Էդ Շիրանի հետ, նաեւ ճանապարհորդելով «Պարիր, թե կարող ես» նախագծի շրջանակում: Գնահատում եմ նաեւ այն փոքրիկ հաջողությունները, որոնք ինձ հասցրին այս մեծ հաջողությունների շեմին:

Զրուցեց Գոհար Արամյանը/Bravo.am/
Լուսանկարները` paulkarmiryan.com-ի





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին