×


Քանի տարեկան է «Փոքրիկ իշխանը»

«Փոքրիկ իշխանը» ոչ միայն փոքրիկների, այլեւ մեծերի սիրելի գրական հերոսն ու հավատարիմ ընկերն է։ Բոլորդ էլ ճանաչում եւ սիրում եք այս իշխանիկին, իսկ գիտե՞ք, թե քանի տարեկան է նա:):

Ֆրանսիայում տոնում են «Փոքրիկ իշխանի» տարեդարձը


Ֆրանսիացի օդաչու, գրող եւ բանաստեղծ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այս նշանավոր ստեղծագործությունն իր հրատարակության 70-ամյակն է տոնում։ Աշխարհահռչակ հեղինակն այն գրել է 1942 թվականին` Միացյալ Նահանգներում, որտեղ էլ առաջին անգամ տպագրվել է մեկ տարի անց։ Հայրենիքում, սակայն, ստեղծագործությունը լույս է տեսել 1946 թվականին։

Ֆրանսիական ամենահայտնի ստեղծագործության տարեդարձը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում տոնի է վերածվել. անցկացվում են տարբեր միջոցառումներ եւ ցուցահանդեսներ։ Փարիզի հինգերորդ թաղապետարանի ցուցասրահում գիրքն իր էջերը բացել էր ցանկացած տարիքի այցելուի համար։ Այստեղ ներկայացված էին հեղինակի մասին հայտնի եւ դեռեւս անհայտ պատմություններ, գրքից հատվածներ, իսկ հերոսները մարմիններ էին ստացել եւ դարձել արվեստի գործեր, որոնց մի մասը երբեւէ ցուցադրված չի եղել։

Ցուցահանդեսի փոքրիկ այցելուն


Ցուցահանդեսի կազմակերպիչներն ասում են, որ ցանկացել են հեքիաթ-վիպակի անմահությունը ցույց տալ եւ նշել, որ «ամենակարեւորն աչքով չես տեսնի»։ 70-ամյակի միջոցառումների նպատակն է շեշտադրել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի` համամարդկային նշանակություն ունեցող մտքերը եւ հիշեցնել, որ յուրաքանչյուրիս ներսում երեխա է ապրում։

Ժամանակների հետ տարբեր հերոսներ են ի հայտ գալիս, սիրվում ու ընկերանում փոքրիկների հետ, իսկ այս իշխանիկն իր արդիականությունը չի կորցնում։ Անվերջ երեւակայություն ունեցող այս օդաչուն շատ այլ գրական ստեղծագործությունների հեղինակ է, բայց մեծ համբավ է ձեռք բերել հենց «Փոքրիկ իշխան»-ին ծնունդ տալով։
Պարզվում է, որ Սենտ-Էքզյուպերին նաեւ նկարելու տաղանդ է ունեցել` հենց ինքն է նկարել գրքի կերպարներին, որոնք բոլորն էլ խորհրդանշական են եւ սիրված։

Ֆրանսիայում տոնում են «Փոքրիկ իշխանի» տարեդարձը


Այս հեղինակը, ինչպես եւ իր հերոսները, միշտ էլ խորհրդավոր կերպար է եղել եւ մնացել անհայտ շատերի համար, եւ գուցե այդ խորհրդավորությունն է, որ գրավում է, ու «Փոքրիկ իշխանը» ընթերցում են բազմիցս եւ ամեն անգամ այն բացահայտում յուրովի։
Ազգություն չճանաչող այս գրական գլուխգործոցը թարգմանվել է 253 լեզվով եւ բարբառով, այդ թվում նաեւ հայերեն։

Տեքստը եւ լուսանկարները` Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին