×


Քենի Ուեյն.“Երեւանը գեղեցիկ կանանցով գեղեցիկ քաղաք է:)”

“Մեցցո” ակումբում երեկ բլյուզային ու ռոքնռոլային երեկո էր, իսկ օրվա հատուկ հյուրը Քենի “Blues Boss” Ուեյնն էր։ Բուգի-վուգի բլյուզ ժանրում կենդանի լեգենդ համարվող երաժիշտը Երեւան էր ժամանել իր գործընկերոջ՝ սոլո-կիթառահար եւ վոկալիստ Ջոս Լուիս Պարդոյի հետ։

Քենի “Blues Boss” Ուեյնի երեւանյան համերգին


Բուգի-վուգի, բլյուզ եւ ջազ դաշնակահարը ոչ միայն նվագել, այլեւ երգել է իր հեղինակային ստեղծագործությունները, հայ երաժիշտների հետ իմպրովիզներ արել, հանդիսատեսն էլ ձայնակցել է ու պարել։ Վառ կոստյումներ ու գլխարկներ նախընտրող երաժիշտը նույնքան վառ ու կենսախինդ է, որքան իր հագուստը։ Նա անմիջականորեն շփվում էր ներկաների հետ եւ փոխանցում իր դրական էներգիան։

Քենի Ուեյնին եւ Ջոս Լուիս Պարդոյին նվագակցել են շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, բաս-կիթառահար Ռոբերտ Մարգարյանը եւ հարվածային գործիքներ նվագող Հակոբ Օրդակյանը.“Առաջին անգամ ենք միասին նվագում, արդեն հասկացա, որ լավ երաժիշտներ են։ Մեզ համար հաճելի է նոր մարդկանց հետ աշխատել, մանավանդ, որ նրանք գիտեն մեր երգացանկը”, - ասել է Քենի Ուեյնը։

Քենի “Blues Boss” Ուեյնի երեւանյան համերգին


71-ամյա բլյուզմենը մինչեւ Երեւան ժամանելը ելույթ է ունեցել Ռուսաստանի մի քանի քաղաքում: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ նախորդ համերգները հրաշալի են անցել,  եւ չնայած հոգնեցուցիչ ուղեւորություններին, ամեն երկիր այցելելիս փորձում է առավելագույն հաճույք ստանալ։ Հայաստանում առաջին անգամ գտնվող Քենի Ուեյնը պատմել է, որ մեկ օրվա ընթացքում հասցրել է հյուրընկալվել առավոտյան հեռուստածրագրի, տեսել է Արարատ լեռը, այնուհետեւ եղել է Կասկադում.“Քանի որ լավ եղանակ էր, կարողացա ուսումնասիրել քանդակները, բայց աստիճաններով վերեւ չբարձրացա, երեւի կհոգնեի։ Երեւանը գեղեցիկ կանանցով գեղեցիկ քաղաք է:)”։

Ինչպես նշել է Վաշինգթոնում ծնված, ամերիկյան տարբեր քաղաքներում ապրած երաժիշտը, սիրում է ելույթ ունենալ ինչպես ակումբներում, այնպես էլ համերգային դահլիճներում.“Մեծ սրահներում հանդիսատեսի թիվը մեծ է, լավ զգացողություն է, բայց ակումբներում ավելի մտերմիկ մթնոլորտ է: Սիրում եմ տարբեր տեղերում նվագել ու տարբեր հույզեր ստանալ”։

Քենի “Blues Boss” Ուեյնի երեւանյան համերգին


Երաժիշտների երեւանյան ելույթի նախաձեռնողներից մեկը շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանն է, որը մեզ հետ զրույցում ասել է.“Մինչ Քենիի Երեւան գալը նրա հետ ծանոթ չէի, բայց ճանաչում էի նրա շրջագայության տնօրենին, որի միջոցով էլ պլանավորվեց այս համերգը։ Հայաստանում դժվար է լավ բաներ կազմակերպել, բայց եթե չանենք, ուրեմն ջազ ու բլյուզ միջազգային արտիստների չենք լսի”։

Այսօր հյուրերը կմեկնեն Հայաստանից` շարունակելու ելույթները Ռուսաստանում, այնուհետեւ կայցելեն Շվեյցարիա՝ մասնակցելու բուգի-վուգի միջազգային փառատոնի։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Մարինե Մելիքյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW