×


Քրիստինա Մանգասարյանն` ընտանիքի, աշխատանքի եւ Իվետա-Ջասթին զրույցի մասին

«Absolute» բենդի մեներգչուհի Քրիստինա Մանգասարյանը եւ բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանը կապված են ամուսնական եւ երաժշտական թելերով։ BRAVO.am-ը լուսանկարել է զույգին եւ նրանց առաջնեկին՝ 1 տարեկան 8 ամսական Վիկտորին։ «Հայաստանի ձայնը 2» նախագծից հայտնի երգչուհու հետ զրուցել ենք աշխատանքային, ընտանեկան թեմաների, ինչպես նաեւ «Եվրատեսիլ 2016»-ի մասին, քանի որ նա Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստներից մեկն էր։

Քրիստինա Մանգասարյանի ընտանիքը


Ես ու Գեւորգը միասին հիմնեցինք մեր բենդը, ինչի շնորհիվ միմյանց ճանաչեցինք ու ընտանիք կազմեցինք։ Ողջ օրն ամուսնուս հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք, մեր ելույթների թերություններին լուրջ եմ վերաբերվում, բծախնդիր եմ։ Միշտ ինչ-որ բանից  գոհ չեմ լինում, ինչն իրականում խանգարում է։

Ընտանիքում Գեւորգը նվիրված հայր է։ Անկեղծ ասած, ամուսնությունից առաջ չէի կենտրոնացել, թե ինչպիսին կլինի, միայն տեսնելով, որ երեխաներին սիրում է, կարծում էի՝ ամեն ինչ լավ պիտի լինի։ Սպասվածից շատ ավելի լավ պապա է, երեխայի հետ կապված հարցերում ավելի է անհանգստանում, քան՝ ես։                                                                                 

Երաժշտական փորձերը հիմնականում տանն ենք անում, իսկ մեր առաջին ունկնդիրը Վիկտորն է։ Մեկ տարեկանից լսողությամբ առանց բառերի երգում է։ Հայրիկի համար երգելիս նոտաները պա-պա-պա-ով է ասում, ինձ էլ դիմում է միմի, երգելիս էլ՝ մի-մի-մի։ Երեխան ամուսնուս հետ շատ կապված է, բայց ցանկալի է, որ մեզնից կախվածություն չունենա, քանի որ հաճախ երեկոյան աշխատանքի ենք լինում. տարբեր ակումբներում ենք ելույթ ունենում։ Մեր բացակայության ժամանակ նրան խնամում են մեր մայրիկները։

Գեւորգ Արզումանյանը` որդու հետ


Երեխային դաստիարակելիս ինձ համար կարեւոր է նրա ինքնուրույնությունը։ Կան բալիկներ, որոնք անհանգիստ լացում են, երբ ծնողն իրենց տեսադաշտում չէ, իսկ ես չեմ ուզում, որ այդպես լինի: Մի քիչ էլ մեծանա, մանկապարտեզ կհաճախի։ Մեր առաջին երկար բաժանումը «Եվրատեսիլ»-ի ժամանակ էր: Որքան էլ կապված լինի հայրիկի, տատիկ-պապիկի հետ, զգացի, որ նյարդային է եղել: Գիշերը լացելու սովորություն չունի, բայց վերադարձիս օրը երկար լաց էր լինում, չէինք կարողանում հանգստացնել:  Բարեբախտաբար, կարոտն առավ, եւ հաջորդ օրն ամեն ինչ անցավ:

«Եվրատեսիլ»-ի երգերի որակի մասին չխոսելով` չեմ կարող չնշել, որ շատ լավ կազմակերպված մրցույթ է։ Մեր պատվիրակության համար շատ հաճելի էր Ջասթին Թիմբերլեյքի հետ շփումը։ Համացանցում կա փոքր տեսանյութ եզրափակչից, երբ երգիչը ողջունում է Իվետային։ Դրա նախորդ օրը՝ գլխավոր փորձի ժամանակ, Թիմբերլեյքը կրկին մեր պատվիրակության մոտով էր անցնում, մեզ բարեւեց, ավելի երկար շփվեց Իվետայի հետ, նրան հիացական խոսքեր ասաց, բայց այդ պահին այնքան խառն էինք, որ չենք նկարել, միայն հաջորդ օրը տեսագրեցինք։

Գեւորգ Արզումանյանի եւ Քրիստինա Մանգասարյանի որդին


Ինձ համար ամենատպավորիչը կիսաեզրափակչի ելույթն էր ու հաղթական  տրամադրվածությունը:  Եզրափակչում սպասում էինք ավելի բարձր հորիզոնականի, Իվետան իսկապես ֆավորիտ էր: Այնուամենայնիվ, հաշվի առնելով իրավիճակը, լավ արդյունք ունենք։ Հաճելի էր տեսնել, որ տարբեր ազգերի լրագրողները նրա մասին դրական էին արտահայտվում, նա կարողացավ գրավել տարբեր տարիքի ու սեռի մարդկանց ուշադրությունը։

Այժմ վստահորեն պատրաստվում եմ նոր երգեր ներկայացնել: Եթե մինչեւ մրցույթը կասկածում էի, հիմա ստույգ գիտեմ, որ պիտի շատ աշխատեմ։  «Եվրատեսիլ»-ին ներսից հետեւելը երգչի համար վարպետության դաս է. հասկանում ես` բեմից դուրս ինչպես պետք է շփվես ու քո աշխատանքը մատուցես։  Այժմ նոր երգ է գրվում իմ ձայնային տվյալներին ու ոճին համապատասխան, հեղինակն էլ ուսումնասիրում է իմ ճաշակը։ Քանի որ համերգներին կատարում եմ սոուլ, ջազ, ֆանկ ոճերի համաշխարհային երգեր, այն կլինի իմ առաջին հեղինակային երգը, որն առաջիկայում կներկայացնեմ տեսահոլովակով։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին