×


Քրիստինե Պեպելյան. «Չափազանց ազդվել եմ, շատ ցավոտ էր»

Քրիստինե Պեպելյանն օրեր առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էր ապրիլի 8-ին ելույթ ունենալու նպատակով: Ինչպես արդեն հայտնել ենք, երգչուհին մենահամերգը հետաձգել է` տեղեկանալով Արցախի պատերազմի մասին։

Քրիստինե Պեպելյանը` Լոս Անջելեսում


Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է` այժմ հայերի համար ավելի կարեւոր երեւույթներ կան, քան համերգները.«Ես էլ ժողովրդից մեկն եմ, տրամադրություն չունեմ, հետաձգելը լավագույն ու ճիշտ լուծումն էր։ Չեմ կարծում` իմ մենահամերգը ամերիկահայերի համար ամենակարեւորն էր ու անհետաձգելի էր։ Որոշ ժամանակ կսպասենք, երբ նպատակահարմար ու հանգիստ իրավիճակ լինի, նորից կմեկնենք համերգի։ Օգտվելով առիթից` պիտի ասեմ, որ շնորհակալ եմ մարդկանց դրական վերաբերմունքի համար, որովհետեւ մեկ բան է, երբ դու որոշում ես ընդունում, բայց բոլորովին այլ զգացում է, երբ մարդիկ համաձայն են դրա հետ»։

Լոս Անջելեսում երգչուհին մենահամերգի օրը երգելու փոխարեն ամերիկահայերի հետ մասնակցել է ադրբեջանական իշխանության դեմ բողոքի ցույցին.«Համերգի չեղարկումը բերեց ֆինանսական կորուստների, որովհետեւ մեծ թիմով էինք մեկնել՝ երաժիշտներ, վարսահարդար, դիմահարդար, բայց այդ կորուստն անհամեմատելի է մարդկային կորստի հետ. ամեն զինվորի մահը մեր ազգի համար ցավալի է։ Վերջին օրերին տեսնելով, որ երիտասարդ զինվորների մասին տեսանյութերն ուղեկցվում են իմ «Հայ զինվոր» երգով` չափազանց ազդվել եմ, շատ ցավոտ էր: Չեմ կարող երգել, քանի դեռ եկեղեցիները պատարագ են մատուցում մեր մահացած զինծառայողների հիշատակի համար, դրանք համատեղելի չեն իրար հետ։ Երգիչները ժողովրդի մի մասն են, առանց մարդկանց մենք ոչինչ ենք ու այսօր ինչպե՞ս կարող ենք հաշվի չառնել բազմաթիվ ընտանիքներում տիրող ցավալի իրականությունը»։

Քրիստինե Պեպելյանը


Վերադարձից հետո Քրիստինեն հանդիպել է իր գործընկերների հետ եւ քննարկել, թե ինչով կարող է օգտակար լինել.«Շուշան Պետրոսյանն առաջարկեց, որ միանանք ու գնենք տեխնիկական միջոցներ, որոնք պիտի ծառայեն մեր բանակին։ Արցախը հայերինն է, այդքան արյուն է թափվել, մեծ երազանք ունեմ, ինչպես բոլորս, որ այս հարցում արդարացի ու որոշիչ լուծում ունենանք»։

Ի դեպ, երեկ երգչուհու տարեդարձն էր, բայց չի նշել.«Ճիշտն ասած, չեմ ուզում ծննդյանս օրվա շուրջ հատուկ ուշադրություն գրավել: Շնորհակալ եմ բոլոր շնորհավորողներին, բազմաթիվ մաղթանքներ եմ ստացել, շնորհակալ եմ գնահատականի ու սիրո համար»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին