×


Քրիստինե Պեպելյան.«Ուզում էի վայելել իմ տարին»

Քրիստինե Պեպելյանի հետ BRAVO.am-ն այս անգամ զրուցել է սիրո, վաղը կայանալիք համերգի, նոր տեսահոլովակի մասին, եւ ոչ միայն: Նախորդ տարին երգչուհու համար չնշանավորվեց ակտիվ գործունեությամբ: Պարզվում է՝ պատճառն առանձնանալու ցանկությունն էր:

Քրիստինե Պեպելյանը


«Ուզում էի հանգստանալ, վայելել իմ տարին: Բացի այդ, ստեղծագործող մարդու կյանքում ընդմիջումները պարտադիր են: Եթե պատրաստվում ես երկար ճանապարհ անցնել, պետք է ժամանակ առ ժամանակ կանգ առնես, նայես հետ, հասկանաս ու ընկալես արածդ աշխատանքի արդյունավետությունն ու հետո նոր առաջ գնաս: Միայն արագ առաջ գնալով՝ երկար ճանապարհ չես անցնի: Բայց այս տարին, կարծես թե, խոստանում է լինել ակտիվ: Շատ պլաններ ունեմ, որոնք պետք է իրականացնել 2017-ի ընթացքում: Տարբեր համերգների մասնակցելու առաջարկներ ունեմ, մեկնելու եմ Մոսկվա, Փարիզ: Աշխատում եմ իմ նոր տեսահոլովակի վրա, որը տարվա ընթացքում կհանձնեմ հանդիսատեսի դատին»,-ասել է նա:

Խոսելով սպասվելիք համերգների մասին՝ երգչուհին նշել է, որ այս տարվա առաջին բեմելը կլինի երեւանյան հանդիսատեսի համար.«Այն նվիրվում է սիրո տոնին, բոլոր սիրահար զույգերին: Երգելու եմ Միհրան Ծառուկյանի հետ»: Այնուհետեւ պետք է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Արամեի` Կրեմլի դահլիճում կայանալիք համերգին, ապա կուղեւորվի Փարիզ, որտեղ կկայանա մեծ մրցանակաբաշխություն՝ աշխարհի տարբեր երկրներից հայազգի արտիստների մասնակցությամբ:

Քրիստինե Պեպելյանը


«Կարծում եմ՝ շրջագայությունից հետո միայն կկարողանամ անդրադառնալ իմ տեսահոլովակին: Երգը եւս սիրո մասին է, եւ, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել բոլոր սիրահար զույգերին սիրո տոնի առթիվ եւ մաղթել, որպեսզի նրանք առիթը բաց չթողնեն իրար ասելու, որ սիրում են, ոչ թե գրեն այդ մասին սոցիալական ցանցերի էջերում: Մեր օրերում համացանցը շատ խնդիրներ է լուծում ու շատ է հեշտացրել կյանքը, բայց այն երբեք չպետք է փոխարինի մարդկային իրական հարաբերություններին, մտերմիկ հանդիպումներին ու զրույցներին: Համացանցը մարդու լավագույն հայտնագործություններից է, բայց այն պետք է ճիշտ օգտագործել: Համացանցից դուրս կյանքն ավելի հետաքրքիր է: Ուզում եմ, որ մեր երիտասարդները գնահատեն այն մարդկանց, ովքեր իրենց կողքին են: Ես շատ չեմ սիրում խոսել սիրո կամ սիրելու թեմայով, որովհետեւ դրա մասին խոսելը սխալ է. պետք է քո արարքով, վերաբերմունքով ցույց տաս, որ սիրում ես»,- եզրափակել է Քրիստինեն:

Տեքստը՝ Աիդա Ղարիբյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW