×


Քրիստինեն, Մարիաննան, Անահիտը, Վակցինան, Նարինեն չեն ծխում. դու էլ հետեւիր նրանց օրինակին

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է. 1987 թվականից այս օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է որպես “Առանց ծխախոտի օր”: Մասնագետները պարբերաբար ահազանգում են ծխախոտի բացասական հետեւանքների մասին, ամեն տարի այս օրը կազմակերպվում են հակածխախոտային ակցիաներ ու միջոցառումներ: 

BRAVO.am-ը զրուցել է այն հայտնիների հետ, որոնք չեն ծխում եւ չեն վնասում իրենց առողջությունը: Ի դեպ, նրանց թիվը շոու-բիզնեսում այնքան էլ մեծ չէ:

DJ Վակցինան


DJ Վակցինան մեկ անգամ ծխել է 14 տարեկանում

DJ Վակցինան, որն առողջ ապրելակերպի ակտիվ ջատագով է, արդեն 4-րդ տարին է` մասնակցում է հակածխախոտային ակցիաների: Այսօր եւս Արուսիկը հասցրել է նվագել  ծխելու դեմ պայքարին նվիրված միջոցառմանը եւ հնչեցնել ակումբային երաժշտություն: Նա վստահ է, որ հակածխախոտային ակցիաներն իրենց դրական ազդեցությունն ունենում են ծխողների վրա. “Օրինակ, Անգլիայում չծխելու հետ կապված քարոզչությունը տարիների ընթացքում 50 տոկոսով կրճատել է թոքերի քաղցկեղի դեպքերը, ինչը լավ արդյունք է: Հայաստանում դեռ նոր ենք քայլեր անում, ինքս ինչով կարողանում, օգնում եմ: Մարդիկ պետք է հասկական, որ ծխելը նորաձեւության հետ կապ չունի, այժմ Եվրոպայում չծխելն ավելի նորմալ ու ժամանակակից է համարվում”:

Արուսիկն անկեղծորեն ասել է, որ 14 տարեկանում ընկերուհու խորհրդով մեկ անգամ փորձել է ծխել. “Հասկացա, որ դա հիմարության գագաթնակետն է, դրանից հետո երկրորդ անգամ չեմ փորձել ու չեմ էլ փորձի: Ծխելու մեջ իմաստ չկա, բացի գումար ծախսելուց, վնասում ենք առողջությունը: Չեմ վախեցնում, ուղղակի առողջ մարդը կյանքում ավելի շատ բանի կհասնի, քան կախվածության մեջ գտնվող թույլ մարդը”:

Մարիաննա Հովհաննիսյանը


Մարիաննային նյարդայնացնում են ծխող աղջիկները

Մարիաննա Հովհաննիսյանը տեղյակ է, որ այսօր միջազգայնորեն պայքարում են ծխելու դեմ: Երգչուհու շրջապատում գերակշռում եմ չծխող մարդիկ. “Մեր ընտանիքում ոչ ոք չի ծխում, բայց նշանածս` Արմանը, ծխող է, ես էլ պայքարում եմ, ահագին քչացրել է: Երեւի այնպիսի բառեր եմ ասում, որ ծխելը չի գալիս:)”:

Երգչուհուն հատկապես նյարդայնացնում է, երբ տեսնում է ծխող աղջիկների. “Չեմ հասկանում` ինչ տենդենց է մտել, ինչու են կոմպլեքսներից ազատվում ծխախոտի միջոցով: Երեւի ծխելը աղջիկներին ինքնավստահություն է տալիս, իբրեւ թե կայացած են: Եթե մի քանի տարի առաջ ծխող կինը կարող էր համարվել նորաձեւ, հիմա հակառակն է: Հայաստանում ամեն ինչ ուշ է տեղ հասնում, ծխելու տենդենցն էլ այստեղ դեռ կա: Երբ Սոֆի Լորենը կամ Կոկո Շանելը նազանքով ծխում էին, այդ ժամանակ խոսք չէր կարող լինել հայ կանանց ծխելու մասին: Շատ վատ է, որ ծխող կանանց քանակը Հայաստանում մեծ է”:

Նարինե Դովլաթյանը


Նարինե Դովլաթյանն աղջիկներին  խորհուրդ է տալիս ծխելուց առաջ մտածել

Նարինե Դովլաթյանը տանել չի կարողանում ծխախոտի հոտը եւ կտրուկ դեմ է ծխելուն. “Կապ չունի` աղջիկ է, տղա, մեծ կամ փոքր, բոլոր դեպքերում վատ երեւույթ է: Զարգացած երկրներում ծխելն արդեն բնորոշվում է որպես ցածր խավի մարդկանց զբաղմունք, հասարակական վայրերում արգելվում է, ինչը շատ լավ է”:

Նարինեի խոսքերով` իրեն երբեմն համոզում են ծխել, բայց չի էլ ցանկանում փորձել. “Ահավոր չեմ սիրում, վստահ ասում եմ, որ ոչ ոք չի կարող ինձ համոզել: Լավ է, որ շատ տեղերում կան առանձին սրահներ չծխողների համար, երբ մի տեղ հավաքված ենք լինում, ասում եմ, որ պասիվ ծխողներին ընդառաջեն: Ինձ թվում է` կանայք առաջ էլ ծխել են, բայց հիմա բացեիբաց են ծխում հասարակական վայրերում: Բայց աղջիկները ծխելուց առաջ պետք է մի քիչ խոր մտածեն, հիշեն, որ մայրանալու են…”:

Անդրե Սիմոնյանը


Անդրե Սիմոնյանը չի սիրում, երբ իր մատներից ծխի հոտ է գալիս

“The Beautified Project” ռոք-խմբի հիմնադիր եւ վոկալիստ Անդրե Սիմոնյանը եղել է ակտիվ ծխող, իսկ այժմ փորձում է հազվադեպ ծխել. “Միայն շաբաթը մեկ-երկու անգամ սուրճ խմելիս եմ ծխում, հատուկ հետս չեմ վերցնում, ընկերներիս էլ ասում եմ, որ մեկ հատից ավելի չտան: Ինքս ինձ թույլ չեմ տալիս, որովհետեւ ծխի հոտը մատներիս վրայից է գալիս, շատ տհաճ է”:

Ծխելը թողնելու որոշումը կիթառահարը կայացրել է մոտ երեք տարի առաջ. “Ծխողի վրայից շատ անդուր հոտ է գալիս, ինչը թարգելու առաջին պատճառն էր, թե չէ երգելուս չի խանգարել: Կապ չունի աղջիկն է ծխում, թե տղան, այդ հոտը կա”:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինե Պեպելյանը չի սիրում, երբ իր ներկայությամբ ծխում են

Քրիստինե Պեպելյանը չի ծխում եւ չի սիրում, երբ իր ներկայությամբ ծխում են. “Կարծում եմ` մարդիկ քիչ-քիչ սենյակային տարածքներում ծխելու փոխարեն բացօթյա տեղերում են ծխում, հատկապես եթե շրջապատում կան չծխողներ”:

Երգչուհու կարծիքով, այն մարդիկ, որոնք անգամ չեն փորձել, լինելով ծխող մարդկանց միջավայրում, կարող են համարել, որ փորձել են. “Անկախ մասնագիտությունից, մարդիկ ծխում են, բայց շոու-բիզնեսի մարդիկ ավելի շատ են աչքի ընկնում: Չգիտեմ` մոդայիկ է, թե ոչ, բայց լավ կլինի, որ վատ սովորություն չդառնա եւ շուտ կարողանան այդ հետաքրքրությունը մի կողմ դնել”:

Անահիտ Սիմոնյանը եւս չծխող երգչուհիների շարքում է

“Ամեն մարդու իրավունքն է, եթե ուզում է, թող ծխի, բայց դեմ եմ երեխաների մոտ ծխելուն. շատ վնասակար է փոքրիկների առողջությանը: Երբ հղի էի, շատ վատ էր անդրադառնում այդ հոտն ինձ վրա, ասում էի, որ չծխեն, բայց հիմա ավելի թեթեւ եմ տանում”, - հայտնել է երգչուհին՝ ավելացնելով, որ ամուսինը` Հայկոն, եւս չի ծխում:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Անահիտ Սիմոնյանին Ռուսաստանում բնակվելու ժամանակ` դպրոցական տարիներին դասընկերները փորձել են համոզել ծխել, բայց իրեն հեռու է պահել. “Ասում էին` ընդունված տարբերակ է, բոլորը ծխում են, դու էլ ծխի, վատ չի, նորաձեւ է, բայց ինձ զերծ եմ պահել եւ ասել, որ լավն այն է, որ տարբերվես բոլորից եւ առողջ ապրես”:

Ավելացնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում թոքերի քաղցկեղից մահերի 90 տոկոսը, խրոնիկական բրոնխիտից մահերի 75 տոկոսը եւ սրտի իշեմիկ հիվանդությունից մահերի 25 տոկոսը պայմանավորված են ծխելով:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW